Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» ՍԴ նախագահին «ժամադրում» է Ազատության հրապարակում

Հուլիս 18,2013 17:22

«Վաղ թե ուշ, իրենք պետք է հասկանան, որ իրենց գործունեությունն օրինական չէ: Մենք եւս մեկ անգամ իրենց տվեցինք այդ հնարավորությունը՝ շտկելու այն իրավիճակը, որն այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Մենք պարտավոր էինք դա անել, իրենք պարտավոր էին գործել օրենքով սահմանված կարգով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանը: Խոսքը ՍԴ-ի կողմից օրերս կարճված դիմումի մասին է, որի հեղինակը նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էր :

Տիկին Փոստանջյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ակնկալիքներ կային ՍԴ-ից, որը քողարկել է ՀՀ բոլոր ընտրությունները: «Մենք պարտավոր ենք այս գործընթացներով անցնել: Մեր ակնկալիքն այն է, որ մենք, որպես հասարակություն, չպետք է հանդուրժենք նման գործելակերպը, որպեսզի այդ մարդիկ, ովքեր տվյալ պահին նաեւ ամենի պատասխանատուներ են, ապագայում նաեւ չկարողանան արդարացնել իրենց գործունեությունը, որպեսզի չասեն՝ չեն դիմել, որոշում չենք կայացրել: Մենք դիմել ենք, դուք որոշում եք կայացրել: Սա այն ճանապարհն է, որով մենք պետք է անցնեինք»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե իրենց բողոքը քննարկման առարկա դառնար, ապա պետք է որոշում կայացվեր հօգուտ դիմողի: Իսկ դա կնշանակեր, որ ընտրությունները տեղի չեն ունեցել ՀՀ-ի օրենքով սահմանված կարգով եւ ՀՀ օրենքների համապատասխան:

Ի դեպ, ՍԴ-ի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը կարճելու քայլին Զարուհի Փոստանջյանը պատասխանել է հայտարարությամբ, որում մասնավորաբար ասվում է. «2013 թվականի հուլիսի 16-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Գագիկ Հարությունյանի նախագահությամբ ևս մեկ անգամ փաստեց իր մեղսակցությունը եռապետերի  կողմից  հայ ժողովրդի իշխանությունը գողությամբ, կողոպուտով և ավազակությամբ հափշտակելու հանցագործության մեջ` հայտարարելով, որ Սերժ Սարգսյանի կողմից 2013 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի համար օրենքով սահմանված 100.000.000. դրամ գումարի եռակի գերազանցումը չի խախտում ՀՀ Սահմանադրությունը: Հայ հասարակությունը իր 20-ամյա նորանկախ պետության ձախողման համար  պատասխանատվության է կանչելու մեղավոր անձանց: Անշուշտ, գլխավոր մեղավորները երեք նախագահություններն են, սակայն ես այսօր պետք է անդրադառնամ հայ ժողովրդի նորագույն պատմության  աղետի գլխավոր մեղսակիցներից ևս մեկին` ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին»:

Տիկին Փոստանջյանը նկատում է, որ Գագիկ Հարությունյանի «անմիջական կատարմամբ և  հովանու ներքո» 1996 թվականից առայսօր «սահմանադրական արդարադատության» անվան տակ պարտակվել է հայ ժողովրդի դեմ գործված մեծագույն հանցագործությունը`Հայաստանի Հանրապետության մեկ ու կես միլիոն քաղաքացու  և նրանցից օտար երկրներում ծնված հարյուր հազարավոր հայ երեխաների հայրենազրկումը, միլիոնավոր հայերի` դեպի Հայրենիք ազգահավաքի գաղափարը կյանքի կոչելու  հավատազրկումը:

«2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից նախագահ ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանի` ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումներով արդարադատության իրականացման մերժումը ոչ միայն լրջագույն սպառնալիք է  այս պահին մեր երկրում ապրելու իրավունքին, այլ նաև փորձ է հավատազրկել աշխարհասփյուռ հայերին իրենց հայրենիքում համախմբվելու և  ապրելու կարևորագույն առաքելությունից:Հանցագործներին հովանավորելու բազմամյա փորձ ունեցող Գագիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե  որևէ երկրի Սահմանադրական դատարան երբևէ անվավեր չի ճանաչել ընտրությունների արդյունքները, ոչ միայն  ծաղր է իրավունքի գերակայության նկատմամբ, այլ նաև ուղղակի ապտակ՝ մեր արժանապատվությանը: Համանման կերպով էին նաև «հիմնավորում»  Օսմանյան կայսրությունում ցեղասպան եռապետերը Հայոց ցեղասպանությունը և հայրենազրկումը շղարշելու իրենց ցանկությունը`  առաջին համաշխարհային պատերազմում հայերին անվտանգ տարածքներ տեղափոխելու գործողությունը…»,- ասված է պատգամավորի հայտարարության մեջ՝ հավելելով. «Ազատության հրապարակը պարտադրում է ոչ միայն ազատություն, այլ նաև արդարադատություն: Ձեր և Ձեր հանցակիցների նկատմամբ անխուսափելի է արդարադատության իրագործումը Ազատության հրապարակում` ժողովրդի իրավազորությամբ:Սպասեք այդ օրվան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031