Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանից հրաժարվելուց հետո կասկածյալը ինքնասպան էր եղել

Հուլիս 18,2013 13:45

Սպասվում է բանկի նախկին աշխատակցի՝ Աշոտ Առուշանյանի վերջին խոսքը

«Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն՝ տուժող Արմեն Մանուկյանը դատաքննության ժամանակ տված իր ցուցմունքում եւ հարցերին պատասխանելիս հայտնել էր, որ «Սովորական առօրյա էր, եւ մեր դրամարկղից գումարը պետք է գնար մուտքագրվեր ձեռնարկության հաշվարկային հաշիվ, որից հետո հետեւեր էն գործարքները, որոնք որ պլանավորված էր: Այդ օրը ես անձնական հանդիպում ունեի, որը պետք ա տեղի ունենար «Տիգրան Մեծի» տպարանի շենքում՝ բարձրահարկ շենքում, որտեղ իմ անձնական բիզնեսի հետ կապված շատ կարճ հանդիպում պիտի լիներ: Որոշեցի մեքենան կանգնեցնել նենց տեղ, որ մարդաշատ լինի, ապահով, մտքովս անգամ չէր անցնում նման բան, ու մտածում էի, որ շատ կարճ կլինի հանդիպումը, բայց հանդիպումը ձգձգվեց, մոտ 40 րոպե, ու երբ վերադարձա, էդ դեպքը եղել էր»: Արտաշես Գալուստյանը  իրավապահ մարմիններում հարցաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբներին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են եւ որի ժամանակ վերջինս Կարաքեշիշյանին է փոխանցել «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա իբր նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության տնօրենի կողմից տեղափոխված գումարի եւ դրա օրվա հաճախականության վերաբերյալ տեղեկատվություն: Խոսքը մինչեւ 200 միլիոնի մասին էր:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում ավարտվել է  այս գործով դատական վիճաբանությունների փուլը: Բողոքաբեր, օժանդակության համար դատապարտված Աշոտ Առուշանյանը մի քանի օր հետո հանդես կգա վերջին խոսքով:

Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ կողմից վարույթն իրականացնող մարմնին 16.07.2012թ. տրամադրված տեղեկանքի ուսումնասիրությունից հետեւում է, որ ՍՊԸ կողմից «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի հաշվարկային հաշվին 2011թ. մայիս ամսից մինչեւ հունիսի 5-ը՝ 200 միլիոն կամ դրանից ավելի գումար մուտք չի արվել, հետեւապես բանկի համակարգչային բազայում նման տվյալ չէր կարող լինել, եւ Աշոտ Առուշանյանն էլ այդպիսի տվյալ չէր կարողանա ունենալ եւ այլ անձանց փոխանցել: «Նշված փաստաթղթի համաձայն՝ մայիս ամսվա եւ մինչեւ հունիսի 5-ը տեղափոխված գումարը, ամենաքիչ քանակությունը կազմել է 5 միլիոն դրամը՝ 14.05.2011թ., իսկ ամենախոշոր չափի գումարը կազմել է 179 միլիոն դրամը՝ 17.05.2011թ.: Ակնհայտ է, որ 5 միլիոնը նման չէ 10 միլիոնի, իսկ 179-ը՝ 200 միլիոնի: Նշված փաստաթղթում առկա է 200 միլիոնից ավելի տեղափոխելու մեկ դեպք, ուղղակի նախաքննական մարմինը, ըստ իս, թելադրելուց կամ Արտաշես Գալուստյանը իրականությանը չհամապատասխանող տվյալ ներկայացնելուց հաշվի չէին առել, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ կողմից այդ 200 միլիոնից ավելի գումար տեղափոխելու օրը՝ 07.06.2011թ., Աշոտ Առուշանյանն արդեն մի քանի օր էր՝ Հայաստանում չէր գտնվել եւ հետեւապես նման ենթադրյալ տվյալներ չէր կարող ձեռք բերել համակարգչային բազայից եւ տրամադրեր»,- ասում է Լ. Սիմոնյանը:

Ի դեպ, հանգուցյալ, այս գործով որպես կասկածյալ հարցաքննված Արտաշես Գալուստյանի ցուցմունքը հերքվում է:

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ Աշոտ Առուշանյանի, Էդգար Կարաքեշիշյանի եւ Արտաշես Գալուստյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարների մուտքային եւ ելքային հեռախոսազանգերի վերծանումներից պարզվել է, որ ոչ 2011թ. հունիս-հուլիս ամիսներին, ոչ էլ մեկ այլ ժամանակահատվածում, միաժամանակ չեն սպասարկվել Օպերայի տարածքը նշված օպերատորներին սպասարկող կայաններից: Հետեւապես, ըստ Լիպարիտ Սիմոնյանի փաստարկների. «այս ապացույցների համադրումով նույնպես հերքված է ինչպես Արտաշես Գալուստյանի կողմից ընդդեմ Աշոտ Առուշանյանի տված ցուցմունքը, այնպես էլ Աշոտ Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նշված այն միտքը, թե. «Ա. Առուշանյանը 2011թ. հունիս ամսին, քննությամբ չպարզված օրը, Երեւանի «Կարապի լճի» տարածքում գտնվող սրճարաններից մեկում հանդիպել է Էդգար Կարաքեշիշյանին եւ Ա.Գալուստյանին: Հանդիպման ընթացքում վերջիններիս տեղեկություն է հայտնել «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Մանուկյանի կողմից սպիտակ գույնի «Ինֆինիտի» մակնիշի 990 ԼՏ 02 պետհամարանիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Արմաշ գյուղից Երեւան քաղաք մեծ քանակությամբ գումար տեղափոխելու մասին՝ միաժամանակ նույն պահին Էդ.Կարաքեշիշյանին է փոխանցել մինչ այդ իր կողմից «HSBC բանկի» համակարգչային բազայից ձեռք բերված, թղթի վրա տպված գրավոր տեղեկատվություն՝ ընկերության փոխտնօրեն Ա. Մանուկյանի կողմից Երեւան գալու օրերի հաճախականության, այդ օրերին տեղափոխված եւ բանկ վճարված խոշոր՝ 10 միլիոն դրամից մինչեւ 200 միլիոն դրամ գումարների վերաբերյալ»:

Փաստաբան Լ. Սիմոնյանի կարծիքով, Արտաշես Գալուստյանի ցուցմունքները չեն կարող դրվել Աշոտ Առուշանյանի մեղադրանքի հիմքում, քանի որ դրանք ձեռք են բերվել պաշտպանական իրավունքի էական խախտումներով:

Ասվածի հավաստումն այն էր, որ քննիչի կողմից մոտ 8 օր Արտաշես Գալուստյանի պաշտպանությունը իրականացնելու համար չի ներգրավվել ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի կողմից նշանակված պաշտպան Ռ. Սիրեկանյանը, որից հետո օրենքի էական խախտմամբ ընդունել է մեղադրյալի պաշտպանից հրաժարումը, այն դեպքում, երբ Լ. Սիմոնյանի տեղեկացմամբ, այդ հրաժարումը պայմանավորված է եղել վճարման միջոցների բացակայությամբ, իսկ հրաժարումը իրականացվում էր առանց այն պաշտպանի ներկայության, որը կարող էր նշանակվել կամ նշանակված էր, ինչպես նաեւ մյուս մեղադրյալի եւ Արտաշես Գալուստյանի շահերի միջեւ առկա էր հակասություն, իսկ Էդգար Կարաքեշիշյանը ուներ պաշտպան:

Հետեւաբար, քննիչի կողմից Արտաշես Գալուստյանը 20.06.2012թ. եւ 21.06.2012թ. հարցաքննվել է եւ նրա ցուցմունքները՝ ապացույցները, ձեռք են բերվել պաշտպանական իրավունքի խախտմամբ:

Պաշտպանն իր պաշտպանական ճառում մեջ էր բերել ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկում արձանագրվածը. «Իրավաբանական օգնությունից օգտվելու, այն է՝ պաշտպան ունենալու վերաբերյալ անձի հստակ եւ կամավոր արտահայտած ցանկությունը պարտադիր է վարույթն իրականացնող մարմնի համար: Ինչ վերաբերում է իրավաբանական օգնությունից, այն է՝ պաշտպան ունենալուց կամ նշանակված պաշտպանից հրաժարվելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով թույլատրելի դեպքերին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից անձի հրաժարումը պետք է ընդունվի միայն այն դեպքում, երբ հաշվի առնելով անձի տարիքը եւ հետազոտելով պաշտպանության իրավունքից նրա հրաժարվելու դրդապատճառները, վարույթն իրականացնող մարմինը կգա այն համոզման, որ.

ա/ նման ցանկություն նա հայտնել է ինքնակամ, սեփական նախաձեռնությամբ եւ այն պարտադրված չէ գործի քննության հանգամանքներով,

բ/ նա կարողանում է ամբողջությամբ գիտակցել իր վարքագծի հետեւանքները,

գ/ անձն ի վիճակի է ինքնուրույն իրականացնել իր պաշտպանությունը»:

Վերաքննիչ դատարանում բողոքաբեր կողմը հայտնել է, որ գործի փաստական տվյալներից հետեւում է, որ Արտաշես Գալուստյանի հրաժարումը պարտադրված է եղել գործի քննության հանգամանքներով: Ի դեպ, պաշտպանից հրաժարվելուց մի քանի օր անց Արտաշես Գալուստյանը ինքնասպան է եղել, ինչը, ըստ պաշտպան Լ. Սիմոնյանի, «վկայում է այն մասին, որ նա ունակ չէր ամբողջովին գիտակցել իր վարքագծի հետեւանքները»:

Ի դեպ, Ա. Առուշանյանը 2003թ. գերազանց՝ ոսկե մեդալով ավարտել է Ա. Մանուկյանի անվան վարժարանը:

2007թ. գերազանց գնահատականներով ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով «Տնտեսագիտության» բակալավրի աստիճան:

2009թ. նույնպես գերազանց գնահատականներով ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ֆինանսներ, դրամաշրջանառություն եւ վարկ կողմնորոշմամբ՝ ստանալով «Տնտեսագիտության» մագիստրոսի աստիճան:

Համատեղ սովորել եւ 2009թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման ֆակուլտետը եւ ստացել «Գործարար կառավարման» մագիստրոսի կոչում:

Հանդիսանում է «Ռազմավարական պաշտպանություն քաղցկեղից» հասարակական կազմակերպության նախագահ:

2009թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան, եւ 2012թ. հունիսի 28-ին նախատեսված էր նրա՝ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար ատենախոսության հրապարակային պաշտպանությունը՝ «Հարկային վարչարարության կատարելագործման խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:

2008թ. փետրվարի 1-ից աշխատում էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում, իսկ 2010թ. հունիսի 20-ից՝ նույն բանկում որպես «Ռիսկերի կառավարման» բաժնի գլխավոր մասնագետ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031