«Ժամանակն է, որ խաղաղությամբ լուծվեն հակասությունները, քանի որ պատերազմը որևէ արդյունք չի բերել, քան մահ ժողովուրդների համար: Մենք կոչ ենք անում, որ կառավարությունները ոչ թե ռազմական աշխատանքով զբաղվեն, այլ նստեն սեղանի շուրջ և միմյանց հետ համագործակցելով լուծեն Ղարաբաղի հարցը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի պատգամավոր Մարի Ֆիքարան:
Նա նշեց, որ Ուելսի խորհրդարանին է ներկայացրել ԼՂՀ ճանաչման մասին բանաձև: Մանրամասնելով ասաց. «Այդ բանաձևը ոչ միայն առաջին քայլն էր ԼՂ ճանաչման գործընթացում, այլև ճանաչման հարցում կոչ էր շարունակական գործընթացների, որ մյուս պետություններն էլ ճանաչեն»: Պատգամավորն այս համատեքստում կարևորեց նաև Հայոց ցեղասպանության ճանաչումը և հիշեցրեց, որ Ավստրալիայի խորհրդարանն առաջինն էր, որ 1997-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Նշենք, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի յոթ պատգամավորներ վերջին շաբաթվա ընթացքում հանդիպումներ են ունեցել, ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այցելել ԼՂՀ:
Նոր Հարավային Ուելս նահանգի պատգամավոր Ֆրեդ Նայլն էլ խորհրդարանի պալատին ներկայացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև: Պատգամավորը պատմեց, թե դրա արդյունքում ինչպիսի ճնշումների է ենթարկվել թուրքական կողմից. «Թուրքիայի դեսպանն ինձ նամակ ուղարկեց և իր բողոքի ձայնը բարձրացրեց այս կապակցությամբ: Բայց միևնույն է, իմ գործը պիտի շարունակեմ և աշխատեմ Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու նպատակով: Ավելին, կոչ եմ անում, որ բացվի Ստեփանակերտի օդանավակայանը և դրա արդյունքում զարգանա նաև ԼՂՀ տնտեսությունը»:
Կարդացեք նաև
Նոր Հարավային Ուելս խորհրդարանի պատգամավոր, նահանգի տրանսպորտի նախարար Գլադիս Բերեջիքլյանն ավելի մանրամասն պատմեց, թե ինչպիսի ճնշումների ենթարկվելով են իր պատգամավոր գործընկերները աշխատում հայոց ցեղասպանության և ԼՂՀ ճանաչման հարցերի շուրջ. «Մեզ համար կարևորն է Ավստրալիայում վկայել այն առաջադիմության մասին, որ տեսանք Հայաստանում և Ղարաբաղում: Վերջին վեց ամսվա ընթացքում թուրքական կառավարությունը ամենածանր ձևերով ճնշումներ է իրականացնում, ագրեսիվ են մոտենում այն անձանց նկատմամբ, որոնք զբաղվում են այս հարցերով: Բայց ի պատիվ այս պատգամավորների՝ նրանք շատ քաջ են, և թուրքական ճնշումը նրանց մտքերը չկարողացավ փոխել, քանի որ համոզված էին իրենց կարծիքում և չփոխեցին իրենց կեցվածքը»:
Պատգամավոր Դեյվիդ Քլարքն էլ, խոսելով ԼՂՀ այցելության մասին, նշեց. «Երբ ԼՂՀ այցելեցինք, մեզ թվաց, որ երկիրն ավերակներից է վերականգնվել: Տեսանք այդ ժողովրդի կամքն ու ուժը, որ կարողացել են, չնայած մարտահրավերների կառուցել այդ հպարտ պետությունը:Ինչպես բոլոր ժողովուրդները, այնպես էլ Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք»:
Հայաստան-Ավստրալիա բարեկամական հանձնախմբի նախագահ Ջոնաթան Օդեյն էլ ասաց. «Մենք՝ պատգամավորներս, ոչ միայն ներկայացնում ենք խորհրդարանը, կառավարությունը, այլև յուրաքանչյուրս ներկայացնում ենք մեր կուսակցությունները և համակարծիք ենք Հայոց ցեղասպանության և ԼՂՀ ճանաչման հարցերում: Ուստի դա ցույց է տալիս, որ ընկերական կերպով կարելի է լուծել այդ հարցերը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ