Հուլիսի 18-ին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը շնորհավորեց այն լուսանկարիչներին ու նկարիչներին, որոնց աշխատանքները դեսպանության կողմից անցկացված «Հայաստանը և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթում ճանաչվել էին լավագույնը: Ընտրված 25-ից ավել ստեղծագործություններից պատրաստվել են մեծ վահանակներ, որոնք ներկայումս զարդարում են դեսպանատան պարսպապատը Ծովակալ Իսակովի պողոտայի և դեսպանատան կայանատեղի երկայնքով: Այնտեղ Հայաստանի բնապատկերների հետ կողք-կողքի ներկայացված են նաև ամերիկյան բնապատկերներ:
Լուսանկարների ընտրության համար դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով «Հայաստանը և շրջակա միջավայրը» թեմայով լուսանկարիչների մրցույթ անցկացվեց: Ներկայացվել էին ավելի քան 300 լուսանկարներ: Լուսանկարներից բացի՝ վահանակներին ներկայացված են հայտնի ամերիկյան բնապահպանների մտքեր և թևավոր խոսքեր: Իսկ նկարիչների ստեղծագործությունները ընտրվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Հիմնադրամը տեղական բնապահպանական կազմակերպություն է, որը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի եզակի բնական ժառանգության պահպանման վերաբերյալ իրազեկվածությունը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գործակցում է մի շարք հայկական կազմակերպությունների հետ, որոնք կանաչ միջավայրի ջատագովներ են և կարևորում են ծառատունկերը, երեխաների բնապահպանական կրթությունը և շրջակա միջավայրի հետ կապված այլ հարցեր: Դեսպանատան պարսպապատի երկայնքով տեղադրված վահանակները յուրօրինակ հիշեցում կլինեն բոլոր համար և՛ այն մասին, թե ինչքան գեղեցիկ է մեր մոլորակը, և՛ այն պահպանելու ու հետագա սերունդներին փոխանցելու հարցում մեր բոլորի ունեցած պարտավորության ու պատասխանատվության մասին:
ԱՄՆ դեսպանատուն