Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ, ի պաշտպանություն հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի կազմակերպված բողոքի ակցիային, մասնակիցները նորանոր հետաքրքիր քայլեր են անում՝ փորձելով գրավել ՌԴ իշխանությունների ուշադրությունը:
Արդեն երկրորդ օրն է՝ Երեւանում եւ Գյումրիում ծաղկավոր կանացի խալաթներ են նվիրում դեսպանատանը եւ հյուպատոսարանին: Եթե Երեւանում խալաթը հատուկ դեսպանի համար էր, ապա Գյումրիում այն հյուպատոսի միջոցով նվիրել են ՌԴ իշխանություններին: Բացի այդ, նաեւ մի շապիկ են տարել հյուպատոսարան ու խնդրել փոխանցել Հրաչյա Հարությունյանին, որ դատական նիստերին ներկայանա այդ շապիկով, ոչ թե ծաղկավոր խալաթով: Շապիկի վրա Armenia է գրված եղել եւ ՀՀ զինանշանը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծաղկավոր խալաթը տարել են, քանի որ հասկացել են՝ նմանատիպ խալաթները, ինչպես մոսկովյան դատարանի դատավորի ճաշակով էր, նաեւ՝ իրենց ոստիկանության ճաշակով էր:
Այսօրվա ակցիային մասնակցել է մոտ 25 հոգի: Նրանք նաեւ թղթից ինքնաթիռներ են պատրաստել եւ տարբեր ուղերձներ վրան գրել: Ակցիայի ընթացքում այդ ինքնաթիռները նետել են հյուպատոսարանի բակ՝ ցանկապատից ներս:
Կարդացեք նաև
Ոստիկանները, տեսնելով դա, խիստ վրդովվել են եւ կարգի են փորձել հրավիրել ակցիայի մասնակիցներին: Պատմեց, որ իրենք էլ իրենց հերթին են ոստիկաններին բացատրել, որ մնան միայն իրենց պարտականությունների մեջ. «Ասացինք՝ եթե գտնում եք, որ պետք է դրա համար տանեք բաժին՝ տարեք»:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով վթարի էր ենթարկել ՌԴ-ում ավտոբուս, որի հետեւանքով մահացել է 18 մարդ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ