Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահ. Պաշտպանության բանակը պատրաստ է չեզոքացնել բլից-կրիգի ամեն մի փորձ

Հուլիս 18,2013 11:39

Հատվածներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի «Ազգ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցից:

– Անընդհատ խոսվում է Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին, սակայն բացումն այդպես էլ հետաձգվում է: Ի վերջո ե՞րբ կբացվի օդանավակայանը: Կա՞ն հստակ ժամկետներ:
– Օդանավակայանը կբացվի այն ժամանակ, երբ լուծված լինեն դրա հետ կապված բոլոր խնդիրները: Մենք դեռեւս ունենք տեխնիկական եւ մի շարք այլ հարցեր, որոնց կարգավորման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Դրանք հաջողությամբ ավարտելուց հետո օդանավակայանը կսկսի գործել:
– Պարոն նախագահ, բազմաթիվ ռազմական փորձագետների գնահատմամբՙ Ադրբեջանը ոչ թե պատերազմ կսկսի, այլ այսպես կոչված բլից-կրիգի տարբերակով կփորձի ակնթարթային հարձակում գործել եւ ծանր հետեւանքներ թողնել: Մեր պաշտպանության բանակը որքանո՞վ է պատրաստ նման անակնկալների:
– Պաշտպանության բանակը, բնական է, պատրաստ է դիմակայելու թշնամու ամեն մի ոտնձգության, այդ թվում նաեւ` չեզոքացնել բլից-կրիգի փորձ: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այս սցենարն ուղղակի անհնարին է մի շարք պատճառներով: Մենք ունենք հզոր պաշտպանական համակարգ, որն ի վիճակի է կասեցնել նման հարձակումը, եւ երկրորդՙ եթե թշնամին կրկին հարձակվի Արցախի վրա, ապա այս պատերազմը նույնպես կլինի հայրենական պատերազմ, որին կմասնակցեն ողջ Արցախն ու համայն հայությունը, իսկ նման դեպքում բլից-կրիգ ուղղակի հնարավոր չէ իրականացնել:
– Խոսելով Արցախի ապագայի մասին` չի կարելի շրջանցել ազատագրված տարածքներում վերաբնակեցման հարցն ու դեմոգրաֆիկ աճը: Այս առումով ո՞րն է պետության հստակ դիրքորոշումն ու ի՞նչ հաջողությունների ենք հասել:
– Ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ «ազատագրված տարածքներ» հասկացությունը մեզ մոտ վաղուց արդեն չի գործածվում: Արցախի Հանրապետությունն ունի սահմանադրությամբ ամրագրված սահմաններ ու վարչատարածքային բաժանում, եւ այստեղ այլ դասակարգում անընդունելի է:
Ինչ վերաբերում է ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, ապա մեր պետության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից մեկն է, եւ իշխանությունների կողմից լուրջ աշխատանք է տարվում այս ուղղությամբ: Արդեն իսկ գրանցվել է դրական դինամիկա: Բնակչության աճը տեսանելի է Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում, ընդ որում` աճի ամենաբարձր տեմպն առկա է Քաշաթաղի շրջանում:
Խոսելով ժողովրդագրական իրավիճակի մասին` անհրաժեշտ է չմոռանալ, որ դրա բարելավումը սերտորեն կապված է տնտեսության համապատասխան զարգացման հետ: Իհարկե, մեր պարագայում մեծ նշանակություն ունի նաեւ հայրենասիրությունը, սակայն, եթե համակարգված աշխատանք չիրականացվի տնտեսության զարգացման ոլորտում, ապա անհնարին կլինի հասնել ցանկալի արդյունքի, հատկապես երկարաժամկետ հեռանկարով:
– Պարոն նախագահ, մենք մի քանի անգամ ականատես ենք եղել, թե ինչպես եք երեկոյան շրջում Ստեփանակերտում կամ Շուշիում առանց թիկնապահների ուղեկցության եւ հաճախ զրուցում քաղաքացիների հետ: Այդ հանդիպումների ժամանակ քաղաքացիներն ինչպիսի՞ հարցեր են բարձրացնում, ի՞նչն է այսօր առավելապես անհանգստացնում արցախցուն:
– Ես հաճախակի եմ շփվում մեր քաղաքացիների հետ եւ ոչ միայն Ստեփանակերտում ու Շուշիում, այլեւ նույնիսկ ամենահեռավոր գյուղերում: Այդ շփումները ոչ միայն մեծ բավականություն են պատճառում ինձ, այլ նաեւ կարեւոր են աշխատանքային տեսանկյունից: Հարցերը զանազան են եւ կրում են թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական բնույթ: Որոշ հարցեր լուծվում են տեղում, մյուսների համար պահանջվում է ավելի երկար ժամանակ:
Ընդհանուր առմամբ, այդ բոլոր հանդիպումներից կարելի է ենթադրել մեկ բան` արցախցին ամուր է կանգնած իր հողի վրա, վստահ է ապագայի հանդեպ եւ պատրաստ է սեփական ուժերով բարելավել իր կյանքն ու զորացնել հայրենիքը: Կարծում եմ` այս հույսը, հավատը եւ նվիրվածությունն են մեր բոլոր հաջողությունների գրավականը:
Զրուցեց ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031