«Իր յուրահատկության մեջ շատ ընդունված ծրագիր չէ այն, ինչ ներկայացնում ենք: Առաջին գործը տրիո է, որը ես գրել եմ 2000թ.-ին նվիրելով իմ մեծ բարեկամ Ալֆրեդ Շնիթկեի հիշատակին»,-այսօր Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի շրջանակներում կայացած մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոյի ժամանակ նշեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Մաեստրոյի խոսքով, երեկոյի ընթացքում կհնչեն չորս հայրեններ ալտի եւ դաշնամուրի համար, չորս հայրեններ սոպրանոյի եւ դաշնամուրի համար, մադրիգալ համար 3 ալտի, դաշնամուրի, ֆլեյտայի, թավջութակի համար եւ մադրիգալ համար 3 ձայնի համար: Քուչակյան չորս հայրենները կոմպոզիտորի այն գործերից են, որոնց բովանդակության խորացումն իրականացվում է բնորոշ արտահայտչամիջոցների օգնությամբ.
«Իմ համոզմունքն է, որ ամեն մարդ աշխարհ գալիս իր բաժին հարցերն է ստանում: Ոմանց համար ստեղծագործելը լոկ այդ հարցերին պատասխանելն է: Ես իմ ստեղծագործությամբ աշխատում եմ հարցեր ավելացնել: Արվեստը պետք է հարցեր ծնի, հարցեր առաջացնի»:
Դաշնակահար Ջուլիետա Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մեծ բավականությամբ է կատարում մաեստրոյի ստեղծագործությունները.
Կարդացեք նաև
«Որպես մասնագետ հիաշքանչ մասնագետ է, իսկ որպես մարդ հիանալի անձնավորություն: Կա պրոֆեսիոնալների մի հատված, ովքեր քաջատեղյակ են հայ կոմպոզիտորներից, սակայն կան նաեւ մարդիկ, ովքեր անգամ անուններ չեն լսել, ուր մնաց երաժշտություն: Դասական երաժշտությունն այսօր շատ լավ է ընդունվում, հանդիսատեսին առաջին հերթին ես տալիս եմ իմ կոմպոզիտորի գրածը, հետո իմ զգացողությունները»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ