Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի եւ քաղաքապետի ընտրությունները չէի՞ն պատճառը, որ տնտեսվարողները վնասով են աշխատել, բայց ուղեվարձը չեն թանկացրել (Տեսանյութ)

Հուլիս 18,2013 16:19

Քիչ առաջ տեղեկացրեցինք, որ մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը այս շաբաթ օրվանից կթանկանա 50%-ով, միկրոավտոբուսների ու ավտոբուսների ուղեվարձը կլինի 150 դրամ, տրոլեյբուսինը` 100 դրամ, իսկ մետրոյի ուղեվարձը մնաց անփոփոխ:

Թանկացումների պատճառը, ինչպես այսօր ասուլիսի ժամանակ վստահեցրեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ամռան այս ամիսներին ուղեւորների նվազեցումն է, պահեստամասերի, քսայուղերի, մեքենաների եւ վառելիքի գների բարձրացումը, ինչպես նաեւ մեծ քանակությամբ ավտոբուսներ են ներկրվել, իսկ տնտեսվարողները վարկեր փակելու խնդիր էլ ունեն:

Այս ասուլիսում ուշագրավն այն էր, որ տրանսպորտի վարչության պետը թանկացման պատճառները թվարկելով՝ գազի թանկացումը չէր նշում, այլ` վառելիք բառն էր օգտագործում եւ հարցին, թե արդյոք գազի թանկացման հանգամանքը պատահական չի նշվում, պարոն Նավասարդյանն ասաց. «Մենք բոլորովին գազի հետ չենք կապում թանկացումները: Այս խնդիրը բարձրացվել է տարիներ շարունակ: Այս ընթացքում թանկացել են պահեստամասերը, դիզվառելիքը, գազելը 2008 թվականին 6 հազար դոլար էր, այժմ` 21 հազար դոլար»:

Aravot.am-ը պարոն Նավասարդյանից հետաքրքրվեց` եթե ուղեվարձի թանկացման հիմնական պատճառը գազի թանկացումը չէ, իսկ դիզվառելիքն ու պահեստամասերը, մեքենաներն էլ մինչ գազն էին թանկացել, ուրեմն կարելի է ենթադրել, որ ուղեվարձն այդ ընթացքում չէր բարձրացվում` սպասելով նախագահի, ապա Երեւանի քաղաքապետի ընտրությունների ավարտին, որպեսզի բողոքի ալիք չբարձրանար: «Դա բոլորովին կապված չէ ընտրությունների հետ»,-ասաց վարչության պետը: Ապա պարոն Նավասարդյանը նորից կրկնեց, որ թանկացել են պահեստամասերը, մեքենաները, իսկ ամռան այս սեզոնին էլ ուղեւորահոսքն է նվազել, որն էլ հիմնական առիթը եղավ, որ տնտեսվարողները թանկացման հայտ ներկայացնեն:

Պարոն Նավասարդյանին ընդհատեց ասուլիսին ներկա քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, որն ուղղորդելով պարոն Նավասարդյանին, հարցրեց` մինչ ընտրությունները տնտեսվարողների կողմից թանկացման հայտ ստացվե՞լ է: Այս առնչությամբ տրանսպորտի վարչության պետն ասաց`«Ոչ»:

Մանրամասները` տեսանյութում

Թեեւ ոլորտի պատասխանատուները նշեցին, որ տրանսպորտի թանկացումը չեն զսպել մինչեւ ընտրություններն ավարտվեն եւ մինչ ընտրությունները տնտեսվարողների կողմից թանկացման հայտ չեն ստացել, ասուլիսին ներկա «Իսավ» ընկերության տնօրենը վստահեցրեց, որ ուղեվարձի սակագների վերանայման համար դիմել են դեռեւս 2008 թվականից եւ նշել, որ թանկացումն ամեն ամիս զգացվում է եւ այս տարիների ընթացքում, կարելի է ասել` վնասով են աշխատել»:

Մանրամասները` տեսանյութում

Հարցին էլ, արդյոք ուղեվարձի թանկացումից հետո ուղեւորները ստիպված չե՞ն լինի երկար սպասել տրանսպորտի, նորմալ մեքենաներով կերթեւեկեն ու ստիպված չեն լինի կանգնած երթեւեկել, պարոն Նավասարդյանն ու ասուլիսին ներկա Երեւանի քաղաքապետի խորհրդական Արիկ Գեւորգյանը վստահեցրին, որ աստիճանաբար կբարելավվի տրանսպորտի վիճակը եւ անպայման ամեն օր վերահսկելու են:

Ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների, այնպես չէ, որ թանկացման հենց հաջորդ օրը բարելավված տրանսպորտ կունենանք, բայց հետեւելու են, որպեսզի գերբեռնված չլինեն մեքենաները, տեխնիկապես լավ վիճակում լինեն եւ հետեւելու են, որ առավոտյան եւ երեկոյան ժամերին պահպանվի աշխատանքի ռիթմը`սահմանված չվացուցակներից ուշացումներ չլինեն, ինչպես նաեւ հետեւելու են վարորդների կարգապահությանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031