Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. Հայաստանում սննդի վիճակն այնքան էլ տագնապալի չէ

Հուլիս 18,2013 15:33
Armen Pogosyan

Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիան, Սպառողների միությունն ու Իրազեկ եւ պաշտպանված սպառող հ/կ-ն որոշել են համախմբվել եւ ստեղծել այն խումբը, որը եւս մեկ անգամ կփորձի խորությամբ ուսումնասիրել սննդի վիճակը, բացահայտել վտանգների պոտենցիալ տեղերը, մասշտաբային փորձաքննել սնունդը: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում այդ մասին խոսեցին Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն ու Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Խոսելով Հայաստանում սննդի հետ կապված խնդիրների մասին` Արմեն Պողոսյանն ասաց, որ սննդի վիճակն այնքան տագնապալի չէ, ինչքան ներկայացվում է մամուլում, սակայն չլուծված խնդիրներ, այնուամենայնիվ, կան:

«Մեր շփումները լաբորատորիաների հետ միշտ ցույց են տալիս, որ սննդի հետ կապված առաջնահերթ խնդիրը մանրէաբանությունն է: Պետք է լինի սննդի իդեալական վիճակ եւ ոչ միայն սննդի, այլ նաեւ տվյալ արտադրամասի պատուհանների, պատերի, հատակի: Սա մեզ մոտ կաղում է: Իսկ եթե չկա այդ ստերիլ վիճակը, ապա հավանականությունը մեծ է, որ մանրէները կթափանցեն սննդի մեջ: Հաջորդը հավելումների խնդիրն է: Գոյություն ունի թույլատրված եւ արգելված ցանկ, որտեղ շատ ու շատ շռայլումներ կան: Մյուս թերությունները վերաբերում են պիտակավորմանը: Մեզ մոլորության մեջ են գցում, մեզ խաբում են բառի ուղիղ, իսկական իմաստով: Դա վերաբերում է ժամկետներին: Եթե անգամ ժամկետները նշված են, էլի վստահություն չկա: Պատահել են դեպքեր, որ այդօրվա ձվերի վրա նշված են եղել վաղը չէ մյուս օրվա ամսաթվերը»:

Նա նշեց, որ թեեւ պիտակավորման հետ կապված առաջընթաց կա, բայց դեռ շատ անլուծելի հարցեր են մնում. «Եթե այդ ցուցանիշները կան, բայց չեն ընթերցվում, կամ երկիմաստ են, դրանք չլինելու հավասար են: Առայժմ մեր օրենքը պատժում է ժամկետների բացակայության կամ սխալ տեղեկության համար, իսկ վատ ընթեռնելիության համար չկա պատիժ, սակայն կարծում եմ, որ շուտով կունենանք այդ խստությունը»:

Իսկ Մելիտա Հակոբյանն ասաց, որ իրենք միավորվել են, որպեսզի անեն ավելին, քան նախկինում են արել. «Մենք եկանք այն համոզման, որ իրար հետ ավելի ուժեղ կլինենք եւ ավելի ճիշտ կաշխատենք»: Ըստ նրա, իրենց հիմնական նպատակը քաղաքացիական հասարակություն ստեղծելն է. «Մենք ուզում ենք մեր քաղաքացուն դարձնել կիրթ եւ իրազեկ սպառող: Այսպիսի ասացվածք կա` «Գեղ կանգնի՝ գերան կկոտրի», այսինքն, եթե մարդն ինքն արդեն պահանջատեր դառնա, գիտակցի իր շահը եւ իր իրավունքը պաշտպանի, բոլորը կզգաստանան: Ես միշտ ասել եմ ու կասեմ, որ ամենահարուստ օլիգարխն, անգամ, կարող է սնանկանալ` սպառողի` մի փոքր իր շահերը պաշտպանելու պատճառով: Եթե նա ասի, «գիտե՞ք ինչ կա, այս ապրանքն ունի թերություններ, եւ մենք չպետք է այն գնենք», ամեն ինչ լավ կլինի: Այսինքն, մեր երեք կազմակերպությունների խնդիրն է ի հայտ բերել այն գործոնները, որոնք կարող են ազդել մարդու առողջության վրա, ինչպես նաեւ լայնամասշտաբ ձեւով բացատրել ժողովրդին, արթնացնել նրանց հետաքրքրությունը, որպեսզի նրանք կարողանան, իրոք, պայքարել»:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031