Լրահոս
Օրվա լրահոսը

Ռամիլ Սաֆարովը, Հրաչյա Հարությունյանը եւ էլի շատ ուրիշներ

Հուլիս 18,2013 13:48

Երեք-չորս օր է՝ մամուլն ու համացանցը ակտիվորեն քննարկում են Մոսկվայի մատույցներում, Պոդոլսկ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած վթարը: Բեռնատարը բախվել է ավտոբուսին, զոհվել են 18 հոգի, հիմնական մեղավոր է դիտվում բեռնատարի վարորդ` ՀՀ քաղաքացի, 46-ամյա Հրաչյա Հարությունյանը: Նա կալանավորված է:

Դժբախտ պատահարներ   մեծաքանակ զոհերով, ցավոք, լինում են բոլոր մեծ քաղաքներում, ցավալին ու մեզ` հայաստանցիներիս համար անընդունելին, ռուսական լրատվամիջոցների մի մասի արձագանքի, ավելի ճիշտ՝ դրա ձեւի ընտրությունն է: Դեպքից թեթեւ վնասվածքներով դուրս եկած Հրաչյա Հարությունյանը դատարանի դահլիճ է բերվել կանացի ծաղկավոր խալաթով ու լրատվամիջոցները տեսարանը հաճույքով են ցուցադրում, ոչ ոք չի հարցնում` ինչո՞ւ կանացի խալաթով, ինչո՞ւ ոչ հիվանդանոցային հանդերձանքով կամ թեկուզ վթարից պատառոտված հագուստով, ո՞վ է կնոջ խալաթ հագցրել Հրաչյա Հարությունյանին:

Իսկ ես հիշեցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Մարդասպան Ռամիլ Սաֆարովին դատարան էին բերում տղամարդու սոլիդ տեսքով` կոստյում-փողկապ, Հրաչյա Հարությունյանին` կնոջ խալաթով:

Մարդասպան Ռամիլ Սաֆարովի դատավարությանը Ադրբեջանի ղեկավարությունն էր հետեւում եւ ի վերջո մարդասպանին «իրենով արեց» եւ ներում շնորհեց: Հրաչյա Հարությունյանին նվաստացնելու դեմ Հայաստանի իշխանությունից ոչ ոք չի ընդվզել, միայն ՄԻՊ Կարեն Անդրեասյանն է Ռուսաստանին խնդրել, որ Հարությունյանի մարդկային արժանապատվությունը ոտատակ չտան:

Ռամիլ Սաֆարովը 2006 թվականին Բուդապեշտի քաղաքային դատարանի դատավճռով դատապարտվեց ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման թույլտվության, սակայն` 6,5-7 տարի անց վերադարձավ հայրենիք, Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչեւ 7 տարի ազատազրկում:

Ռամիլ Սաֆարովին դատապարտած ԵՄ անդամ Հունգարիան եւ Ռուսաստանը հեչ համեմատելի չեն: Մարդասպան Ռամիլ Սաֆարովի եւ վարորդ Հրաչյա Հարությունյանի համեմատությունը լացելու աստիճանի տխուր է:

Ռուսաստանը կանացի խալաթ կհագցնե՞ր Հրաչյա Հարությունյանին, եթե նա լիներ Ֆրանսիայի, Իսպանիայի կամ ասենք՝ Էստոնիայի քաղաքացի: Ռուսաստանը կանացի խալաթ կհագցնե՞ր Հրաչյա Հարությունյանին, եթե գազի գնի բարձրացմանն ի պատասխան՝ Հարությունյանի երկիրը վերանայեր ռուսական ռազմաբազաների տեղակայման պայմանները: Ռուսաստանը կանացի խալաթ կհագցնե՞ր Հրաչյա Հարությունյանին, եթե ռուսական զորքերը չմասնակցեին Հարությունյանի երկրի անկախության զորահանդեսին: Ռուսաստանը կանացի խալաթ կհագցնե՞ր Հրաչյա Հարությունյանին, եթե միջազգային դիտորդների գնահատմամբ կեղծված ընտրությունը Ռուսաստանը օրինական չճանաչեր: Եվ այլն, եւ այլն, եւ այլն…

Ինձ թվում է՝ ես գիտեմ, թե ինչու է Ռուսաստանը կանացի խալաթ հագցրել Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին: Գիտեմ նաեւ, թե ինչու է Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում վարորդ աշխատում` հաստատ կանացի խալաթ հագնելու համար չի: Բայց դե իմ իմանալ-չիմանալը առաջնային չի: Իսկ ում տեղեկացվածությունը առաջնային է՝ լռում է: Ու դրա համար Ռուսաստանը բարձրացնում է գազի գինը, մասնակցում մեր անկախության զորահանդեսին ու ՀՀ կասկածյալ քաղաքացուն կանացի խալաթ հագցնում:

Ուզում եմ լացել եւ արտագաղթել, կամ արտագաղթել ու լացել: Արտագաղթել հաստատ ուզում եմ, լացել` դեռ չեմ հասկանում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հեղինակ ջան լացել պետք չէ, արտագաղթել` դու գիտես… բայց որ Ռուսաստանի հետ այլ «եղբայրություն» եւ «բարեկամություն» է պետք` անհերքելի է:

  2. Հայ Քրիստոնյա says:

    Ծաղկավոր խալաթ պետք է հագցնել պուտինին ու սերժիկին։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031