Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ալիք. պահանջում են քաղաքապետին տրանսպորտով երթեւեկել (Տեսանյութ)

Հուլիս 19,2013 13:24
PrevPhoto
NextPhoto

Այսօր Երեւանի քաղաքապետարանի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ալիք էին բարձրացրել՝ երթուղայինների ուղեվարձի թանկացման դեմ: Ակցիային մասնակցում էր նաեւ բլոգեր Իզաբելլա Աբգարյանը: Նրա խոսքերով՝ «Թող նախ իրենց ստվերը վերացնեն, ոչ թե մտածեն՝ ինչպես ժողովրդից ավելի փող պոկեն: Երթուղայինով ուղեւորվելը մարդու արժանապատվությանն է վնաս հասցնում, դեռ պետք է մեզ բարոյական վնասի համար փոխհատուցեն, որ ամեն օր նվաստացնում են»:

Քաղաքապետարանից բացատրում են, որ ուղեվարձի թանկացումն անխուսափելի է: Իզաբելլա Աբգարյանի համոզմամբ՝ «Անխուսափելի է, որովհետեւ անկուշտ են: Ընտրություններին փողեր են ծախսել գծատերերը, հիմա ժողովրդի քթի՞ց են հանում: Չի ստացվելու դա իրենց: Ոչ մեկը չի վճարելու: Հիմա համացանցում էլ ենք ակցիա անցկացնում, բոլորն ասում են, որ չենք վճարելու, մնում է մյուսներին էլ ասել՝ թոշակառուներին, մարդկանց, ովքեր չկան սոցցանցերում, ասենք, որ չվճարեն: Վերջնական ոչ մի բան չկա: Եթե ուղեւորները չվճարեն, վարորդները բոյկոտեն, ստիպված են լինելու վերանայել գինը»:

Ակցիայի մասնակիցներից մեկի՝ Թամար Դանիելյանի խոսքերով՝ եթե գոնե 110 դրամ լիներ, հասկանալի կլիներ, բայց ոչ 150»:

Մեր դիտարկմանը, որ 10, 20 դրամ թանկացնելով՝ մանրը տալը դժվար կլիներ, Թամարը պատասխանեց. «Դա իմ խնդիրը չի: Եթե իրենց դժվար է մանրը տալ, թող 150-ի փոխարեն իջեցնեին 100, 50 դրամանոցն իրենց համար մանր չի՞»: Մեր հարցին՝ դուք վճարելո՞ւ եք ինքներդ 150 դրամ՝ երթուղայինով երթեւեկելիս՝ նա պատասխանեց. «Չեմ վճարելու, 100 դրամ եմ տալու՝ իջնելու եմ»:

Ընդհանրապես ակցիայի մասնակիցները կոչ էին անում մեր բոլոր համաքաղաքացիներին չենթարկվել որոշմանը եւ 100 դրամից ավելի չվճարել:

Մեր հարցին՝ վարորդները գիտենք ինչպիսի բառապաշար ունեն, եթե չտաք 150 դրամ, ձեր հետեւից հայհոյանքներ հնչեն, ի՞նչ եք անելու՝ ակցիայի մասնակիցները պատասխանեցին, որ իրենց համար մեկ է, միեւնույն է, մի օր էլ բողոքի ակցիա կանեն վարորդները. «Չեն համաձայնի վարորդները, թող իրենք իմ տեղը վճարեն: Ես մեղավո՞ր եմ»:

Ակցիայի մասնակիցները փորձեցին քաղաքապետարանի մուտքը շրջափակել, սակայն ոստիկանները խոչընդոտեցին: Նրանք բռնեցին առավել ակտիվների թեւերից եւ բռնի ուժով հրեցին մուտքի մոտից: Մասնակիցները տեղավորվեցին քաղաքապետարանի աստիճանների վրա:

Միայն մեկ մասնակից՝ Անին ուղղակի նստեց քաղաքապետարանի դռների մոտ: «Թող իրանք, ես համաձայն եմ, չերթեւեկեն շքեղ ավտոմեքենաներով, մեր հետ տրանսպորտային միջոցներով երթեւեկեն, ես պատրաստ եմ 150 դրամ վճարել: Մնացած ոչ մի դեպքում պատրաստ չեմ»,- իր պայմանն ասաց Անին՝ քաղաքապետին ու քաղաքային իշխանություններին: Անիի բացատրելով՝ «Մենք պարտավոր չենք վճարենք, որ իրենք կոմֆորտ երթեւեկեն քաղաքում, իսկ ես կռացած երթեւեկեմ ու վճարեմ 150 դրամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մի քաղաքում, երբ կեսից ավելին իրեն վաճառեց 5-10 հազար դրամով թաղի խուժանին, ապա այս է
    լինելու հետևանքները, որը դեռ աշնանը կերևա ավելի ծանր:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031