Ինչպեսեւ սպասվում էր, Մոսկվայի մերձակա Պոդոլսկ բնակավայրի մոտ տեղի ունեցած ու 18 մարդու կյանք խլած ահավոր ավտովթարից հետո ողջ Ռուսաստանում կտրուկ ուժեղացան հակահայ տրամադրությունները։
Լրատվական գործակալությունները հաղորդում են տարբեր վայրերում հայերի վրա հարձակումների մասին, սքինհեդները նախապատրաստում են ինչ-որ գործողություններ եւ այլն։
Դե ինչ, ոչ թե մենք, այլ հենց ռուսաստանցի քաղաքագետները, սոցիոլոգները եւ լրագրողները արձանագրում են, որ Ռուսաստանը տարիներ շարունակ եվրոպականացում է իրականացնում հակառակ ծայրից։ Կարելի է անվանել դա շուռ տված եվրոպականացում։ Զանգվածային ֆաշիստացումը այնտեղ, ինչպեսեւ եվրոպական երկրներում, սկիզբ է առնում ներգաղթածների կամ պարզապես այլազգիների հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքից։
Ի դեպ, հակահայ դրսեւորումներ Ռուսաստանում արձանագրվել են բազմիցս։ Սակայն այդպես էլ բավարար խորությամբ չեն վերլուծվել, չեն ձեռնարկվել փորձեր՝ հասկանալու, թե ինչ է այնուամենայնիվ կատարվում Ռուսաստանում, ինչ ապագա է սպասվում այդ երկրում ապրող մեր հայրենակիցներին։
Մինչ այժմ ամեն ինչ սահմանափակվել է անիմաստ հայտարարություններով դարավոր եղբայրության մասին։
Ֆաշիզմը սարսափելի բան է։ Բայց այն սկսվում է կենցաղից։ Սկսվում է նրանց հանդեպ անհանդուրժողականությունից, ովքեր եկել են ինչ-որ տեղից ու հանկարծ սկսել աշխատել, ինչ-որ բան վաճառել, այլ լեզվի, առոգանության, քթի ձեւի, մազերի գույնի նկատմամբ ծանր դժգոհությունից։
… Այս հարցում ռուսաստանցիներն առայժմ լուրջ խնդիրներ ունեն։ Այստեղ, չհաշված Մոսկվան եւ Պետերբուրգը, գերակշռում է փոքրիկ բնակավայրերի մշակույթը, որտեղ յուրաքանչյուր եկվոր ընկալվում է որպես օտար անձ, եւ ուրեմն՝ թշնամի։
Ընդ որում, քաղաքացիների դժգոհությունը հավանության է արժանանում նաեւ տեղական իշխանության կողմից։ Եվ դա հասկանալի է. փոքրիկ քաղաքի ցանկացած ղեկավար տեղի հանրության անդամ է, եւ էլ ո՞վ, եթե ոչ նա, օրինակ, պիտի միջնորդի դատախազության առջեւ՝ ձերբակալված ջարդարարների հանդեպ խափանման միջոցը փոխելու մասին։
Տեղական իշխանությունները, առանց բացառության բոլոր դեպքերում, պնդում են, թե իրենց մոտ շովինիզմ չկա։ Իհարկե, չկա. պարզապես գոյություն ունի եկվորների հանդեպ որոշակի դժգոհություն։ Բայց եկվորների երակներում, տարօրինակ զուգադիպությամբ, հոսում է այլ արյուն, եւ նրանց քթի ձեւն էլ ուրիշ է։ Իսկ ընդհանուր առմամբ, դա ի՞նչ շովինիզմ։ Այնպես, դատարկ բան է, սաղմնային ֆաշիզմ…
Որքան էլ տխուր է գիտակցել, բայց Ռուսաստանում ապրող հայերին, վրացիներին եւ այլոց ոչ ոք պաշտպան չի կանգնի։ Ծայրահեղականության դեմ պայքարի մասին ոչ մի օրենք այստեղ չի օգնի. բոլորը թքած ունեն ազգամիջյան խտրականության հրահրման մասին օրենսդրության վրա։
Այնպես որ պետք է սպասենք Ռուսաստանում «օտարազգիների դեմ պայքարի» հետզհետե ակտիվացմանը։ Եվ «ԿամԱԶ» բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքն այստեղ վճռորոշ դեր չի խաղում։
Նման ողբերգությունները կարող են միայն փոքր-ինչ արագացնել իրադարձությունների ընթացքը, բայց գործընթացներն առանց դրանց էլ անշեղորեն կզարգանան։ Նույնիսկ եթե Ռուսաստանի իշխանությունները իսկապես ցանկանան պատվար դնել նման երեւույթների առջեւ, դա նրանց արդեն դժվար թե հաջողվի։ Պահը կորսված է։
Այլազգիների եւ, մասնավորապես, հայերի դեմ ուղղված գործողությունները Ռուսաստանում կշարունակվեն, ստանալով ավելի ու ավելի զանգվածային բնույթ։ Մենք պետք է ընկալենք դա որպես անխուսափելի մի բան, չմատնվենք խուճապի, այլ պարզապես կամաց-կամաց վերստին հավաքվենք մեր հայրենիքում։
Այս հողը կարող է կերակրել բոլորին:
Վարդան ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում