Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալը ասում է, որ թրաֆիքինգի է ենթարկվում մինչ օրս

Հուլիս 18,2013 15:38

«Գալաքսի» սուպերմարկետի նախկին առաքիչ, թմրանյութի ձեռքբերման եւ իրացման համար 7 տարվա ազատազրկման դատապարտված, արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լեւոն Մարգարյանը նամակով դիմել է մեր լրատվամիջոցին: Նա պատիժը կրում է 2007թ. հուլիսի 8-ից: Դատապարտյալին մնում է իր պատիժը կրելու մոտ մեկ տարի ութ ամիս:

Նրա բազմաթիվ բողոքները, որոնք ուղարկել է դատական, իրավապահ մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին, գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, չեն գոհացրել, մնացել են անպատասխան: Իսկ նա խնդրել էր վերանայել, «բարձրացնել» իր գործը, որտեղ խոսվել է պաշտոնատար անձանց գործողությունների մասին էլ. «Նախաքննական մարմինը ստեղծեց հանցանքն ապացուցող անթույլատրելի ապացույցներ, սկսած հարցաքննություններից, որոնք ստացան խոշտանգումների, կեղծիքների, խաբեությունների միջոցով»: Ի դեպ, դատապարտյալը պահանջել էր քրեական գործ հարուցել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իր գործով խոշտանգված Արտավազդ Սիմոնյանի կապակցությամբ էլ:

Մեր տրամադրության տակ է վերջինի հայտարարությունը, համաձայն որի՝ իրեն խոշտանգել են, կոտրել են իր ողնաշարի կողերը, ինչի հետեւանքով գտնվում է անկողնում, այն աստիճանի, որ դատարանում գործն իր մասով առանձնացվել էր, կասեցվել էր: Նա հայտարարել էր, որ չի ճանաչում Լեւոն Մարգարյանին: Դատապարտյալի նույնաբովանդակ հայտարարության ժամանակ տարիներ առաջ ծառայողական քննություն անցկացվեց ոստիկանության ներքին անվտանգության, ԿՀԴՊ գլխավոր վարչությունների եւ շտաբի կողմից, այն էլ համատեղ, եւ բռնություններ, անօրինականություններ, ըստ պաշտոնական վարկածի, ի հայտ չեկան, հետեւաբար, ծառայողական քննության արդյունքները մնացին անհետեւանք (տես նաեւ տողերիս հեղինակի «Առավոտի»16.08.2008թ. «7 տարվա ազատազրկում. օպերատիվ տվյալներ տվողը հրաժարվել է» հրապարակումը):

Մարդու իրավունքների պաշտպանը դեռ այն ժամանակ այցելել էր Ա. Սիմոնյանին, որը ուղեղի կաթվածով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այդ մասին «Առավոտը» վեց տարի առաջ տեղեկացրել էր: Այս տարվա հունվարին, երբ դատապարտյալ Լ.Մարգարյանը դիմել էր ՄԻՊ-ին, այնտեղից գրավոր պատասխանել են. «Ա. Սիմոնյանի վերաբերյալ Ձեր կողմից մատնանշված փաստեր ՀՀ ՄԻՊ-ի արխիվում առկա չեն»:

Ինչպես դատապարտյալն է գրում իր նամակում, այս ամենից հետո իր հոգեկան ներաշխարհում գլուխ բարձրացրած ատելությունից ու հիասթափությունից գնալով իր մեջ կորչում են եւ մահանում ՀՀ լիարժեք քաղաքացի-մարդ լինելու բոլոր արժեքները:

Դատապարտյալը հայտնում է, որ իր մեջ կուտակվում է չարություն, որը կարող է ծանր հետեւանքներ ունենալ:

«Ես երկարատեւ տեսակցությունից ոչ մի անգամ չեմ օգտվել»,-տեղեկացնում է նա: Իսկ տեսակցությունից չօգտվելը, ըստ նրա. «ծանր ազդեցություն է ունեցել իմ առողջականի վրա. օրգանիզմիս ֆիզիկական բնականոն պահանջների չբավարարման հետեւանքով»:

Դատապարտյալը դիմել է վաղաժամկետ պայմանական ազատվելու համար:

ԱՆ ԴԱՀԿ եւ ՔԿ ծառայությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ Մանուկ Պողոսյանը պատասխանել էր` հղում կատարելով ՀՀ սահմանադրության հինգերորդ հոդվածին, համաձայն որի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքներով: Դատապարտյալը, ըստ քրեակատարողական օրենքի, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ չկրած պատիժը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր է ներկայացնում, երբ հիմնարկի վարչակազմը հավանություն է տալիս, վերջնական որոշումը կայացնում է անկախ հանձնաժողովը, որը ձեւավորվել է ՀՀ նախագահի հրամանով: Ըստ պաշտոնական պատասխանի, արդարադատության նախարարությունն իրավասու չէ միջամտել հանձնաժողովի աշխատանքներին:

Մինչդեռ հայտնի է, որ հիմնարկի վարչակազմը տալիս է դրական կարծիք, իսկ «անկախ» հանձնաժողովը` պնդում հակառակը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031