2013թ. հուլիսի 16-18-ին Փարիզում` Ֆրանսիայի Տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնում (CNES – Centre National d’Etudes Spatiales) տեղի ունեցավ Մոլորակային տվյալների միջազգային ալյանսի (IPDA – International Planetary Data Alliance) գործադիր կոմիտեի VIII նիստը: Ներկա էին IPDA անդամ երկրների և տիեզերական գործակալությունների ներկայացուցիչները, ինչպես նաև առաջին անգամ հրավիրված էր Հայաստանի ներկայացուցիչը: IPDA անդամ են հանդիսանում Ամերիկյան օդագնացության և տիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն (NASA – National Aeronautics and Space Administration), Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA – European Space Agency), CNES-ը (Ֆրանսիա), Իտալական (ASI – Agenzia Spaziale Italiana, Իտալիա), Գերմանական (DLR), Մեծ Բրիտանիայի (UK Space Agency), Ճապոնիայի (JAXA – Japan Aerospace Exploration Agency), Չինաստանի (China National Space Administration), Հնդկաստանի (Indian Space Research Organization) տիեզերական գործակալությունները և Ռուսաստանի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը (ИКИ – Институт космических исследований): IPDA-ն զբաղվում է մոլորակային տվյալների ստացմամբ և արդյունավետ օգտագործման հնարավորություններ ստեղծելով, սերտորեն համագործակցում է Տիեզերքի հետազոտման կոմիտեի (COSPAR) և Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (IVOA) հետ:
Հայաստանից նիստին մասնակցում էր Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) ղեկավար Արեգ Միքայելյանը: Նա ելույթ ունեցավ` ներկայացնելով հայ աստղագետների գործունեությունը տիեզերական հետազոտությունների բնագավառում և մոլորակային տվյալների օգտագործման մեջ հայկական աստղագիտական տվյալների շտեմարանների ներդրումը: Հաշվի առնելով, որ Բյուրականի աստղադիտարանում իրականացված Մարգարյանի շրջագայության թվայնացման նախագիծը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում փոքր մոլորակների ուսումնասիրության համար, որ ՀՎԱ-ն հանդիսանում է IVOA ակտիվ անդամներից մեկը և վերջերս Հայաստանում նաև ստեղծվել է Հայկական տիեզերական գործակալություն, Հայաստանն ընդունվեց IPDA: Տեղի ունեցան նաև բազմաթիվ քննարկումներ այլ տիեզերական գործակալությունների ներկայացուցիչների հետ:
Հայկական աստղագիտական ընկերություն