Ազգային թատերական ստեղծագործական միավորումը (ԱԹՍՄ) իրականացնում է նախագծեր, որոնք ուղղված են թատերական կյանքի ակտիվացմանը, երիտասարդական նախաձեռնությունների խրախուսմանը: Այս տարի ԱԹՍՄ-ի կողմից իրականացված «Թատրոն X» 6-րդ հանրապետական փառատոնից բացի, միավորման նախաձեռնությամբ «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում նշվեց Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակը, «Բյուրոկրատ» գրախանութում կազմակերպվեց Հենրիկ Հովհաննիսյանի «Ստանիսլավսկու «սիստեմը» եւ խաղի պարադոքսը» գրքի շնորհանդեսը, կազմակերպվեցին թատերական քննարկումներ «Երկաթ» ակումբում եւ այլն: Իսկ ինչ է նախատեսվում իրականացնել մինչեւ տարեվերջ՝ «Առավոտը» փորձեց ճշտել թատերագետ, ԱԹՍՄ նախագահ Արա Խզմալյանից:
«Մշակույթի նախարարության աջակցությամբ յուրաքանչյուր տարի իրականացնում ենք Երիտասարդ բեմադրիչների աջակցման նախագիծը, որը նպատակ ունի խրախուսելու նրանց նորարարական միտումներն ու մեր երկրում նոր թատերական ձեւերի բացահայտմանը,- նշեց պարոն Խզմալյանը՝ շարունակելով,- ժյուրիի կազմում մշտապես ընդգրկվում են ոլորտի լավագույն երիտասարդները, ովքեր իսկապես փայլուն հաջողություններ են արձանագրում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային տարբեր փառատոներում: Նախագծի շրջանակներում իրականացված բեմադրությունները նույնպես արժանանում են միջազգային թատերական փառատոների մրցանակներին ու դիպլոմներին: Օրինակ, այս տարի նախագծի մրցույթին հաղթել է Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոս, բալետմայստեր Աիդա Սիմոնի «Pro-Շամիրամ» պարային-պլաստիկ բեմադրությունը, որի պրեմիերան նախատեսվում է աշնանը: Շատ ենք կարեւորում այս նախագիծը, որովհետեւ այն հնարավորություն է տալիս պետական օղակների ուշադրության կենտրոնում պահել նաեւ ոչ պետական խմբերը»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ շատ շուտով լույս կտեսնի Սուրեն Հասմիկյանի «Լռության գեղագիտությունը 20-րդ դարի դրամատուրգիայում» երկլեզու գիրքը, որի շնորհանդեսը կկազմակերպվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացվող «Ներկայի վերականգնումը» ամենամյա դրամատուրգիական փառատոնի շրջանակներում: ԱԹՍՄ նախագահը հավելեց նաեւ, որ սեպտեմբերից նախատեսվում է կազմակերպել ստեղծագործական հանդիպում դերասան-բեմադրիչ, Երեւանի կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Դավիթ Հակոբյանի հետ, նշելով, որ նպատակ ունեն նման հանդիպումները դարձնել պարբերական: Պարոն Խզմալյանն ասաց նաեւ, որ նախապատրաստվում են «Թատրոն X» 7-րդ հանրապետական փառատոնին, որի շրջանակում 2014թ. սպասվում են հետաքրքիր նորություններ:
Ս. Դ.
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ