Լրահոս
Օրվա լրահոսը

Խրախուսվում են խոշոր ներդրումային ծրագրերը

Հուլիս 18,2013 15:25

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ ներդրումային ծրագրին և դրա շրջանակում իրականացվելիք աշխատանքներին: Որոշման արդյունքում Հայաստանում կմեկնարկի ուռուցքաբանական ժամանակակից կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը, կստեղծվի ներհիվանդանոցային կենտրոն, որը կունենա 150 բժշկական մահճակալ և համալրված կլինի ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով, ընդհանուր առմամբ կիրականացվի շուրջ 12-14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: «Սա Ազգային մրցունակության հիմնադրամի կարևորագույն ծրագրերից է, որը մենք բավական երկար ժամանակ քննարկել ենք մասնավոր ներդրողների հետ: Մենք ունենք ներդրող, որը 12-14 մլն ԱՄՆ դոլար ներդրում է կատարելու, այս բնագավառի հայտնի ընկերություններից է, այս բիզնեսով զբաղվում է աշխարհի տարբեր երկրներում, այսինքն` փորձառու  ներդրող է մեզ համար, – ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:  – Մենք այսօր խրախուսում ենք 10 մլն և ավելի դոլարին համարժեք ներդրումային ծրագրերը, որոնց մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահը, ծրագրեր, որոնք ապահովում են ժամանակակից բարձր վարձատրվող աշխատատեղեր, համահունչ են կառավարության ծրագրի գերակայություններին: Սա այդ ծրագրերից մեկն է, որը գերազանցում է 10 միլիոնը, և դրա համար մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ներդրողի հետ քննարկել նաև հարկային արտոնությունների խնդիրը: Այսօր համապատասխան համաձայնագիր կստորագրվի ներդրողի հետ, որտեղ կամրագրվեն ներդրողի և պետության մոտեցումները, քանի որ սա պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո իրականացվող ծրագիր է», – ասել է վարչապետը:

Շարունակելով մինչև 300 միլիոն դրամը գերազանցող խոշոր ներդրումային ծրագրերին աջակցություն ցուցաբերելու քաղաքականությունը` կառավարությունը որոշել է մինչև երեք տարի ժամկետով հետաձգել մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը «Կագա Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի նկատմամբ: «Կագա Գրուպ»-ը Կոտայքի մարզում կառուցվող 3 հա ջերմոցային տնտեսության համար նախատեսում է իրականացնել 1.25 մլրդ դրամի չափով ներդրում, ներկրել հոլանդական ժամանակակից սարքավորումներ, ստեղծել մոտ 60 աշխատատեղ, իսկ «Ռուսալ Արմենալը» նախատեսում է իրականացնել արտադրության հերթական վերազինումը, որի արդյունքում կստեղծվի շուրջ 55 աշխատատեղ, կնվազեցվեն արտանետումները և վնասակար գործոնները, կբարելավվի աշխատապայմանները: Կարևորելով խոշոր ներդրողներին աջակցություն տրամադրելու կառավարության հերթական նախաձեռնությունները` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Ջերմոցային տնտեսությունը ներդրումների համար բավական հետաքրքիր ոլորտ է դարձել, որովհետև մենք տեսնում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաներ են ներմուծվում` 300 մլն դրամը գերազանցող, ինչը շատ ողջունելի է, և պետք է շարունակենք խրախուսել, քանի որ առաջին փորձերը ցույց տվեցին, որ սա շահութաբեր բիզնես է` և՛ աշխատատեղեր են ստեղծվում, և՛ ամբողջ տարվա ընթացքում են աշխատում, և՛ արտահանման մեծ ներուժ է ձևավորվում: «Արմենալ»-ում նույնպես ժամանակակից տեխնոլոգիա են ներմուծում, որն էապես կրճատում է յուղի ծախսը, այսինքն` նաև ներմուծման լրացուցիչ անհրաժեշտություն չի լինելու: Էկոլոգիական վիճակն է բարելավվում, ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներից մեկն է կիրառվում, կարևոր է, որ նաև էկոլոգիական խնդիր է լուծվում»:

Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով կառավարությունը որոշել է ստեղծել ազատ տնտեսական գոտի` «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում: Սահմանվել են ԱՏԳ-ի գործառնության տեսակները, ժամկետը, կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները: Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը: 

Հաստատվել են միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Կառավարությունը հաստատել է 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Փաստաթուղթը լրամշակվել է 2013 թվականի մայիսին հաստատված ՀՀ կառավարության նոր ծրագրի հիմնական ուղղությունների և ոլորտային ծրագրերի համադրումով, յուրաքանչյուր միջոցառում և գերակա խնդիր ներկայացված են համապատասխան հիմնավորումներով, հստակ նշված են միջոցառումների անվանումը, նպատակը, կատարման պատասխանատու մարմինը և ֆինանսավորման աղբյուրը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2013 թ. հունվարի 10-ի «ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 70-Ն որոշումը, ի գիտություն է ընդունվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի զեկուցումն այդ որոշման` 2013 թ. հունվարի 10-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը, ըստ որի կատարման ենթակա 42 կետերից 2013 թ. հուլիսի 17-ի դրությամբ կատարվել է 41-ը կամ 97.6 տոկոսը:

Քննարկելով «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ օրենքի նախագիծը, գործադիրը, նկատի ունենալով, որ ներկայումս կառավարությունում քննարկվում է  «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծ, ինչպես նաև այն հանգամանքը, որ պատգամավորի մի շարք առաջարկներ հստակեցման, պարզաբանման և հիմնավորման կարիք ունեն, պատրաստակամություն է հայտնել համագործակցել նախագծի հեղինակի հետ, օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները քննարկել արդեն իսկ կառավարությունում գտնվող ՀՀ նոր օրենքի նախագծի շրջանակում:

Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու, մասնավորապես, ուսման վարձի վերին շեմը սահմանելու մասին նախագծի վերաբերյալ նույնպես կառավարությունն առաջարկել է հեղինակների հետ միասին քննարկել առկա խնդիրները համապարփակ լուծում ապահովող նախագիծ մշակելու նպատակով:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

 

 

Արդիականացվում է Սևանա լճի ավազանի նախագիծը

 

Կառավարությունը 2003 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատված Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը շարադրել է նոր խմբագրությամբ, ինչը պայմանավորված է ՀՀ ավազանային կառավարման տարածքները սահմանող դրույթների փոփոխություններին համապատասխանեցնելու, ինչպես նաև` նախագծի որոշ դրույթների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու, քարտեզագրական նյութերը ճշտելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, հստակեցվել են Որոտան-Սևան թունելի ուղեգծի կոորդինատները և դրա շուրջ Սևանա լճի ջրահավաք ավազանի անմիջական ազդեցության գոտին, թունելի երկարությամբ և առանցքից երեք հազարական մետր հորիզոնական շերտագիծն ընդունվել է որպես Սևանա լճի ջրահավաք ավազանի մաս, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է լիճ տեղափոխող ջրահոսքերի որակական և քանակական ցուցանիշների վրա: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է բնապահպանական կազմակերպությունների մասնակցությունը նմանատիպ հարցերի քննարկման գործընթացին:

Փոփոխություններ և վերաբաշխում կատարելով 2012 թ. թիվ 1616-Ն որոշման մեջ` կառավարությունն էներգակիրների նոր սակագների ուժի մեջ մտնելու կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման համակարգերում առաջացող լրացուցիչ բյուջետային ծախսեր է նախատեսել ՀՀ 2013 թ. պետական բյուջեում և դրանց իրականացման համար անհրաժեշտ ծավալով ֆինանսավորման աղբյուրներ է առանձնացրել:

Արգիճի, Կավարտ գետերում, Խանջյանի հեղեղատարում հակահեղեղային աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած չնախատեսված լրացուցիչ աշխատանքների կատարման նպատակով գործադիրը հատկացրել է գումար և սահմանել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լրացուցիչ աշխատանքները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով:

Այլ հարցեր

 

Կառավարությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա հասցեի հանրակացարանում բնակվող ՀՀ 3 քաղաքացիներին նվիրել է իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է իր տնօրինության Երևան քաղաքի Դ.Մալյան փողոցի 20 շենքի թիվ 61 հասցեում գտնվող ոչ բնակելի նշանակության շինությունը և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սպանդարյան 47/2 հասցեում գտնվող հասարակական նշանակության շինությունն օտարել մրցույթով:

Կառավարությունը որոշել է ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձորի գյուղական համայնքի ղեկավար Սաիդ Ամոյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված` վերջինիս մահվան կապակցությամբ, և համայնքի ընտրատարածքում 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն մինչև 2014 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Իջևանի վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Հովակիմյանին և Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Գարիկ Խլղաթյանին:  

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031