Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական բու՞նտ, թե` բուրժուադեմոկրատական հեղափոխություն

Հուլիս 19,2013 12:00

Վերջերս շատ է խոսվում սոցիալական բունտի մասին: Խոսողները հիմնականում ընդդիմության ներկայացուցիչներն են, և սոցիալական բունտի տեսլականը փայփայողները մտածում են, որ ժողովուրդն ի վիճակի չի դիմանալ էս շարունակվող ու անվերջանալի թանկացումներին:

Հակառակ կողմն էլ հակառակ կերպ է մտածում: Հակառակ կողմն էն կարծիքին է, որ մեր ժողովուրդը երբևէ սոցիալական բունտի չի գնա: Որոշ քաղաքագետներ էլ կարծիք են հայտնում, որ, ինչքան էլ ժողովրդի վիճակը ծանրանա, մեր ժողովուրդը կշարունակի արտագաղթը գերադասել սոցիալական բունտից: Ես, ճիշտ է, հակառակը չեմ կարծում, բայց նմանատիպ ինքնավստահ ու ինքնասիրահարված քաղաքագետների կարծիքն էլ չեմ կիսում:

Մեր ժողովուրդը սոցիալական բունտի չի գնա միանգամայն այլ պատճառներով:

Որևէ ժողովուրդ որևէ բունտի չի գնում. Ժողովրդին որևէ բունտի տանում են` ներսից կամ դրսից: Դրսից դրսի ուժերն են տանում, ներսից` դրսի ուժերի հետ որոշակի կապ ունեցող ներսի ընդդիմությունն ու ընդդիմադիր լիդերները:

Այսուհանդերձ, ամենաարմատական ՀԱԿ-ն ու ամենաայլընտրանքային ԲՀԿ-ն էլ սոցիալական բունտի թեմայով առանձնապես չեն շատախոսում, և դա իր պատճառներն ու իր բացատրությունն ունի, և դրա պատճառներից հիմնականը հետևյալն է:

ԲՀԿ-ն, առանձին վերցրած, չի կարող սոցիալական բունտ փափագել էն հասկանալի պատճառով, որ ԲՀԿ անդամներից շատերը մեծահարուստներ ու ունևորներ են ու շատ լավ են հասկանում, որ սոցիալական բունտի շարժիչ ուժ ժողովրդական զանգվածը, երբ սկսում է ավերել մեծահարուստների խանութներն ու օբյեկտները, առանձնապես ուշադրություն չի դարձնում թե օբյեկտներից որն է բարեգործ մեծահարուստներին պատկանում և որը` չարագործ մեծահարուստներին:

Այսինքն, եթե նույնիսկ ԲՀԿ-ն Տիգրան և Սերժ Սարգսյանի տապալումը փափագի, դա չի ուզի անել սոցիալական բունտի ճանապարհով, որովհետև, շատ հնարավոր է, հանկարծ ու խիյարը թարս բուսնի, և եթե նույնիսկ սոցիալական բունտն անհրաժեշտություն դառնա, ԲՀԿ-ն կփորձի անձամբ ղեկավարել, ուղղորդել էդ, ուրեմն, սոցիալական բունտը, որպեսզի հանկարծ խիյարը թարս չբուսնի: Իհարկե, ԲՀԿ-ն առանց ՀԱԿ-ի ի վիճակի չի լինի էդ շարժումն առաջնորդել, և նրանք, ովքեր կարծում են թե` ՀԱԿ-ը միակողմանի է հաճոյանում ԲՀԿ-ին, էապես են սխալվում, որովհետև էս պահի դրությամբ ավելի հեշտ է ՀԱԿ-ին առանց ԲՀԿ-ի պատկերացնել, քան` հակառակը, և նմանապես ավելի հեշտ է ՀԱԿ-ին որպես սոցիալական բունտի ղեկավար ու առաջնորդ պատկերացնել , քան` ԲՀԿ-ին:

Այսուհանդերձ, ՀԱԿ-ին էլ ենք դժվարանում սոցիալական բունտն առաջնորդողի դերում պատկերացնել էն պարզ պատճառով, որ ՀԱԿ-ն էլ, ըստ ամենայնի, չունևորների կուսակցություն չի, և ինչքան էլ ՀԱԿ-ն իր շարքերից դուրս մղեց որոշակի քանակությամբ գործարարների, այդուհանդերձ, ՀԱԿ-ն էսօրվա դրությամբ էլ համալրված է բուրժուադեմոկրատական հեղափոխության ջատագովներով ու կողմնակիցներով: Եվ չնայած ՀԱԿ-ի համակիր ժողովրդական զանգվածը սոցիալական բունտի տեսլականով է համակված, այդուհանդերձ, սոցիալական բունտն ու բուրժուադեմոկրատական հեղափոխությունը միանգամայն տարբեր բաներ են, եթե չասենք` իրար հակառակ ու իրար հակադիր բաներ: Բայց եթե սոցիալական բունտի պահանջը ժողովրդի մեջ միանգամայն ինքնաբուխ կերպով առաջանա, ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրը ձգտելու է անձամբ ղեկավարել էդ, ուրեմն, սոցիալական բունտը, որպեսզի հետևանքներից տուժողն անձամբ ինքը չլինի:

Եվ քանի որ Րաֆֆու ժամանակը կարծես թե անցել է, և քանի որ Նախախորհրդարանի ժամանակն էլ կարծես թե չի սկսվել, և քանի որ Նիկոլն ու ՀԱԿ-ից հեռացած մյուսներն էլ դեռևս վերջնականապես չեն դիրքորոշվել, էլի ՀԱԿ-ի շանսերն են թերևս գերադասելի: Եվ չնայած սոցիալական բունտն ու բուրժուադեմոկրատական հեղափոխությունն ընդհանուր որևէ բան չունեն, ՀԱԿ-ը թերևս կշարունակի բարի ու չար, բարեգործ ու չարագործ հարուստների մասին իր պատկերացումները հրամցնել հեղափոխական տրամադրություններով տոգորված զանգվածին` իրենց պատկերացրած բուրժուադեմոկրատական շարժումը սոցիալական լիքը նրբերանգներով համալրելով:

 Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031