Լրահոս
Օրվա լրահոսը

Գծատերերի հարկերը եղած ծախսերի 2,5%-են

Հուլիս 18,2013 17:01

Այսօր Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հայտարարեց, որ մայրաքաղաքի միկրոավտոբուսների ու ավտոբուսների ուղեվարձը շաբաթ օրվանից կդառնա 150 դրամ, ներկայիս 100 դրամի փոխարեն: Այս թանկացումը պարոն Նավասարդյանը պայմանավորեց նաեւ տնտեսվարող սուբյեկտների վարկային պարտավորությունների հետ: Մասնավորապես, պարոն Նավասարդյանը նշեց, որ մեծ քանակությամբ ավտոբուսներ են ներկրվել, այն էլ վարկով:

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ գործարարների վարկերը պետք է ուղեւորների հաշվին փակվի, այսինքն` տրանսպորտի սակագնի բարձրացման համար հաշվի առնվեն այդ վարկերը, այլ ոչ թե հարկային վճարները նվազեցվեն գոնե մինչեւ վարկերի մարումը, պարոն Նավասարդյանը պատասխանեց, որ տնտեսվարողների հարկային պարտավորությունները եղած ծախսերի ընդամենը 2,5%-ն են կազմում.«Սրա փոփոխության կամ վերացնելու դեպքում էական ոչ մի նշանակություն չունի, եւ դա հարցի լուծում չի լինի: Մենք ուրախ կլինենք ինչ-որ չափով օգնել, բայց դա, միեւնույն է՝ հարցի լուծում չէ, ստիպված կլինեին նորից ուղեվարձին անդրադառնալ: Ընդամենը հաստատագրված վճար է` 44 հազար դրամ յուրաքանչյուր մեքենային ու կենսաթոշակի վճար, որոնց փոփոխությունը կամ չմուծելը էական դեր չի խաղա: Մյուս կողմից էլ, եթե բոլորը պետբյուջեի նկատմամբ պարտավորություններից խուսափեն, ի՞նչ կլինի պետական բյուջեն»:

Մեր այն դիտարկմանն էլ, որ շատ վարորդներ մշտապես դժգոհում են, թե, այսպես ասած`գծի պլանը բարձր է, չեն կարողանում տակից դուրս գալ, ուստի գերբեռնված են երթեւեկում, տրանսպորտի վարչության պետը պատասխանեց. «Գծի պլան հասկացողությունը օրվա հասույթից առաջացած գումարներն են, մենք կանենք հաշվարկներ եւ կտեսնեք` այն, ինչ որ տնտեսվարող սուբյեկտը վերցնում է, իրոք այդպես շահույթով չէ լինում»:

Նշենք, որ ուղեվարձի թանկացման պատճառներից, ինչպես վստահեցրել է տրանսպորտի վարչության պետը, նաեւ դիզվառելիքի, ավտոպահեստամասերի թանկացումն է եւ ուղեւորահոսքի նվազեցումը:

Պարոն Նավասարդյանի խոսքերով, որոշ տնտեսվարողներ ներկայացված հայտում ուղեվարձի սակագին էին նշել՝ 170-200 դրամ, իսկ մրցութային հանձնաժողովը հաշվարկել է եւ եզրակացրել` եթե տնտեսվարողները նորմալ աշխատեն եւ ուռճացված ծախսեր չանեն, ապա 150 դրամ ուղեվարձը բավարար է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031