Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բյուջեն թանկացումից չի շահի

Հուլիս 19,2013 11:17

Իհարկե, վերջին տասը տարիներին Երևանում վերգետնյա հասարակական տրանսպորտի սակագների վերանայում տեղի չի ունեցել, սակայն պետք է հաշվի առնել, թե ինչ եկամուտներ են ապահովում երթուղիները սպասարկող կազմակերպություններին։
Թեև սակագների վերանայման պատճառների թվում նշվել է վերջնական սպառողների համար գազի թանկացումը, վառելիքի ծախսը իրականացնում է վարորդը և ոչ թե երթուղին սպասարկող կազմակերպությունը։ Հասկանալի է, որ ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) գազի գնի 20%-ով բարձրացումը չէր կարող հանգեցնել հասարակական տրանսպորտի սակագնի 50%-ով բարձրացման։
Շարժակազմի արդիականացման ծախսերի ավելացման հիմնավորումները նույնպես թույլ են. թեև վերջին երկու տարիներին քաղաքապետարանն իրականացրել է երթուղիների նոր մրցույթներ, մասնակցած ընկերությունների ավտոպարկը ամբողջովին չի թարմացվել։
Ուղևորափոխադրումների սակագնի 50%-ով բարձրացումից շահելու են միան «գծատերերը»։ «Հաստատագրված վճարների մասին» օրենքով սահմանվում է, որ ավտոտրանսպորտային փոխադրումների հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի երկու հազարապատիկի չափով։ Միկրոավտոբուսների և ավտոբուսների համար ելակետային տվյալ է համարվում նստատեղը. Երևանում ավտոբուսների համար ուղղիչ գործակիցը 1 է, մինչև 17-ը նստատեղ ունեցող միկրոավտոբուսների համար՝ 1,3։
Պարզ հաշվարկներից իսկ ստացվում է, որ Երևանում սպասարկվող մեկ ավտոբուսի համար (22 նստատեղ) «գծատերը» պետբյուջե է վճարում ամսական Դ44 հազ. կամ օրական կտրվածքով Դ1,5 հազ., միկրոավտոբուսի համար՝ Դ34 հազ. կամ օրական կտրվածքով՝ Դ1,2 հազ.։
Բացի այդ՝ տնտեսա-վարողները վճարում են ամսական կտրվածքով Դ16,5 հազ. երթուղու սպասարկման վճար: Եթե հաշվի առնենք, որ միկրոավտոբուսային երթուղիներում վարորդները (կախված երթուղուց) կատարում են օրական Դ10-15 հազ. մուծում (այսպես կոչված՝ «պլանը»), ապա պարզ երևում է, որ գծատիրոջ հարկային բեռը շուրջ 10% է։ Հասկանալի է, որ ուղեվարձի բարձրացումից հետո գծատերերը վարորդների համար բարձրացնելու են նաև «պլանը», իսկ պետբյուջե վճարվող գումարների չափը մնալու է անփոփոխ։
Երևանում 63 մասնավոր կազմակերպությունների կողմից պայմանագրային հիմունքով սպասարկվում է 112 միկրոավտոբուսային երթուղի, որում շահագործվում է տարբեր մակնիշի մոտ 2,7 հազ. մեքենա։ Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում առկա է 578 ավտոբուս, փաստացի շահագործվում է 42 երթուղի, որոնցում օրական միջին հաշվով գիծ է դուրս գալիս 370-380 միավոր շարժակազմ։
Ի դեպ՝ քաղաքապետարանը ներկայացրել է սակագնի կառուցվածքը, ըստ որի՝ նույնիսկ սակագնի 50%-ով բարձրացման պարագայում երթուղի սպասարկող կազմակերպությունների շահութաբերությունը ընդամենը 5% է:
Անի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031