Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանկացումն անդրադառնում է մշակույթի վրա»

Հուլիս 19,2013 13:49

Համոզված են ճանաչված արվեստագետները

ՄԻ շարք ոլորտներում տեղի ունեցած թանկացումները, բնականաբար, իրենց ազդեցությունը կունենան նաեւ մշակույթի վրա: Այս առիթով «Առավոտը» լսեց  որոշ արվեստագետների խոսքը:

Ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը հավաստիացրեց, որ վերջերս էստոնացի բժշկից տեղեկացել է, թե Էստոնիայում օրենք կա. ալկոհոլի ու ծխախոտի վաճառքից ստացված գումարի որոշակի տոկոսը հատկացնել մշակույթին. «Գրեթե համոզված եմ, որ 4 հոգանոց երաժշտասեր ընտանիքում այսուհետ  անախորժություններ կծագեն որեւէ համերգի հաճախելու առիթով, քանի որ հասկանալի պատճառով պետք է խնայել ընտանեկան բյուջեն: Մինչեւ հիմա ավտոմեքենայիս «երկուսանոց» բալոնը լիցքավորում էի 3200 դրամ, հիմա այն աճել է 800-ով, մինչդեռ հայտարարվել է, որ գազը թանկացել է 200-300 դրամով»:

Բեմադրիչ Ռուբեն Բաբայանին այս պահին հետաքրքրում է միայն մի բան. ինչպես անել, որ չբարձրանա մշակութային օջախների տոմսերի արժեքը. «Անկասկած, չես գտնի նույնիսկ մոլի թատերասեր, որ հացի փոխարեն թատրոնի տոմս գնի: Իհարկե, կփորձենք չբարձրացնել տոմսի արժեքը, բայց…»:

Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն, օրինակ, կարծում է, որ թանկացումը չի անդրադառնա մշակութային օջախների տոմսերի գնի վրա. «Մենք գործ ունենք տարբեր ոլորտների կամ բնագավառների հետ՝ կենցաղ եւ ստեղծագործական մտածելակերպ, գեղագիտություն ու նյութական… Չէ, տարբեր ոլորտներ են, մեկը մյուսի հետ կապ չունեցող: Սա պատմություն պետք չէ սարքել»:

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի խոսքերով՝ թանկացումն ուղիղ համեմատական է մշակույթին. «Ավելին, մշակույթի ոլորտի վրա կազդի նույնիսկ էժանացումը»:

Դիրիժոր Ռոբերտ Մլքեյան. «Նույնիսկ երաժշտասերի համար համերգները արդեն կմղվեն երկրորդ, երրորդ պլան: Մնում է հուսալ, որ գոնե «մշակութային տոմսերը» չթանկանան»:

Դերասան Միքայել Պողոսյանն էլ է կարծում, որ թանկացումը կազդի մշակույթի վրա. «Մնում է զինվել համբերությամբ… Կամ գուցե էնքան վատանա, որ սկսի լավանալ»:

Նկարիչ Ռոբերտ Էլիբեկյան. «21-րդ դարը ոչ միայն մեզ, աշխարհին է խաղի կանոններ թելադրում: Անկասկած, փոքր ենք, բայց պինդ ազգ ենք, հազար ու մի անելանելի իրավիճակներից ենք դուրս եկել: Լավ, թանկացրին, գուցե խելամիտ գտնվեն ու ստացված եկամտից որոշ տոկոս հատկացնեն մշակույթին…»:

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի խոսքերով՝ նույնիսկ 1-2 ոլորտի թանկացումն անմիջական կապ ունի բոլոր ոլորտների հետ. «Թանկանալը՝ թանկացավ, հույս չունենանք, որ էժանանա: Ուրեմն ի՞նչ, արվեստագետներս սկսենք առաջնահերթ մտածել փող աշխատելո՞ւ մասին: Ստացվում է այդպես: Կոնկրետ ինձ մոտ գալիս են, ասենք, պատվիրատուներ, ու ես արդեն ստիպված եմ մինչ այժմ եղած գնից ավելին պահանջել»:

Բանաստեղծ Արտեմ Հարությունյանի համոզմամբ՝ «Թանկացումների հետեւանքով, միանշանակ,  կսկսենք քիչ հաճախել մշակութային միջոցառումների… Հնարավոր է՝ ժամանակ առ ժամանակ արվեստի մետաֆիզիկ աշխարհ մտնելու տրամադրություն էլ չունենանք, որովհետեւ մարդու հուզաշխարհը կապվում է առաջին հերթին միջավայրի եւ տնտեսության, մասնավորաբար՝ վերջինիս հզորացման հետ: Թեեւ սա չի նշանակում, որ մեր ֆանտազիան չի տրոհվում, բարձրանում, դառնում մի հզոր երեւույթ, բայց արվեստը, օրինակ՝ պոեզիան,  պայմանավորված է իր միջավայրով ու հասարակարգով: Չմոռանաք, որ ի վերջո պոեզիայի բուն արմատը սոցիալական տեսիլքն է, իսկ հենց պոեզիան է, որ ժամանակի հետ կապ ունի»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պարոն Ս. Դանիելյան, բավական է անընդհատ նույն մարդկանց տեսակետը ներկայացնեք: Կան, բազմարիվ այլ ճանաչված արվեստագետներ, որոնց կարծիքն իմանալը, նույնպես՝ հետաքրքիր է: Հարգանքով՝ Ա. Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031