Լրահոս
Օրվա լրահոսը

Խ.Ավետիսյան. «Եթերից վերացրել են հայրենասիրության քարոզը, դա մտածված քաղաքականություն է»

Հուլիս 19,2013 11:36

«Երեք- չորս ամիս առաջ ես ինքս, ամբողջ ինֆորմացիան վերլուծելով, գալիս էի այն եզրակացության, որ Ալիեւը ի վերջո կսկսի պատերազմ, ու դա կլինի մյուս տարի՝ Սոչիի օլիմպիադայից հետո: Եվ վերջին դեպքերը՝ զենքերի գնումը Ադրբեջանի կողմից, դրա ապացույցն են: Բայց ասեմ, որ այդ զենքերն ինձ այնքան չեն հուզում, որքան շարժական դաշտային հոսպիտալների գնումը: Շարժական դաշտային հոսպիտալներն օգտագործվում են միայն ու միայն մարտական գործողությունների ժամանակ, բայց ես նորից եմ կրկնում, հուսով եմ, որ չի լինի այդ պատերազմը, որովհետեւ նախ՝ նրանք գիտեն մեր ուժը, նրանք դեռ չեն սթափվել մեր տված հարվածից, եւ եթե մի հատ էլ փորձեն հարձակվել, արժանի պատասխան կստանան, եւ երկրորդ՝ կորցնելու բան իրենք ավելի շատ ունեն…

Իսկ մեր բանակի վիճակը, փառք Աստծո, իրոք, մեր բանակը ուժեղ, հզոր բանակ է, հայի բանակ է: Իսկ այն, որ խոսում են ոգին կոտրվելու եւ այլ բաների մասին, ասեմ, որ ընդամենը մեկ օր է հարկավոր լինելու հայի ոգին արթնացնելու համար, մեկ օրը լրիվ բավական է…

Մի բան էլ ասեմ, որ այս նոր սերունդը մեզնից լավ են կռվելու, հաստատ, ավելի լավն են… իհարկե, մենք չենք թողնի, որ նրանք մենակ կռվեն, բայց մեզնից լավ են կռվելու… Ես մեր բանակի սպա եմ՝ պաշտոնաթող,  շատ լավ գիտեմ մեր բանակի վիճակը, ես գիտեմ, որ մենք կարող ենք դիմակայել եւ մենք կարող ենք հաղթել, բայց ես այսօր ավելի շատ անհանգստանում եմ մեր երկրի դեմ մղվող ներքին պատերազմից, որտեղ մենք անընդհատ պարտվում ենք»,- պահեստազորի փոխգնդապետ, Արցախյան պատերազմի մասնակից Խաչիկ Ավետիսյանը, ով արդեն մեկ շաբաթ է, Ազատության հրապարակում հացադուլ է անում, այսպես պատասխանեց «Առավոտի» հարցին՝ Իլհամ Ալիեւի՝ նոր պատերազմ սկսելու սպառնալիքների մասին:

Ազատամարտի վետերանը որպես իր հացադուլի պատճառ նշել է հենց այդ՝ Հայաստանում ընթացող ներքին «ինֆորմացիոն, հոգեբանական, էլեկտրոնային պատերազմը», որը քայքայում է մեր հայրենիքը: Նա որպես պահանջ ձեւակերպել է հետեւյալը. «Իմ պահանջն ուղղված է համայն հայությանը, համախմբվենք եւ 21-րդ դարը մերը դարձնենք», եւ նշել, որ հուլիսի 28-ին սպասում է 10 հազար մարդու ներկայության Ազատության հրապարակում, որոնց համար թանկ է Հայրենիքը եւ միայն դրանից հետո նա դուրս կգա հացադուլից:

«Առավոտի» հարցին՝ որեւէ այլ պահանջ ու ակնկալիք չունե՞ք, նա պատասխանեց. «Իմ սպասելիքը միայն եւ միայն ժողովրդից է: Իշխանությունից սպասելիք ունեմ այնքանով, որքանով համարում եմ, որ իշխանությունն էլ է ժողովրդի մի մասը, ես նրանց ուզում եմ տեսնել ոչ թե որպես պաշտոնյա, իշխանություն, այլ որպես երկրի քաղաքացի: Ես իմ հայտարարության մեջ նշել եմ, որ հացադուլից դուրս կգամ միայն այստեղ տաս հազար հայի տեսնելուց հետո,  որոնք մտածում են ինձ նման, ցավում են երկրի համար: Ու այդ տաս հազարի մեջ ես բոլորին եմ տեսնում, նույնիսկ նրանց, ում մինչեւ էսօր փնովում էինք… էդ մարդիկ հիվանդ են, հիվանդներին պետք չի քարկոծել, պետք է բուժել…»:

Խաչիկ Ավետիսյանը համարում է, որ երկիրն այս վիճակից արագ եւ արմատական փոփոխություններով հանել է պետք. «Իմ սիրտը ցավում է… երբ մենք գնացինք պատերազմ, իմ ընկերները զոհվեցին, նրանք չէին մտածում, որ այսպիսի Հայաստանի համար են կռվում եւ զոհվում»:

Նա կարծում է, որ ազատամարտի վետերանների հանդեպ անհարգալից վերաբերմունքն իշխանությունների կողմից մտածված քաղաքականություն է. «Բոլորս էլ հասկանում ենք, որ սա մտածված քաղաքականություն է, ես նկատի ունեմ մեր ազատամարտիկների ներկայիս սոցիալական վիճակը: Այս քաղաքականությունը սկսվեց անմիջապես պատերազմից հետո՝ 1995 թվականից եւ քայլ առ քայլ եկանք այս վիճակին»:

Մեր հարցին՝ ի՞նչ պիտի արվեր, որ չարվեց, պարոն Ավետիսյանը պատասխանեց.«Առաջին հերթին ազգային գաղափարախոսությունը պետք է զարգացնեին: Պատերազմից հետո հեռուստատեսությամբ, մամուլով միանգամից կրճատեցին ազգային գաղափարախոսության թեման, հայրենասիրությունը քշվեց եթերից: Ոչ մի հայրենասիրական երգ, ֆիլմ, հաղորդում չէր լինում… Եվ իհարկե, դա էլ է ազդել այն աննորմալ չափերի արտագաղթի վրա, որ կա մեր երկրում: Երբ մարդու միջից հանում են հայրենասիրության զգացումը, մարդիկ միայն կենցաղի մասին են մտածում: Մարդիկ երկրից հեռանում են ոչ թե նրա համար, որ իրենց քշում են, չնայած, իհարկե, գնացողների մեջ կան նաեւ մարդիկ, ում ծեծել են, ջարդել են, նեղացրել են, բայց նրանք քիչ են, հիմնականում գնում են  մի կտոր հաց վաստակելու համար…»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031