Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Armenian Tours»-ը «ռասկրուտկա» է անում Երեւանի օպերային թատրոնը

Հուլիս 18,2013 13:30

Առաջին անգամ «ՕՊԵՐԱ ՏՈՒՐ» է իրականացվում Հայաստանում

Քաղաքակիրթ երկրների օրինակով՝  մեզանում սկսեց գործել «ՕՊԵՐԱ ՏՈՒՐ» նոր, մասնագիտական բնորոշմամբ՝ տուրիստական արդյունքը, որը կոչված է ներկայացնելու Երեւանի բրենդը հանդիսացող ամենագրավիչ ճարտարապետական կոթողներից մեկը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Նշենք, որ վաղուց արեւմտյան տուրիստական բազմաթիվ գործակալություններ զբաղված են ցանկացած երկրի համար թանկ հաճույք համարվող իրենց օպերային թատրոններին (օրինակ՝ «Լա Սկալա», «Մետրոպոլիտեն», «Քովեն Գարդեն» եւ այլն) ներկայացնելու առաքելությամբ, ասել է թե՝ «ռասկրուտկայով»:

«Առավոտը» հանդիպեց «ՕՊԵՐԱ ՏՈՒՐ»-ի մտահղացման  հեղինակ, «Armenian Tours» ընկերության գլխավոր տնօրեն Մարինե Հայրապետյանի հետ:

Մեր զրուցակիցը նշեց, որ Երեւանի օպերային թատրոնում էքսկուրսիոն ծրագրերը կանցկացվեն 9 լեզվով՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, չինարեն, պարսկերեն, իսպաներեն եւ իհարկե՝ մայրենիով:

«Էքսկուրսիոն ծրագիրը հետաքրքիր միջոց է արտերկրացուն ծանոթացնելու կոնկրետ ոչ միայն մեր օպերային թատրոնի շենքի նախագծման ու կառուցման պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին ու ներքին հարդարանքին, այլեւ եզակի հնարավորություն է՝ տեսնելու կառույցի անդրկուլիսյան հատվածները, հիանալու բացօթյա պատշգամբից բացվող գեղեցիկ համայնպատկերով, ծանոթանալու հայ ազգային օպերայի ավանդույթներին ու հայ երգիչներին»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը: Տիկին Հայրապետյանը նշեց նաեւ, որ կանցկացվեն, օրինակ, էքսկուրսիա -leitmotiv, որը կուղեկցվի թատրոնի մեներգիչների կատարումներով, էքսկուրսիա-intermezzo, ինչը ենթադրում է մինչեւ 40 րոպե տեւողությամբ համերգային ծրագիր, էքսկուրսիա- repetitio. սա էլ հնարավորություն է էքսկուրսիայի հետ միաժամանակ մասնակցել որեւէ ներկայացման գլխավոր փորձին եւ այլն:

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ մեր երկիր զբոսաշրջիկների համար կկազմակերպվեն նաեւ հանդիպումներ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի, բալետմայստերի, խմբավարի, ինչպես նաեւ բալետային ու երգչական կազմի մենակատարների հետ:

Մարինե Հայրապետյանը հավաստիացրեց, որ իր ընկերությունը համագործակցում է արտերկրյա, ինչպես նաեւ հայաստանյան գործընկերների հետ, նշելով, որ արդեն առաջին քայլն արվել է. օրերս օպերային թատրոն են այցելել մի խումբ գերմանացի զբոսաշրջիկներ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031