Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր բարեկամ Ռուսաստանը

Հուլիս 19,2013 13:03

Ռուսաստանյան Կիրով քաղաքի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն: Նա, ինչպես հասկանում եք, հայ չէ, դատի ժամանակ  նորմալ էր հագնված, եւ անձնապես նրա մարդկային արժանապատվությունը չէր ստորացվել: Փոխարենը ստորացվել է դատարանը, որպես ինստիտուտ, արդարադատությունը եւ, մեծ հաշվով, ռուսական պետականությունը: Երեկ ցանկացողները կարող էին համացանցով հետեւել այդ դատավարությանը եւ համոզվել, որ «հափշտակումների մասին» մեղադրանքը, մեղմ ասած, կարած է սպիտակ թելերով:

Այդպիսին է Ռուսաստանը, որը, անկախ ամեն ինչից եւ երբեմն՝ ի հեճուկս ամեն ինչի, եղել է եւ պետք է մնա մեր բարեկամ պետությունը: Եվ խնդիրը ոչ միայն իրենց զորքն է, ոչ միայն գազը: Խնդիրն այն է, որ հազարավոր՝ դեռեւս աշխատունակ, դեռեւս որոշումներ ընդունող հայաստանցիների համար ռուսերենը մնում է շփման լեզու, իսկ ռուսական մշակույթը կազմում է նրանց դաստիարակության հիմքը: Իհարկե, այն ռեժիմը, որն այսօր ձեւավորվել է Ռուսաստանում, բացարձակապես օրինակելի չպիտի լինի մեզ համար: Ավելին՝ այդ ռեժիմը, իմ տպավորությամբ, հերթական անգամ մեր բարեկամ ազգին տանում է դեպի փակուղի: Մեզ էլ, ի դեպ, եթե այս ձեւով շարունակենք կազմակերպել  (ավելի ճիշտ կլինի ասել՝ «չկազմակերպել») մեր` հայաստանյան ներքին կյանքը, ոչ մի լավ բան չի սպասվում:

Բայց ընկնել էմոցիաների գիրկը եւ թշնամանալ Ռուսաստանի եւ ռուսների հետ, ինձ թվում է՝ ամենահիմար բանն է, որը հնարավոր է անել: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր հայրենակիցներից շատերը չափից դուրս շատ են ոգեւորվում՝ «սպիտակ թուրքեր», «ազատվենք ռուսներից` միայն այս դեպքում կկարողանանք պետություն կառուցել» եւ այլն: Ազատվել պետք է ոչ թե ռուսներից, այլ կոռուպցիայի, պորտաբուծության,  անիրավության այն ավանդույթներից, որոնք տասնամյակների, հարյուրամյակների ընթացքում մեր մեջ ներարկել է ռուսական, իսկ այնուհետեւ նաեւ` խորհրդային կայսրությունը: Ազատվել` չուրանալով նաեւ այն դրականը, որն այդ կայսրությունները մեզ՝ հայերիս տվել են: Մեր քաղաքացուն ստորացրել են, պետք է դրան զուսպ եւ արժանապատիվ արձագանք տալ՝ առանց տիեզերական ընդհանրացումների:

Իսկ ընդհանրապես Ռուսաստանի, ինչպես նաեւ այլ երկրների հետ հարաբերություններում արդյունավետ կարող են գործել երկու երկրների գաղափարապես եւ մարդկայնորեն հոգեհարազատ խմբերը: Ռուսաստանի դեպքում այդպիսի խումբ գտնելը ինձ, օրինակ, դժվար չէ, որովհետեւ թեկուզ այս վերջին դեպքերի ընթացքում մի քանի տասնյակ ռուս մտավորականներ դատապարտեցին շովինիզմը եւ մարդկային արժանապատվության նվաստացումը: Ինձ այդպիսի՛ Ռուսաստանն է սրտամոտ: Իսկ, ասենք, Սովետի վերադարձի մասին երազող թոշակառուները կարող են կապ պաշտպանել Սերգեյ Կուրղինյանի եւ նրա կողմնակիցների հետ: Ամեն մեկը իր Ռուսաստանն է գտնում:

Ինչ մնում է «ազատվելու, իսկ հետո կառուցելու» գաղափարին, ապա դրանք, ինձ թվում է, դատարկ խոսակցություններ են: Ոչ ռուսները, ոչ թուրքերը, ոչ էլ ադրբեջանցիները մեզ չեն խանգարում նորմալ պետություն ունենալ: Խանգարողը միայն մենք ենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Լիովին համամիտ եմ հեղինակի հետ:Հատկապես վերջին պարբերության հետ կապված,կուզեի հայտնել իմ կարծիքը,որի հետ կարող է և մի քանիսը համաձայնվեն: Ասում եք, ,,խանգարողը միայն մենք ենք,,: Այո,մենք ենք,քանի որ մինչև այսօր էլ հանդուրժում ենք ժամանակին իշխանության տարբեր մարմիններ սողոսկած և մինչև այսօր էլ բարձր պաշտոններում իրենց հին մեթոդներով երկիրը ,,ղեկավարող,, կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչներին,որոնցից շատերը վաղուց արդեն պիտի ,,նստած–դուրս եկած,, լինեին, իրենց իսկ սահմանած թոշակին սպասելով:Եվ իշխանությունները ինչքան շուտ ազատվեն այդ վիրուսից,այնքան լավ:Զավեշտն այն է,որ նրանք այնպես են հարմարվել նոր պայմաններին,որ նույնիսկ մականուններ են ձեռք բերել:Իսկ ինչ վերաբերվում է ,,ազատվենք,իսկ հետո կկառուցենք,,-ին ,դա մենք արդեն մի անգամ անցել ենք:Այնպես որ, շատ ,,գոհ ու շնորհակալ ենք ,,մեր բոլոր նախագահներից ու կառավարություններից:

  2. Ալեքսանդր says:

    Թեև համաձայն եմ հոդվածի բովանդակությանը, “Սովետի վերադարձի մասին երազող թոշակառուներ” արտահայտությունը տարիքային ‘ռասիզմի”` տարիքածյացության դրսևորում եմ համարում: Հիշեցնում է չեչենցի ահաբեկւչներ, սևամորթ թմրամոլներ և այլ նման արտահայտությունները; Ավա~խ սովետին բնորոշ արտահայտություններից ավելի դժվար է ազատվել, քան սովետի մտածելակերպից: Կան բազում թոշակառուներ, որոնք ձեզ պես ատում են Սովետը և ճիշտ են անում, և կան բազմաթիվ ոչ թոշակառուներ, որոնք իսկապես երազում են Սովետի վերադարձը:

  3. Maxim says:

    Պարոն Արամ Աբրահանյան: Բացարձակ ճշմարտություն է Ձեր մեկնաբանությունը, առավել ևս վերջին
    երեք տողերը: Մեկ անգամ ևս շնորհակալություն:

  4. Manvel says:

    Արամ Աբրահամյան, հոգնեցինք ձեր հրահանգային, դաստիարակչական ոճից. այսպես արեք, այնպես արեք, այսպես մտածեք: Հայերենում մի շարք թեական բառեր կան, որոնք լավ կլինի՝ մեկ-մեկ օգտագործեք: Թե չէ այսպես՝ կարծես ձեզ Աստծո տեղն եք դրել: Եվ նույնիսկ լավ մտքերը այս դեպքում կարող են նյարդայացնել:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Կյանքում ոչ մեկին հրահանգ չեմ տվել: Բայց եթե իմ գրածները Ձեզ այդքան նյարդայնացնում են, գուցե չկարդա?ք:

    • Համլետ says:

      Լիարժեք համամիտ եմ Ձեզ հետ:Նամանավանդ,երբ ,,թոշակառու,, սոցումային բնութագրականն օգտագործվում է վիրավորանք հասցնելու նպատակով:Աբրահամյանն իր ,,զիլ,, ու համարյա ոչինչ չասող,ամուլ հոդվածները գրում է դրանք ,,ազգովի,, ցնծագին գովերգողների որոշակի խմբի համար ու ,,վայելում,, նրանց՝ ,,Ցենտր է՝ ապ ջան,, ,,Վայ,էս ինչ լավ բան ասիր,ապե,, ու նմանատիպ գովերգումներն ու ,,դափնիները,,…
      Լրատվական դաշտում անվնաս մնալու,վերևներում տեղ ունենալու, ,,աչոկներ խփելու,, ու հացին կարագ քսելու խնդիր էլ կա…Մի խոսքով, Սերժի ասած՝ ,,Հայկական մենթալիտետ՝ թարս բուսնած խիյարի մարգերում,,…

  5. Manvel says:

    Հեռուստաընկերություններն էլ են ասում՝ չեք ուզում՝ մի նայեեք մեր հաղորդումները: Քաղաքապետարանի աշխատակիցներն ասում են՝ չեք ուզում 150 դրամ վճարել՝ մի օգտվեք տրանսպորտից: Չեք հավանում մեր դպրոցները՝ ձեր երեխաներին մեր դպրոցները մի ուղակեք: Ի վերջո՝ չեք ուզում, գնացեք այս երկրից: Մտածողության խնդիր է:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Չեմ կարծում, հարգելի Մանվել, որ որեւէ հոդված կամ որեւէ հաղորդում նույնքան կենսական նշանակության ունենա, որքան քաղաքաղային տրանսպորտը կամ դպրողները:

      • Ընթերցող says:

        Վայ յա բա ձեր թերթը, ի հո չասիք, խի ըտենց ոնց կլնի: մենք առանց “առավոտ”-ի չենք լուսացնում ու չենք քուն մտնում մինչեև մի երկու բան ստեղ չմենկանաբնենք (մանավանդ):

  6. gago says:

    Մարդիկ կան, որ սիրում են ջղայինանալ և երբեմն իրենք իրենց հաճույք պատճառելու համար կարդում են… ասենք Արամ Աբրահամյանի շարադրած մտքերը: Ինչ կա որ, տրանսպորտի նման թանկ տարբերակ չի:

  7. Maxim says:

    Բացի բնազդով՝ բնական պահանջներից, կան շատ շատ հոգևոր պահանջներ, որի մասին և գրում է
    Պարոն Աբրահամյանը, և եթե ոմանց անհասկանալի է, ապա նրա մեղավորությունը չէ, այլ նրանց
    պրոբլեմը:

  8. Ռուզան says:

    Այո, խնդիրը գերակշռության մեջ է, Ձեզ սրտամոտ Ռուսաստանը, մտավորական Ռուսաստանը փոքրամասնություն է, իսկ գերակշռող ռուսաստանը Հայաստանը բարեկամ երկիր չի համարում: Ուրիշ բան, որ մենք ուղղակի ստիպված են բարեկամ մնալ: Մի թերագնահատեք այլ երկրների ներքին կյանքին միջամտելու Ռուսաստանի ունակությունը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031