Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մարկեդոնով. «Ոչ մի ողբերգություն աշխարհաքաղաքական կոնտեքստում տեղի չի ունեցել»

Հուլիս 18,2013 11:08

Հատված Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հարցազրույցից, որը ղեկավարում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի քաղաքական եւ ռազմական հետազոտությունների բաժինը։

– Պարոն Մարկեդոնով, դուք այս պահին Վաշինգտոնում եք, բայց թերեւս ծանոթ եք Պոդոլսկում տեղի ունեցող իրադարձություններին։ Ձեր կարծիքով, դա ինչ-որ ձեւով կազդի՞ հայ-ոուսական հարաբերությունների վրա։

– Ես չեմ համարում, որ դա որոշակի առումով կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Իհարկե, հնարավոր է, որ գտնվեն ուժեր, որոնք այս գործոնը կօգտագործեն իրենց օգտին, բայց ես չեմ կարծում, որ այս իրադարձությունը կարող է ազդեցության վճռորոշ գործոն լինել։ Ռուսաստանի ճանապարհներին օրական տեղի են ունենում հազարավոր ավտոպատահարներ, չեմ կարծում, որ դրանցից յուրաքանչյուրը կապ ունի աշխարհաքաղաքականության հետ։

Տեսակետը, որ Հայաստանին փորձում են ընկճել, որ նա չշարժվի դեպի Եվրոպա, չափից դուրս չափազանցված է։ Մենք այսօր ոչ մի հայտարարություն չենք լսում Պուտինից, Լավրովից կամ Մեդվեդեւից կամ որեւէ մի պաշտոնատար անձից, որ Հայաստանը ասենք թե՝ կպատժվի կամ նման ինչ-որ մի բան, բայց թեման արդեն շահարկվում է շաբաթներ շարունակ։ Ռուսաստանի պաշտոնական դեմքերից ոչ ոք նման բան չի ասել։ Ուկրաինայի պարագայում մենք ունենք որոշակի փաստական հիմք, որը հնարավորություն է տալիս ասել, որ ահա Ռուսաստանը փորձում է ստիպել Ուկրաինային ընտրություն կատարել Եվրոպայի օգտին կամ Ռուսաստանի օգտին, բայց Հայաստանի պարագայում, իմ կարծիքով, ընտրության խնդիր նույնիսկ չկա, որովհետեւ Եվրոպան ոչ մի այսպես ասած, ադեկվատ բան Ռուսաստանի առաջարկածի դեմ չի առաջարկում։ Գուցե նրանք առաջարկեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ինչ-որ նոր սխեմա՞։ Պիտի դիտարկենք Հայաստանի համար առանցքային խնդիրները անվտանգություն, ռազմական գործակցություն, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորում՝ երեք առանցքային խնդիրներ։ Եվրոպան կարող է տալ չլսված, չտեսնված ինչ-որ մի բա՞ն, որը Ռուսաստանը չի տվել կամ չի տալիս։

Իհարկե, Ռուսաստանում շատ շատերին նյարդայնացնում է Հայաստանի համագործակցության փաստը Եվրոպայի հետ, բայց եվրոպական գործընկերության ծրագիրը մեկնարկել է 2004 թվականին։ Գրեթե տասը տարի է, Հայաստանը գործակցում է Եվրոպայի հետ։ Դեռեւս 2006 թվականին է Արթուր Բաղդասարյանը հայտարարել, որ Ռուսաստանը չպետք է խանգարի Հայաստանի մերձեցմանը Եվրոպայի հետ։ Այս խնդիրը քննարկվում է տարիներ շարունակ, ինչ է, եթե Հայաստանը վաղը հրաժարվի այդ ծրագրի իրագործումից, նա ընդհանրապես պետք է դադարեցնի՞ շփումը Եվրոպայի հետ։

Կամ եթե Ռուսաստանը սկսի ընկերություն անել Ադրբեջանի հետ, ինչ է, Ադրբեջանը պետք է շփումը դադարեցնի՞ Եվրոպայի հետ։ Ո՞վ է դադարելու շփվել Եվրոպայի հետ, ասեք խնդրեմ։

Բելառուսը, ի դեպ, նույնպես Եվրոպական գործընկերության ծրագրի անդամ է՝ միութենական պետության հիմնական բաղադրիչներից մեկը, որը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը։

Գիտեք, այս ամենին պետք է վերաբերվել առանց զգացմունքայնության։ Եւ Երեւանը, եւ Մոսկվան, ցանկացած երկիր ունի իր շահը, յուրաքանչյուր երկիր այն ինչպես կարողանում է, այնպես պաշտպանում է։ Երբեք Հայաստանի շահերը 100 տոկոսով չեն համընկնի Ռուսաստանի շահերի հետ եւ հակառակը։ Ռուսաստանը իր շահերն ունի նաեւ Ադրբեջանի հետ, ինչու ոչ՝ տնտեսական, անվտանգության հարցեր եւ այլն։

Ռուսաստանը չի կարող Ադրբեջանին անտեսել, այն նույնպես կարեւոր գործընկեր է։ Երեւանում հո չե՞ն ասում ամերիկացիներին, այ, դուք՝ ամերիկացիներ, թողեք Ադրբեջանին եւ եկեք, մեզ հետ ընկերություն արեք։ Իսկ ինչո՞ւ պետք է Ռուսաստանին այդպիսի խնդիրներ առաջադրեն։ Ոչ մի ողբերգություն աշխարհաքաղաքական կոնտեքստում տեղի չի ունեցել, քանի դեռ առաջին դեմքերը ոչ մի, այսպես ասած, սարսափելի թեզիսներ առաջ չեն քաշել ու սովորական ավտոճանապարհային պատահարը պետք չէ քաղաքականացնել։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031