Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, ում անունը բոլորովին վերջերս շրջանառվում էր Սյունիքի մարզպետի պաշտոնին հավակնող թեկնածուների շարքում, չի ցանկանում Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին առաջադրվել՝ որպես թեկնածու: Այս մասին մեզ տեղեկացրեց Քաջարանի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարդան Գեւորգյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե մտադրություն ունի՞ պայքարելու պատգամավորի պաշտոնի համար, թե՞ ոչ:
«Անկեղծ ասած, իմ աշխատանքն ավելի եմ գերադասում պատգամավորի աշխատանքից: Այս պահին ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածուի անուն չի շրջանառվում Քաջարանում: Կարծում եմ, որ ՀՀԿ-ն իր թեկնածուն անպայման կունենա կամ կպաշտպանի որևէ թեկնածուի», – նշեց նա:
Քաջարանում 9500-ից ավելի բնակչություն կա, որից 6200-ն ընտրելու իրավունք ունի, իսկ նշվածից ընտրություններին մշտապես մասնակցում է մոտ 5600 ընտրող:
Կապանցիների շրջանում վերջերս շրջանառվում է նաեւ ՀՅԴ անդամ Գագիկ Գեւորգյանի անունը, ով վերջին ԱԺ ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների ժամանակ Վահե Հակոբյանի հետ առաջադրել էր իր թեկնածությունը: Սակայն ընտրությունների արդյունքներով՝ զգալի տարբերությամբ, թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր ընտրվեց Վահե Հակոբյանը: Իսկ ահա ՀՀԿ-ից հստակ անուններ այս պահին դեռ չի շրջանառվում, շատերը նույնիսկ չեն պատկերացնում, թե ո՞վ պետք է առաջադրվի ՀՀԿ-ից, քանի որ պատգամավորի թեկնածու ՀՀԿ-ից այս պահին ոչ մեկին չեն տեսնում: Տեղեկացնենք, որ թեկնածուների առաջադրումը լինելու է օգոստոսի 5-15-ն ընկած ժամանակահատվածում, իսկ տարածաշրջաններում թեկնածուների քարոզարշավի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 1-ից:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ