Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքացիական հասարակության մտածած ու իրագործած ակցիայից կարող է տուժել ավելի շատ մարդ, քան ապրում է Հայաստանում

Հուլիս 18,2013 10:34

Լռել է պետք, քանի որ ողբերգական միջադեպը հենց մեր լուռ գործն է պահանջում: Հայաստանի քաղաքացի Հրաչ Հարությունյանի հետ մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը մեկտեղեց մեր քաղաքացիական հասարակություն կոչվածի բոլոր հիվանդությունները:
Նախՙ ինչ-որ մեկը այդ հասարակության մեջ, կամ այդ հասարակությունը սնող, ամեն կերպ եւ ամեն ինչից փորձում է հիմնավորել Հայաստանում արդեն իսկ մեկնարկած հակառուսական տրամադրությունները: Երեւակայությունը այնտեղ է հասել, որ ՀՀ քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպը փորձում են դիտարկել հայ-ռուսական միջպետական հարաբերությունների վերջին ժամանակների իրադրությամբ: Այսինքնՙ Հրաչ Հարությունյանը նման աղմկահարույց պատմության մեջ ընկավ այն բանից հետո, երբ «հայերը շարժվեցին դեպի Եվրոպա` նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիր, ռուսները բարձրացրին Հայաստան եկող գազի գինը, զենք վաճառեցին Ադրբեջանին…», հետեւաբարՙ ՀՀ քաղաքացուն ռուսական դատարանում նվաստացնելը «եւս ճնշում է ՀՀ իշխանություններին»: Ի դեպ, երեկ ՌԴ երեւանյան դեսպանատան առջեւ բողոքի ցույցի ելած ցուցարարների թվում Հրաչ Հարությունյանի քույրը հայտարարեց. «Իմ եղբորը չեն խալաթ հագցրել, Հայաստանի իշխանություններին են խալաթ հագցրել»: Ֆեյսբուքի օգտատերերից մեկն էլ հիշյալ թեմայով քննարկման ժամանակ ընդգծեց. «Ախր վերջապես ե՞րբ պետք է հասկանանք, որ ռուսները մեր թշնամիներն են»:
Երեւանից դուրս եկող եւ դեպի երկրի հյուսիսային` հայ-վրացական սահմանը հասնող ճանապարհին մեծ ավտոբուսը լեփլեցուն էր: Տրամաբանական էՙ ՀՀ քաղաքացիներով: Ավտոբուսի վրա գրված էր` «Երեւան-Մոսկվա»: Հետեւաբարՙ եթե «այսքանից հետո» Հայաստանից ՀՀ քաղաքացիներով լեցուն ավտոբուսը գնում է Ռուսաստան, ուրեմն այդ երկիրը մեզ համար թշնամի չէ: Բայց սա անգամ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ Հայաստանի այսպես կոչված քաղաքացիական հասարակության` կայծակնային արագությամբ մտածած ու իրագործած ակցիայից կարող է տուժել ավելի շատ մարդ, քան ապրում է Հայաստանում: Ռուսաստանում, հիշեցնենք, ապրում է 2 մլն հայ, նրանց մի զգալի մասը ՀՀ քաղաքացի է, նրանք, փաստորեն, այսօր ապրում են մի երկրում, որը «մեզ հետ թշնամաբար է վարվում», եւ որտեղ մեկ այլ ՀՀ քաղաքացի անզգուշաբար պատճառ է դարձել 18 հոգու մահվան. տասնյակ միլիոն մարդ սպանած Ստալինն ասում էր. «Մի ժողովրդից 15 հոգի սպանելը կոչվում է ցեղասպանություն»: Հասկանալի է, որ Հարությունյանը դա կատարել է չուզենալով, դժբախտաբար, ակամա, բայց նա դա արել է… Եվ ռուս ժողովուրդը իրավունք ունի ատելու նրան, հասկանալու նրան` որպես մարդու, ով եկել է Ռուսաստան աշխատելու, բայց ատելու նրան. զոհվել է 18 հոգի, ՌԴ 18 քաղաքացի էլ չկա, իսկ մենք խոսում ենք մեկ ՀՀ քաղաքացու մասին, եւ եթե մենք դրա իրավունքն ունենք եւ ունենք, ապա ռուսները եւս ունեն իրավունք խոսելու իրենց քաղաքացիներից:
Հետեւաբարՙ որքան շարունակվեն այս աղմուկն ու ակցիաները ՌԴ դեսպանատան առջեւ (ի գիտություն այնտեղ հավաքվող ցուցարարների, ՌԴ դեսպանը Երեւանում վաղուց արդեն պարոն Կովալենկոն չէ, հետեւաբար պետք չէ նրա անունով հասցեագրել իրենց «պաշտոնական նամակը»), այնքան վտանգ կա, որ մոսկովյան Մանեժնայա հրապարակում, օրինակ, որտեղ վերջերս ռուս ազգայնականների ու կովկասցիների հերթական բախումներն էին` կապված Մոսկվայի «Սպարտակ» ակումբի երկրպագուի սպանության հետ, կհավաքվեն ռուս ազգայնականները. «մահացել են ռուսներ, նրանց սպանել է «ինչ-որ հայ», հայերը Հայաստանում մեր դեսպանին են խալաթ տարել, բայց հայերը` անօգնական, առանց փաստաթղթերի, առանց բնակության մշտական վայրի հայերը նաեւ այստեղ են, հետեւաբար… Ռուսաստանը ռուսների համար է»:
Մոսկվայում եւս կան ու շատ կան մարդիկ, ովքեր, մեղմ ասած, չեն ողջունում ազգայնամոլությունը, ծայրահեղությունը եւ ՀՀ քաղաքացու հետ տեղի ունեցածը դատարանում… Եվ եթե անգամ, ինքնին ոչ նվաստացուցիչ, բայց կովկասցի տղամարդու հագին` նվաստացուցիչ կանացի ծաղկավոր խալաթը հագցնելով ՀՀ քաղաքացուն, ռուսները հենց միտում են ունեցել նվաստացնելու նրան, անհրաժեշտ է այս հարցում լուռ գործել: Աղմուկը բարեկամներին դարձնում է թշնամի, իսկ թշնամիներին հեռացնում է բարեկամ դառնալու հույսից անգամ:
Հովիկ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nara says:

    Իսկ չեք կարծում, որ մենք շատ երկար ենք լուռ գործել, ձայնազուրկի կարգավիճակով և դա ոչ մի լավ բանի չի բերել, ճիշտ հակառակը, մեր լռությունն ընկալվել է որպես համաձայնություն և բերել է նրան, որ կարծել են թե մի բան էլ քիչ են մեզ հարվածել ու ստորացրել: Այնպես որ պետք չէ լռել, հակառակը պետք է բարձրաձայնել և ահազանգել, իհարկե հավասարակշռված և առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու:

  2. Կարապետ says:

    Որքանով որ ես հասկացա, հեղինակն առաջարկում է ոչխարի պես գլուխներս կախ ապրել և համակարպվել ամեն տեսակ ստորացման հետ, որովհետև Ռուսաստանում 2 միլիոն հայ է ապրում: Հանկարծ չնեղացնենք մեր տիրակալին, թե չէ ռուս ազգայնականները կջղայնանան:
    Ինչ վերաբերվում է խոպան գնացողներին, հեղինակին հարկ է հիշեցնել, որ բաքվում բազմաթիվ հայեր են բնակվել, բայց դրանով ադրբեջանը չի դարձել բարեկամ երկիր: Թուրքիայում ապրում են հայեր, իսկ այստեղից անթալիա հանգստանալու գնացողների պակաս կարծես թե չկա: Եվ ի՞նչ: Թուրքիան բարեկամ երկի՞ր է:
    Ցավում եմ, որ նման մարդկանց թույլ են տալիս հոդվածներ գրել, և դրանք հրապարակում են մամուլում կամ եթեր տալիս, մարդկանց մեջ սերմանելով ստրուկ լինելու «առավելությունները»:
    Ստրուկ ծնվածը ստրուկ էլ կմեռնի:

  3. Artur says:

    Ես խորհուրդ կտայի Աֆյան Հովիկին չշփոթել ցուցամատը մարմնի մեկ այլ օրգանի հետ, հիշել, որ մարդ մինչև ինքն իրեն չհարգի, պարզապես չի կարող պահանջել դա դիմացինից, և ամենակարևորը` այդ չարաբաստիկ ծաղկավոր խալաթը ճակատագրի հեգնանքով մի օր էլ իրեն կամ իր մերձավորին են հագցնելու… Ինչ վերաբերվում է նրա “անհանգստությանը” ռուստանաբնակ մեր հայրենակիցների վերաբերյալ, դա ուղղակիորեն վկայում է այդ երկրում գործող հիմնական` բանդիտական օրենքների ու բարքերի մասին: Ընտրությունը հետևյալն է` կամ ազգովի պետք է հագնել այդ ծաղկավոր խալաթը, կամ արժանապատվորեն մերժել այն…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031