Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրանակերտում ներկայացվեց Չուխաջյանի «Կարինեն»

Հուլիս 18,2013 13:20

karine-1Արցախցին երկրորդ անգամ առնչվեց օպերային արվեստի հետ

Չուխաջյանի «Կարինե» կամ «Լեբլեբիջի Հորհոր աղա» կոմիկական օպերետի պրեմիերան մասնագետները նշում են 1943թ., մինչդեռ արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի հավաստիացմամբ՝ հիշյալ օպերետն առաջին անգամ բեմադրվել է 1941թ., ներկայիս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տեղում գտնվող երկհարկանի փայտյա շենքում: Օպերետն իրականացրել են բեմադրիչ Թաթիկ Սարյանն ու դիրիժոր Արամ Տեր-Հովհաննիսյանը: Եվ միայն 1943թ. այս բեմադրությունը «տեղափոխվեց» օպերետի թատրոնի շենք: «Կարինեն» դարձյալ  օպերետի թատրոնում 1950թ. իրականացրել են ռեժիսոր Վարդան Աճեմյանն ու դիրիժոր Գուրգեն Կարապետյանը: Իսկ  Արտեմի Այվազյանի խմբագրմամբ 1-2 տարի հետո միայն օպերետը հայտնվեց ազգային օպերային թատրոնում՝ կրկին աճեմյանական մեկնաբանմամբ: 1990-ականների սկզբներին էլ հիշյալ ստեղծագործությանն անդրադարձան բեմադրիչ Տիգրան Լեւոնյանն ու դիրիժոր Յուրի Դավթյանը, բեմադրությունը խաղացանկում մնաց շուրջ 5 տարի: Այս օրերին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ընթանում են «Կարինեի» փորձերը՝ երեք  անվանի արվեստագետներ՝ ժողովրդական արտիստներ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի, նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի եւ դիրիժոր Յուրի Դավթյանի ղեկավարությամբ:

Օրերս «Կարինեն» ցուցադրվեց Արցախում, մ.թ.ա. I դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից հիմնված հին հայկական հելենիստական Տիգրանակերտ քաղաքում, ավելի ստույգ՝  Տիգրանակերտի տարածքում գտնվող ուշ շրջանի կանգուն ամրոցում 2010թ. բացված պեղումների թանգարանում: Օպերետն իրականացրել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը հայտնեց, որ ներկայացմանն ընդգրկված են եղել  Արցախի «Վարարակն» պետական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Նինա Գեւորգյան), օպերային ստուդիայի նվագախմբի փոքր կազմը: Գլխավոր դերերգերով հանդես են եկել «Վարարակնի»  մեներգիչներ Սոֆա Մելքումյանը (Կարինե), Սասուն Պողոսյանը (Արմեն), Վահան Բեգլարյանը (Հորհոր աղա), Արսեն Օհանջանյանը (Մարգար), Տաթեւ Եվրիյանը (Շուշան), ներկայացումը վարել է Նինա Գեւորգյանը: Ռեժիսորը հատուկ նշեց Արցախի կառավարության եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նաիրա Աղաբալյանի սրտացավ վերաբերմունքի մասին: Հիշեցնենք, որ շուրջ երկու տարի առաջ արցախցին իր տանը  առաջին անգամ օպերա է դիտել (Տիգրանյանի «Անուշ») դարձյալ ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի բեմադրությամբ:

Պարոն Հովհաննիսյանի խոսքերով՝ «ապշած էի, երբ հանդիպեցի մեծ թվով հանդիսատեսի, այն դեպքում, երբ Տիգրանակերտը Ստեփանակերտից 40 կմ հեռու է ու ներկայացումն էլ ընդամենը մեկ օր էր  գովազդվել արցախյան TV-ով եւ աննկարագրելի հոծ բազմության ներկայության դեպքում ստիպված էի մինչ ներկայացման սկիզբը որոշ միզանսցեններ փոփոխել, քանի որ ներկայացման գործողությունները տեղի էին ունենում ոչ թե հատուկ պատրաստված բեմում, այլ հենց բացօթյա թանգարանում: Մեր զրուցակիցը տեղեկացնելով, որ կշարունակվեն Արցախում իրականացվել օպերաների բեմադրություններ, ասաց, թե նախարար Նաիրա Աղաբալյանի հետ մտածում են հաջորդ նախագիծը լինի ոչ թե հայկական, այլ որեւէ գործ՝ համաշխարհային օպերային  գրականության գանձարանից:

Նշելով արցախցի հանդիսատեսի վերաբերմունքը, ինչից ոգեւորվել էր նաեւ ինքը, պարոն Հովհաննիսյանը հպարտորեն նշեց, որ արցախցի երգիչներն, ի վերջո, Երեւանի կոնսերվատորիայի կադրերն են ու նման նախագծերի շնորհիվ «ռեալիզացվում» են արցախցի երիտասարդ արվեստագետները, այս դեպքում՝ երգիչները:

Հարցին, թե ժամանակին մեզ հետ զրույցում ասել էիք, թե կգա մի օր, որ Արցախում էլ կհիմնվի օպերային թատրոն, Հովհաննես Հովհաննիսյանը հակիրճ պատասխանեց. «Անշուշտ, կրկնում եմ՝ Արցախում օպերային թատրոն հիմնելու համար կա անհրաժեշտ պոտենցիալը»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԱՅՈՒՀԻ says:

    Տիգրանակերտո՞ւմ, թե՞ Ստեփանակերտում։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031