«Հինգ բալանոց համակարգով գործի նախաքննության ընթացքը երկուս եմ գնահատում»,- այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ գրանցված ողբերգական ելքով միջադեպի մասին է, որի արդյունքում հարուցվել է քրեական գործ: Այդ իրադարձությունների արդյունքում Ավետիք Բուդաղյանը մահացավ, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը, ծանր հրազենային վնասվածքներ ստացավ:
Ավելի մանրամասնելով իր տեսակետը՝ փաստաբանը նկատեց, որ նախաքննության հենց սկզբից` հանցագործության հենց հաջորդ օրը քրեական գործ հարուցվելուց հետո ու մինչ այսօր, պաշտոնական բոլոր հայտարարությունների մեջ` մարզպետարան, զինդատախազություն, տեսնում է բացառապես միակողմանի մոտեցումներ` ուղղված Բուդաղյանների դեմ: «Նախաքննությունն ընթանում է պարոն Կոստանյանի կողմից հենց ի սկզբանե նախանշված գծով: Փարոսի նման դրել էր մի ուղենիշ`թե ո՞ւր պիտի գնա նախաքննությունը եւ հիմա ես տեսնում եմ, որ նախաքննությունը գնում է ճիշտ էդ ճանապարհով»,- ասաց Ալումյանը` իր զարմանքն արտահայտելով առ այն, որ ամսի վեցին դեռ Կոստանյանը հայտարարություններ էր անում, որոնց հավաստիությունը փորձաքննություններից հետո ճշգրտումների կարիք ուներ:
Փաստաբանը նկատեց, որ եթե կա նպատակ մի կողմին օգնելու` այդ տեխնոլոգիաները բոլորին են լավ հայտնի: Այս պարագայում, ըստ նրա, կիրառվում է մյուս կողմի մեղքն արհեստականորեն ծանրացնելու տարբերակը:
Պատասխանելով հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ մեղադրանք առաջադրվեց, ըստ էության, տուժող Արտակ Բուդաղյանի դեմ, Բուդաղյանների փաստաբանն ասաց, որի ինքը դա համարում է բացարձակ ապօրինի եւ չորս օր առաջ ինքը միջնորդություն է ներկայացրել` իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, քանի որ նման հանցակազմ բացակայում է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ