Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղտնազերծված զեկույցում հայերը «Թուրքիայի թշնամիներ» են ներկայացվում

Հուլիս 18,2013 12:12

Azatutyun.amԹուրքիայի ամենաազատական պարբերականներից մեկը` Radikal-ը, օրերս գաղնտազերծել ավելի քան 30 տարի առաջ պատրաստված պաշտոնական մի փաստաթուղթ, որում հայերը բնութագրվում են որպես «թուրքական պետության թշնամիներ»:

Խոսքը 1980 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից մի քանի շաբաթ առաջ բարձրագույն հրամանատարական կազմի համար կազմված մի զեկույց  մասին է, որ նվիրված է երկրում բնակվող ազգային փոքրամասնություններին: Զեկույցի հեղինակն է թուրքական բանակի գլխավոր շտաբի այն ժամանակվա ղեկավար, հետագայում երկրի նախագահ ընտրված գեներալ Քենան Էվրենը (լուսանկարում): Փաստաթղթից որոշ հատվածներ է մեջբերում նաև Լոս Անջելեսում լույս տեսնող «Ասպարեզ»-ը՝ արձանագրելով, որ Էվրենի զեկույցի հիմնական նպատակներից մեկը Հայոց ցեղասպանության ժխտումն ու հայերի կոտորածների արդարացումն էր:

«Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում հայտնվեց բավական ծանր կացության մեջ: Պատճառը հայերի դավաճանությունն էր և նրանց կողմից վարվող շարունակական հանցավոր գործունեությունը: Այդ իսկ պատճառով հայերին ռազմական գործողությունների գոտուց տարհանելը խիստ անհրաժեշտ էր: Տեղի ունեցածը արդարացված էր և օրինական՝ իրականացված այդ ժամանակաշրջանում տիրող պայմաններին համապատասխան: Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ այս ամենը կատարվել է թուրքերին պատկանող օսմանյան տարածքներում»,- իր գաղտնի զեկույցում գրել է գեներալ Էվրենը:

Անդրադառնալով 1915 թվականի զոհերի թվաքանակի շուրջ վեճերին՝ թուրքական բանակի հրամանատար է նշել է․-«1.5 միլիոն զոհերի մասին պնդումները սուտ են: Հայերի շրջանում զոհերի իրական թիվը տատանվում է 50 հազարից 100 հազարի միջև: Թուրքական կողմի կրած կորուստները շատ ավելի դաժան էին»:

Դիմելով ենթականերին` Քենան Էվրենը նաև զուգահեռներ է անցկացնում 20-րդ դարասկզբի և զեկույցը կազմելու ժամանակաշրջանի՝ 1980 թվականին ծավալված իրադարձությունների միջև:

«Հայերն այդպես էլ չհասկացան, որ իրենց նախնիները զոհվել են եվրոպական [պետությունների] քաղաքականության պատճառով: Այսօր ևս նրանք  կարող են հայտնվել զոհի կարգավիճակում՝ ներգրավվելով ժամանակակից Թուրքիայում ծավալված իրադարձություններին»,- 1980 թվականի ամռանը գրում էր երկրի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը՝ ակնարկելով մասնավորաբար 70-ականների կեսերից թուրքական շահերի դեմ գործող հայկական զինված կառույցների գործունեությանը: Էվրենը մատնանշում է հայկական խմբավորումների կապը պաղեստինցիների և քրդերի հետ:

Խոսելով Թուրքիայի հայության մասին՝ գեներալ Էվրենը քննադատության մի իսկական տարափ է տեղում Պոլսի հայոց պատրիարքարանի հասցեին: Պատճառը հայ հոգևորականների՝ Արևելյան Անատոլիայում ծավալած գործունեությունն է, որը փաստորեն կանխել է Ցեղասպանությունից հետո այս տարածքներում դեռևս բնակվող սակավաթիվ հայերի ձուլման ու կրոնափոխության գործընթացը:

«1967 թվականից ի վեր Արևելյան Անատոլիայում բնակվող հայերը սկսել են տեղափոխվել Ստամբուլ: Անապհով հայ ընտանիքների երեխաները սկսում են ուսումնառությունը Ստամբուլի հայկական երկու դպրոցներում՝ «Արամյան-Օյունջյան» և «Անաղարտ հղիության» վարժարաններում: Ստեղծված իրավիճակում` Պոլսի հայոց պատրիարքարանը օգտվում է իրադրությունից, մասնավորաբար, համոզելով երեխաներին կրկին հայկական անուններն ընդունել»,- գրում է Էվրենը:

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031