Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություններին վերջակետ է դրել

Հուլիս 19,2013 13:43

Լրացավ ժամանակակից հայ գրականության ամենաերեւելի դեմքերից մեկի՝ Պերճ Զեյթունցյանի ծննդյան 75-ամյակը:

1960-70-ական թթ. ամենամոդեռն ու գրական հեղափոխություններ բերող վարպետը արձակում, դրամատուրգիայում, ինչպես նաեւ կինոսցենարական արվեստում թարմ հոսանքներ բերեց: Առաջին հերթին նա հաստատեց ժամանակի մարդու իդեալը, իսկ պատմական թեմաները դիտարկեց խիստ արդիական մոտեցումներով եւ ավերեց պատմավեպի կարծրատիպը:

Հիշենք արվեստագետի նշանավոր դարձած «Արշակ Երկրորդ» պատմավեպը, որի կենտրոնում մարդն է՝ սեփական ուրախություններով ու ողբերգություններով:

Զեյթունցյանի «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» եւ «Երեւանի օրերի խրոնիկան» ֆիլմերի սցենարները նոր կինոլեզվի հիմք դրեցին: Իսկ իբրեւ դրամատուրգ՝ իր ստեղծագործություններում առաջին պլան մղեց հրապարակախոսական թատրոնի մոդելը: Մասնագետների խոսքերով՝ Զեյթունցյանը թատրոն բերեց դրամաքրոնիկի ժանրը: Ասվածի վկայությունն են «Ոտքի, դատարանն է գալիս», «Անավարտ մենախոսություն», «Աստվածների կանչը», «Հիսուս Նազովրեցին եւ նրա երկու աշակերտները», «Վերջին խաղը», «Փարիզյան դատավճիռ» եւ մյուս գործերը: Վերջին տարիներին արվեստագետը հիմնականում գրում է ցեղասպանությանը նվիրված պիեսներ՝ «100 տարի անց», «Փարիզյան դատավճիռ», «Ոտքի, դատարանն է գալիս»:

«Առավոտը» անվանի գրողին շնորհավորելով ծննդյան օրվա կապակցությամբ, հարցրեց՝ ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություններով կավարտվի՞ շարքը, թե՞ առաջիկայում կան նոր ծրագրեր:

«Կարծում եմ՝ ցեղասպանության թեմայով ինչ որ պետք էր՝ թղթին եմ հանձնել եւ այս պահին, դրա հետ կապված, ճիշտն ասած՝ ավել բան չեմ տեսնում: Հանրահայտ է, որ էդ ոսկորը թուրքերի կոկորդին է մնացել: Ճիշտ է՝ քաղաքակիրթ շատ երկրներ են ճանաչել Մեծ եղեռնը, դեռ էլի ճանաչողներ կգտնվեն… Կուզեի տեսնել այս հարցի վերջնական լուծումը: Դա մեզնից կախված բան չէ. այլ գլոբալ հարցերի թվում, Հայոց ցեղասպանության հարցն էլ կախված է աշխարհի հզորներից»,- ասաց Պերճ Զեյթունցյանը:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031