Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները՝ ոստիկանության Արմավիրի մարզի քննչականի դեմ

Հուլիս 19,2013 13:34

Aravot.am-ն անդրադարձել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում ընթացող Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի եւ մյուսների դեմ մարտին հարուցված քրեական գործի նախաքննությանը: Նրանք մեղադրվում են այս տարվա հունվարին ազգությամբ եզդի Սիաբանդ Խուդոյանի խոտի դեզը հրդեհելու, խուլիգանության համար: «Իմ մոտ այն տպավորությունն է, թե ամեն կերպ փորձում են այս քրեական գործի վարույթը կարճելու փոխարեն այն նախկին իներցիայով, ուղարկել դատարան»,-ՀՀ փաստաբանների պալատում մամուլի ասուլիսի ժամանակ այսօր ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մկրտիչ Դավթյանը:

Փաստաբաններ Մկրտիչ Դավթյանն ու Էդուարդ Աղաջանյանը հայտնեցին, որ երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ մերժել է կալանքը կրկնակի անգամ չերկարացնելու՝ այն գրավով փոխելու միջնորդությունը: Ի դեպ, քննչական բաժինն այսօր հայտարարելու է նախաքննության ավարտը եւ գործը ուղարկվելու է դատարան:

Ռոբերտ Փիլոյանի պաշտպաններ Մկրտիչ Դավթյանն ու Էդուարդ Աղաջանյանը վերաքննիչ դատարան էին ներկայացրել նաեւ ԱԺ երկու պատգամավորների՝ Նաիրա Կարապետյանի եւ Լեւոն Մարտիրոսյանի երաշխավորությունները:

Ռոբերտ Փիլոյանն ավարտել է Ռուսաստանի տնտեսագիտության- իրավաբանության ինստիտուտը, Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի ավարտական կուրսում էր:Նա Հայաստանի ձյուդոյի բազմակի չեմպիոն է, նախկինում դատված չի եղել;

Ըստ փաստաբան Էդուարդ Աղաջանյանի, իր պաշտպանյալը հանիրավի է զրկվել ազատությունից, ազատությունից զրկվելու արդյունքում Ռոբերտն իր ավարտական քննությունները չի կարողացել հանձնել, նրա նկատմամբ նախաքննության ժամանակ կիրառվել է բռնություն, մարմնին առկա եղած բազմաթիվ կապտուկների մասին պաշտպանական կողմը հանդես է եկել համարժեք բողոքով, պաշտպանական կողմը դիմել էր անգամ Հատուկ քննչական ծառայությանը:

«Մենք կորցրել ենք մեր հույսը, եւ դիմելու ենք հանրապետության նախագահին, որպեսզի անձնական հսկողություն իրականացնի այս գործի վրա:

Չորս երիտասարդ մեղադրվում են տուժող Սիաբանդ Խուդոյանի չոր խոտի դեզը հունվարին այրելու համար, մի բանի համար, որը տեղի չի ունեցել, գործով նման ապացույց չկա»,-ասում են փաստաբանները:

Տուժող ճանաչված Սիաբանդ Խուդոյանը, չնայած նախաքննության ժամանակ հայտնել էր, թե որեւէ մեկից վնաս չի կրել, մի դեպքում հայտնել էր, թե անհայտ անձանց կողմից է իր խոտի դեզն այրվել, հետագայում փոխել էր ցուցմունքը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031