ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ տասնմեկերորդ
Կարդացեք նաև
ՄԻԱՅՆ ԼԱՎ ԲԱՆԵՐ
Եվ Ջոնը ժպտալով ասաց՝ «իմ հարեւանն Արշակին ոչ թե սիրում ա, այլ պաշտում ա», եւ Հայկունին խորամանկ ժպտալով Ջոնին հարցրեց՝ «պաշտում ա՞, թե՞ պաշտում էր», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մինչեւ հիմի էլ ամեն ինձ տեսնելուց ասում ա՝ Սադոյանին կբարեւես», եւ Արշակը ժպտալով Ջոնին հարցրեց՝ «էն ինվալիդը՞», եւ Ջոնը պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ ժպտալով ավելացրեց՝ «ինքն էն խաշի օրը քեզ որ մեր տանը տեսել ա, ամեն անգամ քեզ բարեւներ ա ուղարկում», եւ Հայկունին ժպտալով Ջոնին հարցրեց՝ «էդ բարեւները գոնե տեղ հասցնո՞ւմ ես», եւ Ջոնը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մեկումեջ հասցնում եմ», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «մի վախտ սաղ ժողովուրդն էր Արշակին սիրում, հիմի ինվալիդների հույսին ա մնացել», եւ Աբոն Ջոնին ասաց՝ «էդ ինվալիդ հարեւանդ կյանքից ահագին հետ ա մնացել», եւ Ջավախյանը քմծիծաղով ասաց՝ «ինվալիդ մարդ ա. երեւի ամիսներով տնից դուս չի գալի», եւ Ջոնը զարմացած նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «դո՞ւ իրան որտեղից ես ճանաչում», եւ Ջավախյանը ժպտալով Ջոնին ասաց՝ «մոռացել ե՞ս, որ էդ խաշին ինձ էլ էիր կանչել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «սկզբում որոշել էիր չկանչես, բայց հետո կանչեցիր», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «էն պատմվածքիդ հաշվով էր չէ՞ նեղացել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «երեւի», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «շա՜տ անշնորհք բաներ էիր գրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Ջոնի տեղն ով էլ ըլներ՝ կնեղանար», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դուք էիք շիրա տալի, թե չէ՝ ինքը դժվար թե նեղանար», եւ Օրթախը Ջավախյանին ասաց՝ «մի քիչ ինքնասիրություն ունեցող մարդը ո՞նց կարող ա էդ գրածիցդ չնեղանար», եւ Արշակը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «Ջոնի դեմ բան ե՞ս գրել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ոչ թե Ջոնի դեմ եմ գրել, այլ՝ Ջոնի մասին», եւ Արշակը ժպտալով Ջոնին հարցրեց՝ «ի՞նչ ա գրել», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմարություն», եւ Արշակը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «էդ ի՞նչ հիմարություն ես գրել, ադա» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով հարցրեց՝ «կարող ա՞ վիրավորական բաներ ես գրել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ մի վիրավորական բան էլ չեմ գրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես ո՞նց կարամ մեր Ջոն ախպոր վերաբերյալ վիրավորական բան գրեմ», եւ Սերոբը Ջավախյանին ասաց՝ «լավ էլ գրել ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ընդ որում՝ մի քանի անգամ ես գրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «զարմանում եմ՝ էդքանից հետո ինքը քեզ ոնց ա խաշի հրավիրում», եւ Ջոնը թարս նայեց Սերոբին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ արդեն քեզ չի վերաբերում», եւ Ջավախյանը Սերոբին ասաց՝ «քեզ որ հրավիրել էր, ի՞նձ ինչի չպիտի հրավիրեր», եւ Սերոբը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես իրա մասին ոչ մի վատ բան չեմ գրել», եւ Ջավախյանը կմկմալով ասաց՝ «ես էլ չեմ գրել», եւ Արշակը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «չես ասելո՞ւ իմանանք՝ ինչ ես գրել», եւ Սերոբը խորամանկ ժպտալով Ջոնին հարցրեց՝ «ասե՞մ», եւ Ջավախյանը Սերոբին ասաց՝ «կարող ա՞ մենք լեզու չունենք, որ դու ասես», եւ Սերոբը Ջավախյանին ասաց՝ «դե դու ասա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարտավոր չենք Արշակին ատչյոտ տանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «թող կարդար՝ իմանար» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հիմի էլ հո դեպուտատ չի, որ ասի՝ ժամանակ չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չնայած՝ դեպուտատ վախտ ավելի շատ էր կարդում, քան՝ հիմա», եւ Արշակը մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «որովհետեւ դեպուտատ վախտս որ մի տեղ մի բան էիր տպում, զանգում ասում էիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ հիմի էլ զանգես տեղյակ պահես, հաճույքով կկարդամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ՝ մեր Ջոնի մասին», եւ Ջավախյանն Արշակին ասաց՝ «կարող ա՞ մի հետ էլ ծնկաչոք աղաչեմ, որ գրածնիս կարդաս», եւ Սերոբը Ջավախյանին ասաց՝ «որ նորից դեպուտատ դառնա, լավ էլ ծնկաչոք կաղաչես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս պահի դրությամբ Ջըվախանց Լյովիկը դեպուտատ դառնալու ավելի շատ շանսեր ունի, քան՝ Սադոյան Արշակը», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «էդ Ջըվախանց Լյովիկն ո՞վ ա», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Ջըվախանց Լյովիկն էս դեմդ նստածն ա, Հայկուն ջան», եւ վերստին Հայկունու անունը Հայկուն գրելով՝ վերջնականապես գալիս եմ էն եզրակացության, որ ճիշտը հենց էս տարբերակն է. այսինքն, ես հենց էսպես էլ կշարունակեմ՝ հեղինակային խոսքիս մեջ Հայկունի եւ ուրիշների ու տղերքի ուղղակի խոսքերի մեջ Հայկուն գրելով, ու էս տարբերակը համ ճիշտ է, համ էլ՝ բնական, եւ երբ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով Հայկունուն ասաց՝ «Ջըվախանց Լյովիկն էս դեմդ նստածն ա, Հայկուն ջան», Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին ու քամահրանքով հարցրեց՝ «էդ որոշել ես դեպուտատ դառնա՞ս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինչի ումի՞ցն եմ պակաս», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «չեմ ասում՝ պակաս ես», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «բա ի՞նչ ես ասում», եւ Ջոնը բավական երկար մտածեց ու ասաց՝ «գրողը դեպուտատից բարձր բան ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով Ջոնին ասաց՝ «ուրախ եմ, որ վերջապես էդքանը հասկացել ես», եւ Ջոնը խորամանկ ժպտալով Ջավախյանին ասաց՝ «խոսքս իսկական գրողի մասին ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ջոնին ասաց՝ «որ էդքան բանը հասկացել ես, ուրեմն՝ ուրիշ բաներ էլ կարաս հասկանաս», եւ Ջոնը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչ ուրիշ բաներ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պիտի հասկանաս, որ եթե Ջըվախանց Լյովիկն իրա պատմվածքի մեջ քու մասին հիշատակել ա, էդ քու համար շատ մեծ պատիվ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «պիտի հասկանաս, որ դրանով արդեն պատմության մեջ ես մտել», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «Ջոնն էդ բանը լավ էլ հասկանում ա», եւ Ջավախյանը ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ հասկանում ա», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով Ժավախյանին ասաց՝ «որ չհասկանար, էդքանից հետո քեզ խաշի չէր հրավիրի», եւ Ջավախյանը փռթկացնելով Հայկունուն հարցրեց՝ «ինչքանի՞ց հետո», եւ Սերոբը Ջավախյանին ասաց՝ «էդ պատմվածքիդ մեջ Ջոնին լավ էլ ձեռ էիր առել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ վիրավորել էիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մարդ պիտի անխելք ըլնի, որ էդքանը չհասկանա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Սերոբին ասաց՝ «հիմի արդեն դու ես իրան վիրավորում», եւ Սերոբը զարմացած հարցրեց՝ «ո՞նց եմ վիրավորում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Սերոբին հարցրեց՝ «մարդուն անխելք ասելը վիրավորել չի՞» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էն էլ՝ Ջոնի պես մարդուն», եւ Սերոբը զարմացած հարցրեց՝ «ես ե՞րբ եմ Ջոնին անխելք ասել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Սերոբին ասաց՝ «հենց նոր դու չասեցի՞ր, որ եթե ինքն անխելք չըլներ, կհասկանար, որ իրան վիրավորել եմ», եւ Սերոբը զարմացած ասաց՝ «բայց ո՞վ ա ասել, որ չի հասկացել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ քեզ իրա տուն խաշի ա հրավիրել, էդ չի նշանակում թե՝ չի վիրավորվել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սաղիդ էլ հրավիրել էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարող ա՞ մեջներիդ կյաժը ես եմ, որ ինձ չհրավիրեր», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «մեջներիս կյաժն Արմենն ա, բայց Արմենին էլ էր հրավիրել», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նձ ինչի չպիտի հրավիրեր» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ես իրա մասին վիրավորական բաներ չեմ գրել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «դու ոչ մեկի մասին էլ վիրավորական բաներ չես գրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու մարդկերանց մասին մենակ լավն ես գրում», եւ Հայկունին Ջավախյանին հարցրեց՝ «էդ վատ ա՞, որ մենակ լավն ա գրում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ՝ լավ ա թե վատ, բայց փաստ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «Արմոն մինչեւ անգամ իմ մասին ա լավ գրում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «նույնիսկ իմ ձեռը չի բռնում՝ իմ մասին լավ բան գրեմ», եւ Ջոնը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «քո մասին հնարավոր չի լավ բան գրել», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «Արմոն գրել ա», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «քեզ ա թվում թե՝ լավ բան ա գրել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Արմոն ոչ մեկի մասին վատ բան չի գրում», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ի տարբերություն որոշ մարդկանց»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ