«Առավոտը» «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ հոբելյանական կինոփառատոնի ավարտից հետո կապվեց ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի հետ: Նշեցինք, որ «Ոսկե ծիրանի» թիմը իսկապես իր թուրը փառքով դրեց պատյան ու հետաքրքրվեցինք՝ այս պահին ինչով են զբաղված կինոփառատոնի կազմակերպիչները: «Ծանոթանում ենք այն ֆիլմերին, որոնք չընդգրկվելով այս կամ այն անվանակարգում, չենք հասցրել դիտել»,- նշեց պարոն Խաչատրյանը: Ռեպլիկին՝ ի՞նչ է նշանակում չենք հասցրել, մեր զրուցակիցը մանրամասնեց. «Դրանք այն նկարներն են, որոնք հունիսի 1-ից հետո, այսինքն՝ նշված ժամկետից հետո են մեզ հասել»:
Դիտարկմանը, թե արդարացի՞ է, արդյոք, ասենք, փորձառու կամ վարպետ ռեժիսորների նույն անվանակարգում մրցելը երիտասարդների հետ, Հարություն Խաչատրյանը, համակարծիք լինելով մեզ հետ, ասաց. «Այս պահին, ճիշտն ասած, ձեր դիտարկումն ենք քննարկում, միայն թե հաստատ չեմ կարող ասել՝ հաջորդ տարի դա կյանքի կկոչենք, թե ոչ: Մտածում ենք, որ մեծ վարպետները դարձյալ թող համենան մեր երկիր, ցուցադրեն իրենց ֆիլմերը, վարեն վարպետության դասընթացներ… Իսկ փառատոն-մրցույթն անցկացվի միայն երիտասարդների միջեւ: Առայժմ մտածում ենք այս ուղղությամբ…»:
Ս. Դ.
«Առավոտ» օրաթերթ