Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դոստուրյան. «Վարորդներին պետք է ստիպել, որ նրանք բուժզննում անցնեն»

Հուլիս 18,2013 15:20

«Երթուղային տաքսիների գների բարձրացումն անխուսափելի է: Սակայն, արդյոք մենք կարո՞ղ ենք ակնկալել, որ գների թանկացման հետ մեկտեղ, որակը մի փոքր կբարձրանա»,- այս մասին այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ նախագահ Գեւորգ Դոստուրյանը:

Պարոն Դոստուրյանն առաջ քաշեց մի քանի խնդիրներ. «Երթուղային տաքսիների վարորդները շատ հաճախ կանգառից դուրս ուղեւոր են վերցնում, չեն անցնում բուժզննում, իսկ մեքենաները` տեխզննում: Տաքսիների դեպքում խնդիրը գրեթե նույնն է, այն բացառությամբ, որ ներկայումս անօրինական տաքսիների թիվը հետզհետե ավելանում է»: Պարոն Դոստուրյանը նշեց նաեւ «պլան» հասկացության վերացման անհրաժեշտությունը. «Վարորդները պայմանագրեր ունեն, որտեղ նշված է նաեւ աշխատավարձը: Սակայն վարորդները չեն ստանում աշխատավարձ: Նրանք պլանն են վճարում, իսկ մնացած գումարը արդեն իրենց է մնում: Եթե վարորդը աշխատավարձ ստանա, ապա նա այլեւս շահագրգռված չի լինի կանգառից դուրս ուղևոր որսալ եւ մի քանի ժամ ավելի աշխատել, ինչը անվտանգության բացակայության պատճառ է դառնում»:

Անդրադառնալով բուժզննման եւ տեխզննման խնդիրներին` պարոն Դոստուրյանը նշեց, որ այժմ դրանք ձեւական բնույթ են կրում, իսկ խնդիրը հնարավոր է լուծել վերահսկողության միջոցով. «Հարցի լուծումը վերահսկողությունն է: Տվյալ դեպքում տեսչությունը պետք է բարեխիղճ աշխատի, ինչպես աշխատեց ոստիկանությունը: Ոստիկանության վերահսկողության շնորհիվ` այսօր վարորդների 70-80%-ը ամրագոտի է կապում: Վարորդներին պետք է ստիպել, որ նրանք բուժզննում անցնեն, ինչը բյուջեից հավելյալ ծախսեր չի պահանջում»:

Լուսինե ՇԱԽԱԶԻԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031