Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանով ռուսները փորձեցին միգրանտների դեմ ալիք բարձրացնել». Ստեփան Գրիգորյանը՝ Հրաչյա Հարությունյանի դեպքի մասին (Տեսանյութ)

Հուլիս 18,2013 12:07

«Թող գնան ու ՌԴ փողոցներում ման գան հարբած, ընկած, տակը արած մարդկանց ու կտեսնեն, որ они мычат»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հայացք» ակումբում հայտարարեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով Մոսկվայի մերձակայքում Հրաչյա Հարությունյանի հետ կապված խոշոր ավտովթարին ու նրա նկատմամբ ռուսական կողմի վերաբերմունքին:

Նա նկատեց, որ ՌԴ-ն խնդիրը քաղաքականացնում է ու շարունակեց. «Սպասել, որ կլինի օբյեկտիվ դատավարություն, միամիտ կլինենք: Սա կոչվում է հաշվեհարդար»: Պարոն Գրիգորյանը կարծում է, որ այս հարցերը պետք է հստակ դնենք Ռուսաստանի առաջ:

Ինչ վերաբերում է Հրաչյա Հարությունյանին՝ Հայաստան վերադարձնելու հարցին, պարոն Գրիգորյանը նշեց. «Մենք ՌԴ-ի հետ ունենք ընդհանուր դաշտ, նրանք հետ ունենք ստորագրված փաստաթղթեր ու գիտեմ դեպքեր, երբ մենք իրար օգնել ենք»:

Պարոն Գրիգորյանի համար կարևոր է այն հարցը, արդյոք ավտոբուսի վարորդն ի՞նչ վիճակում է եղել՝ խմա՞ծ, թե՞ ոչ:

Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Բալոյանն էլ տեսանյութը դիտելիս եկել է հետևյալ եզրակացության. «Եթե Կամազը ճակատ ճակատ բախվեր տրանսպորտին, ապա համոզված եմ, որ զոհերի քանակը կլիներ ավելի շատ, քան որ մեր հայրենակիցը իր գործողություններով կարողացել է ճիշտ կողմնորոշվել ձախ թեքվել և մեքենայի բախումը եղել է կիսակողաշրջված վիճակում: Պատկերացրեք, եթե միմյանց դեմ առ դեմ բախվեին: Սա վկայում է վարորդի բազմամյա փորձի մասին»:

Պարոն Բալոյանը տեղեկացրեց. «Ես Հարությունյանին պաշտպանելու համար գումար չեմ պահանջում: Ուղղակի Մոսկվայում պաշտպանություն իրականացնելը կապված է որոշակի ծախսերի հետ: Ինձ արդեն զանգահարել են բազում քաղաքացիներ ՀՀ-ից, Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, ու բազմաթիվ առաջարկներ կան»:

Aravot.am-ը պարոն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ համամի՞տ է այն կարծիքին, որ ՌԴ վերնախավում այս միջադեպն օգտագործում են, որպես ճնշում ՀՀ-ի նկատմամբ՝ մասնավորապես Եվրասիական Միության անդամագրման համատեքստում: Պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Այս կամպանիան, գազի թանկացումը կապ չունի Ձեր նշած խնդիրների և մեր՝ Եվրոպայի հետ աշխատանքների հետ: Սա կապված է նրա հետ, որ ՌԴ-ն միգրանտների հետ խնդիր ունի, հազարավոր միգրանտներ են տարբեր երկրներից, ՌԴ-ն էլ հոգնում է դրանից: Սա վառ դեպք է և սրանով ռուսները փորձեցին միգրանտների դեմ ալիք բարձրացնել: Անպայման չէ, որ հայերի դեպքում է նպատակաուղղված, այլ պարզապես Ռուսաստանն ունի լուրջ խնդիրներ միգրանտների հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031