Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա ի՞նչ վերաբերմունք է, մեր առաջ դո՞ւռ եք փակում». Բողոքի ալիք՝ քաղաքապետարանի մոտ (Տեսանյութ)

Հուլիս 19,2013 13:54

Այսօր Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին տեսնելով՝ քաղաքապետարանի ներսից անմիջապես փակեցին մուտքի դռները:

Ա

կցիայի մասնակից, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը բարկացավ ու ոստիկանների հետ սկսեց վիճել. «Սա ի՞նչ վերաբերմունք է, ո՞ւմ առաջ եք դուռը փակում, ինչո՞ւ են փակել դռները: Մենք իրավունք ունենք պահանջել հանդիպում՝ համապատասխան չինովնիկների հետ: Մեր հարկերով վճարած կոնդիցիոներներով հով սենյակներում այնտեղ նստել եք, մեր առաջ դո՞ւռ եք փակում»:

Ոստիկանները ճշտեցին՝ հիմա կոնկրետ ո՞ւմ հետ եք հանդիպում պահանջում: Ակցիայի մասնակիցները ուզում էին տեսնել տրանսպորտի վարչության պետին՝ Նավասարդյանին: Մասնակիցների խոսքերով՝ երեկվա իրենց բացատրությունները չեն բավարարում, պետք է մանրամասն բացատրեն, ինչո՞ւ իրենք պետք է վճարեն 150 դրամ:

Ակցիային մասնակցում էր նաեւ բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ուղեվարձի թանկացումը շղթա է. «Եթե այստեղից սկսվի, կամ նա թույլ կետն է, այդտեղից բարձրանալու է: Դա համակարգային է: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում անընդհատ քննարկվում է օֆշորային հսկայական միլիոնների մասին, այնտեղ կարծես թե իշխանություն չկա, ոչ մեկը չի անդրադառնում կամ անդրադառնում է շատ անհասկանալի ձեւով, իսկ այստեղ հստակ հաշվում են: Այսինքն, այնտեղ չեն կարողանում հաշվել իրենց միլիոնները, այստեղ կոպեկները հաշվում են: Իմ կարծիքով, ինձ համար ուղղակի վիրավորական է: Ես հասկանում եմ, որ հասարակության հսկա շերտերի համար դա կենսական է: Ես կարող եմ վճարել, բայց ես չեմ վճարի, որովհետեւ վիրավորական է, որ այս վիճակում այդպես են անում»:

Մեր դիտարկմանը, որ ասում են՝ պահեստամասերի համար է պետք, քսայուղերի, դիզվառելիքի, որ չեն կարողանում ծախսերը ծածկել, այդ բացատրություններն ինչքանո՞վ են հիմնավոր՝ Մարինե Պետրոսյանը պատասխանեց. «Էէէհ, ասում են: Ուրիշ վիճակում, եթե նորմալ կառավարություն լիներ ու տեսնեիր, որ ինքը իսկապես մտածում է, կարող է եւ համաձայնեի: Այսինքն, խնդիրը ոչ միայն ասվածն է, այլ կոնտեքստը, որում դա ասվում է: Ես ճիշտն ասած հասարակության խավերին, որոնք սոցիալապես վատ վիճակում չեն, կոչ կանեի զուտ որպես սոլիդարություն մասնակցել այս բոյկոտին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից որոշում է կայացվել երթուղայինների ուղեվարձը դարձնել 150 դրամ՝ 100 դրամի փոխարեն:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031