Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ իշխող ՀՀԿ-ն քանի՞ միլիոն է ներդրել

Հուլիս 18,2013 14:07

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հավաստիացնում է՝ Ջերմուկում աշխատանք կա, աշխատող չկա

«25 միլիոն փող ա տվել, Դուբայում առել ա չգիտեմ ինչ, եսիմ քանի միլիոն փող ա տվել, Ռիգայում առել ա «Ռիգա» հյուրանոցը, 25 միլիոն փող ա տվել, Խորվաթիայում կղզի ա առել: Թող հինգ միլիոն փող բերեր տար՝ Եղեգնաձորի պահածոների գործարանն աշխատեր: Թող «Ռիգա» հյուրանոցը առնելու փոխարեն՝ գար Եղեգնաձորի կենտրոնում գտնվող հյուրանոցը կառուցեր: Այսինքն՝ իրանք պիտի չանեին, պիտի մենակ բարգավաճեին, ՀՀԿ-ականներն անեի՞ն: Հիմա էլ եկել ա մի իրավիճակ, երբ համ քաղաքապետը, համ մարզպետը, համ նախագահը ՀՀԿ-ական են՝ իրանք քննադատե՞ն»,- անցյալ տարի սեպտեմբերին կայացած Եղեգնաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հայտարարել է Վայոց ձորի ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանը Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածու, այն ժամանակ գործող քաղաքապետ Սիրեկան Բաբայանի նախընտրական քարոզարշավներից մեկի ժամանակ՝ նկատի ունենալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ի դեպ, նշյալ գործարանը, ինչպես նաեւ տրիկոտաժի գործարանը գործարկելու խոստում էր տվել նաեւ Սիրակ Բաբայանը՝ նախորդ ընտրությունների ժամանակ, սակայն գործարանները մինչ օրս չեն աշխատում: Մարզպետը հայտարարել էր նաեւ, որ նախագահը հանձնարարական է տվել, որ պահածոների գործարանը մթերի տեղացիների բերքը: Ընտրությունների արդյունքում Եղեգնաձորում քաղաքապետ ընտրվեց ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: «Առավոտը» Վայոց ձորի մարզպետից հետաքրքրվեց, թե այս մեկ տարիների ընթացքում ի՞նչ խնդիրներ են լուծել՝ մարզում սոցիալ-տնտեսական իրավիճակը մեղմելու, աշխատատեղեր ստեղծելու համար: Պարոն Ղազարյանն ընդհանրական ասաց, որ այդ խնդիրներն իր ուշադրության կենտրոնում են: Իսկ թե երբ դրանք առարկայական լուծումներ կստանան՝ մարզպետը ստույգ չգիտի, բայց լավատես է: Ասում է, որ տարբեր ներդրողների հետ բանակցություններ են վարում:

2008 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց հայեցակարգ՝ Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն դարձնելու մասին: Ծրագիրը պետք է ավարտական փուլին հասներ արդեն 2012-ին: Էդգար Ղազարյանն «Առավոտի» հետ զրույցում չկիսեց մեր այն դիտարկումը, որ կառավարության ծրագիրը մնաց թղթի վրա: «Այս տարեվերջին մենք Ջերմուկում կունենանք նորակառույց մի հյուրանոց-առողջարան, որի հիմնադիրը ՀՀԿ անդամ է, նախկին մարզպետը՝ Սամվել Սարգսյանը: Նրան հաջողվել է ոչ միայն կատարել այդ ներդրումն արդյունավետ, այլեւ միջազգային վարկանիշային չափանիշներին համապատասխան»:

Մարզպետը չի կիսում նաեւ այն տեսակետը, որ Ջերմուկում հանգիստը «թանկ հաճույք» է եւ հայաստանցիների գրպանին ոչ հարմար: Ասում է՝ տարբեր գնային առաջարկներ կան ու իբրեւ մատչելիներից՝ նշում սոցիալական փաթեթներով բյուջետային ծառայողներին տրվելիք հնարավորությունները: «Տարեցտարի Ջերմուկում հանգստացողների քանակն ավելանում է, ու դա է պատճառը, որ հիմա առողջարանային ոլորտում ներդրումներ են կատարվում: Այս պահին վերանորոգվում է մի կիսակառույց առողջարան եւս, որը 2015 թվականին նախատեսվում է շահագործման հանձնել: Եվս երկու առողջարաններում վերանորոգման աշխատանքներ են ընթանում»,- ասաց մարզպետը՝ առանց զբոսաշրջիկների թվի աճի վիճակագրություն ներկայացնելու: Նա վստահեցնում է, որ բավականին տեսանելի ներդրումներ են կատարվում նաեւ գինեգործության ոլորտում. «Արդեն կան սուբյեկտներ, որոնք հողատարածքներ են առնում, խաղողի այգիներ են հիմնում, ապա փոքրիկ գինեգործական արտադրամասեր հիմնում»:

Ու մինչ կառավարությունում դեռ մշակվում է Ջերմուկի ընդհանուր զարգացման ռազմավարական ծրագիրը, հաստատվում է Ջերմուկի հատակագիծը, որը քաղաքի հետագա կառուցապատման հիմք է հանդիսանալու, քաղաքում մեծ տեմպերի է հասնում արտագաղթը, ինչի մասին հստակ ու ճշգրիտ վիճակագրական տվյալներ, իհարկե, չկան: Քաղաքի շատ բնակիչներ, ովքեր վաղուց արդեն Ջերմուկում չեն բնակվում, փաստաթղթերով դեռեւս համարվում են տեղի բնակիչներ: Էդգար Ղազարյանն ասում է, որ արտագաղթի վերաբերյալ մտահոգություններ կան, դրանք մարզի ղեկավարությանն էլ են հուզում, բայց չի կարծում, որ այդչափ մտահոգիչ են, որքան ներկայացվում է: Ավելին՝ մարզպետը  մի ուշագրավ հայտարարություն արեց. «Ջերմուկ քաղաքի գործատուների մի զգալի մասը հակառակ անհանգստությունն ունեն: Այսինքն՝ նրանք կարծես թե աշխատողներ են փնտրում: Դա չգիտեմ ի՞նչ կոնֆլիկտ է գործատուների կամ աշխատանք փնտրողների միջեւ, համենայնդեպս, ադ խնդիրը գոյություն ունի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031