Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Նալբանդյանի փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցը Հայաստանում մերժվեց

Հուլիս 19,2013 13:59

Դատական քննություններն անցկացվեցին ՀՀ վարչական դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանի նախագահությամբ: Այն, որ Արան ծնվել է 1991թ.  Հայաստանում, դա էլ հիմք էր հանդիսացել, որպեսզի ՀՀ  տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը դադարեցներ նրա փախստականի կարգավիճակը՝ 2009 թվականին: Արայի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշումը ՄՊԾ-ն 3 տարի չէր տրամադրում, որպեսզի Արան կարողանար որոշումը բողոքարկել դատարաններում: 2009 թվականին դադարեցվել է նրա կարգավիճակը, իսկ որոշումը փախստականը ստացել է 2012թ.: Նշենք նաեւ, որ Արան առաջին անգամ փախստականի վկայական է ստացել 2007թ.: Դրանից հետո նա ստացել էր փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, որը փոխարինում էր վկայականին եւ որի միջոցով էլ կարող էր նաեւ ներս ու դուրս անել Հայաստանից: Արայի փախստականի կարգավիճակը դադարեցվել էր, քանի որ ՄՊԾ-ն ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից տեղեկացել էր, որ Արան ծնվել է Հայաստանում եւ չի կարող ճանաչվել փախստական: Միեւնույն ժամանակ, երբ ՄՊԾ-ն հարցում է արել ԱՎՎ-ին, ապա ԱՎՎ-ն պատասխանել է, որ Արան չի համարվում Հայաստանի քաղաքացի, քանի որ նրա քաղաքացիության մասին տեղեկություններ չկան: Ի՞նչ կարգավիճակում է Արան, եթե ՄՊԾ-ն տեղեկացնում է, որ նա փախստական չէ, իսկ դատարանը դա հաստատում է, ապա ԱՎՎ-ն էլ պնդում է, որ Արան Հայաստանի քաղաքացի էլ չէ: Արան վարչական դատարանի վճիռը բողոքարկել է վարչական վերաքննիչ դատարանում: Դեռ ծանուցում  չի ստացել՝ հայցը վարույթի ընդունելու մասին:

Հիշեցնենք, որ Արայի փախստականի կարգավիճակը դադարեցվել էր «Փախստականների մասին» ՀՀ օրենքի հիման վրա, որն ուժը կորցրած է համարվել 24.01.2009թ., իսկ դրան փոխարինած «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում հստակ մեկնաբանվում են փախստականի ճանաչումը եւ ապաստանի տրամադրումը դադարեցնելու հիմքերը: ՄՊԾ-ն Արային փախստական չճանաչելու պարագայում առաջնորդվել է ոչ թե «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի այդ դրույթներով, այլ այն օրենքներով, որոնք չեն տալիս հինավորում փախստական չճանաչելու մասին:

Ստորեւ ներկայացնում ենք «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի հոդված 10-ի ենթակետերը՝ փախստականի ճանաչումը եւ ապաստանի տրամադրումը դադարեցնելու հիմքերի ցանկը, որին ՄՊԾ-ն ուշադրություն չի դարձնում, երբ դադարեցնում է փախստականի կարգավիճակը եւ որոշման մեջ վերնագրում՝ «Որոշում՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական չճանաչելու մասին»:

Անձը դադարում է փախստական ճանաչվել, եթե նա՝

1) կամավոր կրկին ընդունել է այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էր, կամ

2) կորցրած լինելով իր քաղաքացիությունը՝ կամավոր վերաստանձնել է այն, կամ

3) ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կամ որեւէ այլ պետության քաղաքացիություն եւ օգտվում է այդ պետության պաշտպանությունից, կամ

4) կամավոր վերահաստատվել է այն երկրում, որը լքել էր կամ որից մեկնել էր հետապնդման երկյուղի պատճառով, կամ

5) այլեւս չի կարող մերժել այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին է, որովհետեւ այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ, կամ

6) չունենալով քաղաքացիություն՝ ի վիճակի է վերադառնալ իր նախկին բնակության երկիրը, քանի որ այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ, կամ

7) անձնական պատճառներով այլեւս չի ցանկանում համարվել փախստական:

Այդ ենթակետերից ոչ մի կետ  չի կիրառվել, որպեսզի Արային չճանաչեն փախստական կամ դրա հիման վրա դադարեցնեն նրա փախստականի կարգավիճակը: Արայի քույրը՝ Սյուզաննան, ծնված 1992թ., վերցրել է Հայաստանի քաղաքացիություն, սակայն մինչ հիմա շարունակում է հաշվառված մնալ փախստականների ցանկում, իսկ Արան, որ ծնվել է 1991թ.  եւ չի համարվում  ՀՀ քաղաքացի, դուրս է հանվել փախստականների հաշվառումից այն պարագայում, երբ ինքը փաստացի համարվում էր փախստական:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031