Լրահոս
Օրվա լրահոսը

Դավութօղլու. «Հայաստանը պետք է ճանաչի իր կարողությունների սահմանը»

Հուլիս 19,2013 10:27

«Ամերիկայի Ձայն». «Բոլորի սթափ դատելու կոչ եմ անում: Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հույժ կարևոր է մեզ համար»

«Հայաստանը պետք է ճանաչի իր կարողությունների սահմանները», – ասել է Ադրբեջան այցելած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ հավելելով, որ իրենց սահմանները պետք է ճանաչեն նաև բոլոր նրանք, ովքեր «Թուրքիայից ցանկանում են խլել նույնիսկ մեկ քար»:

«Նույնիսկ անթույլատրելի է մտածել նման բաների մասին», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ արձագանքելով Հայաստանի գլխավոր դատախազի կողմից վերջերս ներկայացված այն տեսակետին, որի համաձայն Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում Հայոց ցեղասպանության ժամանակից կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները:

«Հուրիեթ» պարբերականի վկայությամբ, Թուրքիայի արտգործնախարարն ասել է, թե Հայաստանի պաշտոնյայի կողմից արված հայտարարությունը «հալյուցինացիայի» արդյունք է եղել՝ կարծիք արտահայտելով այն մասին, որ «Կովկասում խաղաղության հնարավոր կլինի հասնել միայն այն ժամանակ, երբ բոլոր կողմերը ճանաչեն իրենց սահմանափակումներն ու սահմանները»:

«Բոլորի սթափ դատելու կոչ եմ անում: Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հույժ կարևոր է մեզ համար», – ասել է նախօրեին Բաքու այցելություն կատարած Դավութօղլուն, որին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովը տեղեկացրել էր հուլիսի 12-ին Վիեննայում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին:

Արտգործնախարար Մամադյարովը, բացի այդ, նշել էր, որ Ադրբեջանը սատարում է արցախյան հակամարտության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացումը:

Հիշեցնենք, որ «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ Աղվան Հովսեփյանը մասնավորապես ասել էր. «Իմ խորին համոզմամբ, Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Tigran says:

    Բա մեր նախահահը խոստացել էր, ով որ տարածքային պահանջներ ներկայացնի հարևան պետություններին 10 րոպեում ազատելու է աշխատանքից, հլա չլրացավ էտ 10 րոպեն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031