Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Լուսինե Սահակյանի դեմ սպառնալիքների գործով կա մեղադրյալ

Հուլիս 18,2013 12:45
«Փաստինֆո»ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ սպառնալիքների  ու վիրավորական արտահայտությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով  կա մեղադրյալ: Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների, Ժորա Բդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 347-րդ հոդվածով՝  նախնական քննություն վարելու  կամ արդարադատություն իրականացնելու հետ կապված սպառնալիքը կամ բռնի գործողությունները:    Նույն հոդվածի հատկանիշներով  ավելի վաղ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել,  հետագայում Լուսինե Սահակյանը ճանաչվել էր որպես այդ գործով տուժող:  Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ապրիլի 5-ի դատական նիստի ժամանակ  Լուսինե Սահակյանի հասցեին հնչել էին սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ, ինչը դատարանի կողմից անարձագանք էր մնացել: Հիշյալ սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի պաշտպան Լ.Սահակյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել էր, որ դատարանում նախկին քաղաքապետի կողմնակիցների կողմից իր պաշտպանյալի հարազատների ու ընկերների հասցեին սպառնալիքներ անընդհատ են հնչում, սակայն իր հասցեին դրանք հնչել են առաջին անգամ: Փաստաբանի կարծիքով՝ սպառնացող անձինք նպատակ ունեին դատարան հրավիրված վկայի՝ մտավոր հիվանդությամբ տառապող երեխայի վրա ճնշում գործադրել ու դատարանում գոռգոռոցներով ու սպառնալիքներով վախեցնել նրան: Երեխան մեղադրող կողմի համար առանցքային վկա է, ըստ գործի նյութերի, նա տեսել է, թե ինչպես է Հ.Սարգսյանը նստում Կարեն Եսայանի մեքենան:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով  փաստաբանի  հասցեին սպառնալիքների փաստով քրեական գործ հարուցել: Գլխավոր դատախազությունը  դիմումն ուղարկել էր  ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժին՝ հանձնարարելով  փաստի առթիվ նյութեր նախապատրաստել։ Հետաքննության արդյունքում  էլ հարուցվել էր հիշյալ  քրեական գործը:

Ինչպես իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց,  քրեական գործի հարուցումը և հնարավոր դատական հեռանկարը  կանխարգելիչ ազդեցություն չի  ունեցել և նոր նմանօրինակ դեպք է տեղի ունեցել  հիշյալ գործով հուլիսի 16-ի դատական նիստի ժամանակ: Շիրակի մարզի դատախազին ուղղված գրությամբ  փաստաբան   Լուսինե Սահակյանը   հայտնել էր, որ  Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով  նույն օրվա դատական նիստին որպես վկա հրավիրված Վ. Ղուկասյանը վիրավորական արտահայտություններ է արել, այդ թվում՝ իր  հասցեին:  Կարծում ենք, որ դատավարության կողմերի նկատմամբ այսօրինակ միջադեպերը պետք է լուրջ մտահոգության  տեղիք տան  նաև դատարանին՝   ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու դատավարության բնականոն ընթացքն ապահովելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031