Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Սուրը փառքով պատյանը դրած զինվորը հույսը երբեք չի կորցնի»

Հուլիս 18,2013 22:00

«Արդյունքը գիտե՞ք որն է… Եթե մի վարչապետն ինքն իր աշխատանքից բողոքում է՝ գումար չկա, էս չկա, էն չկա, ի՞նչ արդյունքի մասին կարող է խոսք լինել»,- «Առավոտի» հարցին՝ երեկ վարչապետի հետ հանդիպումից որեւէ արդյունք եղա՞վ, այսպես պատասխանեց արդեն մոտ մեկ շաբաթ Ազատության հրապարակում հերթական անգամ նստացույց սկսած ազատամարտիկներից մեկը՝ «Տիգրան Մեծ» ջոկատում կռված Ամարասի Տիգրանը՝ Տիգրան Պետրոսյանը:

Ազատամարտիկները պահանջում են, որպեսզի վետերանների եւ ազատամարտիկների մասին օրենք ընդունվի, որով կերաշխավորվի նրանց սոցիալական դրությունը, նրանց կարգավիճակ կտրվի, կհստակեցվեն եւ կտարանջատվեն բանակում ծառայածները կամավորականներից եւ այլն, եւ այլն:

0115

Վարչապետը, ըստ էության, որեւէ բան հստակ չի խոստացել ազատամարտիկներին՝ բողոքելով բյուջեի դատարկությունից: «Այդ դեպքում ի՞նչ սպասելիքներով եք նստացույց անում, ի՞նչ եք ակնկալում»,-մեր այս հարցին Տիգրան Պետրոսյանը պատասխանում է. «Եթե սպասելիք կամ հույս չունեցար՝ ուրեմն կյանքդ ավարտվել է: Բայց սուրը փառքով պատյանը դրած զինվորը երբեք իր հույսը չի կորցնի, երբեք իր վաղվա օրվա համար պայքարը եւ իր ապրելիքը չի կորցնի»:

«Առավոտի» դիտարկմանը՝ փաստորեն, դուք եւս, շատ ազատամարտիկների պես   համարում եք, որ «Երկրապահ կամավորականների մասին» օրենքը, որն ընդունվեց վերջերս՝ Մանվել Գրիգորյանի «լոբբինգի» արդյունքում, որեւէ ձեւով չի անդրադառնում ձեզ վրա, Ամարասի Տիգրանը պատասխանեց. «ԵԿՄ-ի օրենքը որ ընդունվեց, մեջը ազատամարտիկ բառը չկա, էդ օրենքը ազատամարտիկների հետ գործ չունի: Իսկ էսօրվա օրենքները բոլորս տեսնում, լսում ու համոզվում ենք, որ միայն իրենց՝ օրենք գրողների եւ ընդունողների համար են ծառայում: Դրանից հետո էլ մեկը մյուսին անվանում են գող, ավազակ, թալանչի, իսկ ժողովուրդը լուռ տանջվում ու չարչարվում է, եւ ժողովրդի վրա ուշադրություն չկա»:

0114

Ազատամարտիկների մասին օրինագիծը, ըստ Տիգրան Պետրոսյանի, պատրաստ է, եւ կառավարությունից ասել են՝ ժամանակ տվեք, որ օրենքը վերամշակենք, պատրաստենք, ներկայացնենք: Ազատամարտիկն ասում է, որ իրենց պատրաստի օրինագիծը իրենց կարող են հենց այսօր էլ ներկայացնել կառավարություն. «Մենք կարող ենք ներկայացնել մեր մշակածը, որ հանկարծ իրենք շատ չտանջվեն, չմտահոգվեն, չհոգնեն… »:

0113

Տիգրան Պետրոսյանն ասում է. «Ազատամարտիկի համար այսօրվա պայքարը շատ լուրջ պայքար է, պետք է բոլորս իմանանք, որ համբերություն, սահման գոյություն ունի, խելք-խելքի տանք… մենակ մեզ համար չի այս պայքարը, մեր ժողովրդի համար է, մեր ժողովրդի մի մասնիկն է այստեղ, մեր ժողովրդի մարգարիտներն են այստեղ… Չի կարելի, հայրենակիցներ, գրոշ մի’ դարձեք, դա իմ խնդրանքն է ձեզ…»:

0112

Նա վստահեցնում է, որ անկախ իշխանությունների վերաբերմունքից՝ ազատամարտիկների ոգին չի կոտրվել. «Ես փառք եմ տալիս իմ ընկերներին, նրանց ոգին ոնց կար, նույնը, դեռ մի բան էլ ավելին, կա: Մենք երբեւիցե թշնամուն թույլ չենք տա մեր կողմ վատ հայացք գցեն, մենք երբեք դավաճան չենք լինի, մենք մեր ժողովրդի ժառանգներն ենք, զավակներն ենք, էլի մեր ժողովրդի համար արյուն կտանք, արյուն կթափենք ի փառս մեր ժողովրդի: Մեր ժողովրդին էն վիճակին են հասցրել, որ ժողովրդի մարգարտիտը, սիրտը, զարկերակն է ոտքի կանգնում, որ միշտ պատրաստ, միշտ հարգանքով, ժողովրդի հացուջրի համար կանգնած է: Ի տարբերություն իրար գող ու ավազակ անվանող իշխանավորների, «ախպեր-տղերքի»՝ մենք, ինչպես տեսնում եք, ոչ մեկս էլ պպզած չենք: Հանգիստ եւ բարեհամբույր նստած՝ սպասում ենք վաղվա օրվան: Բայց չափ ու սահման գոյություն ունի, մեր ինքնասիրությունը մեզ չի դավաճանի երբեք»: Մեր հարցին՝ իսկ մինչեւ ո՞ւր կարող է ձգվել այդ համբերության սահմանը, ազատամարտիկը պատասխանեց. «Արդեն անցել է… բայց դեռ էլի համբերատար կսպասենք, ոչինչ…»

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031