Այս տարվա մայիսի 29-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ բժշկական օգնության եւ սպասարկման ֆինանսավորման հայեցակարգը: «Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը վստահեցրեց, որ ֆինանսավորման նոր հայեցակարգի նպատակն է ավելի արդյունավետ եւ նպատակային դարձնել պետական միջոցների օգտագործումն առողջապահության ոլորտում: Պարոն Ծատուրյանի խոսքերով՝ հայեցակարգի ընդունումը ենթադրում է, որ անվճար բուժօգնություն ստանալու չափանիշներին վերաբերող ՀՀ կառավարության մի շարք որոշումներում պետք է տեղի ունենան փոփոխություններ:
«Հիմնական խնդիրները, որոնցից բխում է նման հայեցակարգ ընդունելու եւ այդ փոփոխությունները կատարելու անհրաժեշտությունը, կայանում է նրանում, որ այն երաշխիքները, որոնք այսօր մեր պետությունը տրամադրում է առողջապահության բնագավառում իր քաղաքացիներին, միշտ չէ, որ իրականում համապատասխանում են պետության հնարավորություններին այդ ոլորտում: Որոշ դեպքերում մենք ավելի մեծ ծավալի ծառայություններ ենք հավակնում ֆինանսավորել, քան մեր բյուջեի հնարավորություններն են թույլ տալիս: Եվ բացի այդ, անվճար բուժօգնության իրավունք ունեցող բնակչության խմբերի սահմանումները նույնպես վերանայման կարիք ունեն, որպեսզի ավելի նպատակային եւ աղքատամետ դարձնենք պետության քաղաքականությունը: Այսինքն՝ որպեսզի առաջնահերթությունը տրվի ավելի չունեւոր քաղաքացիներին: Խոսքը գնում է աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված անձանց ավելի մեծ ծածկույթ ապահովելու մասին»:
Գործակալության պետի տվյալներով՝ այսօր մեր երկրում, բացի աղքատության նպաստի համակարգում ընդգրկված անձանցից, կան նաեւ բնակչության բազմաթիվ այլ խմբեր՝ հաշմանդամները, երեխաները եւ այլն, որոնք նույնպես օգտվում են անվճար բուժօգնությունից, եւ այս բոլոր խմբերում ընդգրկված անձանց թիվն, ընդհանուր առմամբ, կազմում է մեր բնակչության շուրջ մեկ երրորդը. «Եթե հաշվի առնենք, որ, բացի բնակչության սոցանապահով եւ հատուկ խմբերից, պետպատվերից անվճար օգտվելու իրավունք ունեն նաեւ որոշակի հիվանդություններ՝ տուբերկուլյոզ, քաղցկեղ, ինֆեկցիոն հիվանդություններ ունեցող քաղաքացիները, մոր եւ մանկան ծառայություններից, ծննդօգնությունից, առաջնային բուժօգնության օղակի ծառայությունից օգտվող քաղաքացիները, ապա կտեսնենք, որ այդ ծախսերը, համեմատած պետբյուջեի այսօրվա հնարավորությունների հետ, բավականին մեծ պարտավորությունների ծավալ են կազմում: Եվ որպեսզի մենք կարողանանք ճիշտ թիրախավորել այս ծրագրերի մեջ բնակչության առավել կարիքավոր խմբերին, հենց այդ պատճառով էլ հայեցակարգի մեջ որոշակի սկզբունքներ ենք ամրագրել, որոնց իրագործման մեխանիզմները պետք է սահմանվեն կառավարության որոշումներով»:
Հայեցակարգը որոշ փոփոխություններ է նախատեսում նաեւ առողջության առաջնային պահպանման օղակում, որը վերաբերում է ամբուլատոր պոլիկլինիկական բուժհաստատություններում մատուցվող ծառայություններին:
Կարդացեք նաև
Եկող տարվանից առաջնային օղակին պետական ֆինանսավորումը կբաշխվի ըստ այդ պոլիկլինիկայում գրանցված բնակիչների թվի: Այսինքն՝ ըստ Սարո Ծատուրյանի. «Կախված նրանից, թե այդ բուժհիմնարկը եւ այդ բժշկին քանի մարդ է ընտրել, ըստ այդմ էլ կբաշխվի պետական ֆինանսավորումը: Նախկինում, բացի գրանցված բնակչության թվից, կար նաեւ որոշակի բնակչության թիվ, որը համարվում էր, որ նույնպես առկա է հանրապետությունում, սակայն ինքը չի ընտրել այդ բժշկին, չի գրանցվել նրա մոտ, բայց պետությունը այդ բնակչության թվի համար էլ էր որոշակի միջոցներ պլանավորել: 2011թ. մարդահամարի վիճակագրական տվյալներով՝ առկա բնակչությունը եւ մեր տվյալների բազայում գրանցված բնակչության թիվը արդեն գործնականում չեն տարբերվում իրարից, եւ այդ պատճառով էլ վերանայեցինք գործող կարգը, ինչը կնպաստի նաեւ առաջնային օղակում բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը»:
Ինչ վերաբերում է հիվանդանոցային բուժօգնությանը, ապա գործակալության պետը կարծում է, որ պետք է հստակ սահմանել այն առաջնահերթությունները եւ գերակայությունները, որտեղ առաջին հերթին պետք է ուղղվեն պետական սուղ միջոցները. «Պետք է փորձենք լիարժեք բժշկական ծառայություն մատուցել, որպեսզի պետպատվերով բուժվող քաղաքացին իրոք ստանա այդ ծառայությունը եւ ստիպված չլինի լրացուցիչ ծախսեր կատարել, խնդիրների հետ առնչվել: Այսօր այդ ծառայությունների համար մենք էլ գիտենք, որ հիվանդանոցներին հաճախ իրական գներով չենք վճարում: Այսինքն՝ մի շարք բժշկական օգնության ծրագրերով, մասնավորապես՝ սոցանապահով խմբերին, այն գները որոնք սահմանված են մեկ դեպքի բուժման համար, դրանք ընդամենն արտացոլում են բյուջեի առկա հնարավորությունները եւ ոչ թե բժշկական ծառայությունների ինքնարժեքը: Պետք է փորձենք քայլ առ քայլ լուծում տալ նաեւ այս խնդիրներին»:
Գործակալության պետի ներկայացմամբ՝ հայեցակարգում ամրագրված այս սկզբունքների իրականացման մոտեցումները դեռ պետք է քննարկվեն ՀՀ կառավարությունում:
Հայեցակարգից բխող քայլերից մեկն էլ, մասնավորապես, 2-րդ եւ 3-րդ խմբերի աշխատունակ հաշմանդամներին պետության կողմից տրամադրվող երաշխիքների որոշակի չափաքանակների սահմանափակումն է: Այսինքն՝ ըստ էության, կրճատում չանելով սոցիալական խմբերում, առանձին խմբերի, որոնք, որպես կանոն, աշխատունակ մարդիկ են, պետությունը նրանց բուժման ծախսերը կֆինանսավորի ոչ թե ամբողջությամբ, այլ մասնակիորեն. մի մասն էլ քաղաքացին ինքը կլրացնի:
«Այն քաղաքացիներին, որոնք դեռ հայտնի չէ՝ իրականում աղքա՞տ են, թե՞ ոչ, բայց ունեն հաշմանդամության խումբ, ասում ենք՝ դուք եկեք պետության հետ կիսեք, մասնակցեք ձեր բուժօգնության գների փոխհատուցմանը, այսինքն՝ մենք չենք հրաժարվում նրանց ընդհանրապես ֆինանսավորելուց, բայց ասում ենք, որ կֆինանսավորենք մասնակիորեն, այսինքն՝ այստեղ համավճարի գաղափարն է նորից գործելու: Բայց եթե 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամը նաեւ աղքատ է, նա հնարավորություն ունի ամբողջովին օգտվելու անվճար բուժօգնության ծառայությունից՝ որպես աղքատության նպաստի համակարգում ընդգրկված անձ»:
Պարոն Ծատուրյանի տվյալներով՝ ներկայումս ունենք սոցխմբերի 22 կատեգորիա, որոնց ֆինանսավորման «առյուծի բաժինը»՝ շուրջ 70 %-ը, ծախսվում է 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամների բուժման համար. «Բայց ամբողջ բյուջեի ծրագրերը միայն սրանով չեն սահմանափակվում, մենք ունենք երեխաների բուժօգնության ծրագիր, որը մնում է անփոփոխ, մենք ունենք տարբեր հիվանդություններին ուղղվող ծրագրեր, որոնք հիմնականում նույնպես մնում են ուժի մեջ»:
Գործակալության պետի խոսքերով՝ հայեցակարգից բխող փոփոխությունները նախատեսվում է կիրառել 2014 թվականից:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ