Այսօր «Հայազնի» անդամները ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին արդարացնելու պահանջով: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը դարձել էր ՌԴ-ում 18 մարդու մահվան պատճառ եւ նրան դատարան էին բերել կանացի ծաղկավոր խալաթով:
Aravot.am-ի հետ զրույցում «Հայազնի» անդամ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ եթե ռուս լիներ վարորդը, համենայնդեպս նման ձեւակերպումներ իր հասցեին չէին հնչեցնի` մարդասպան վարորդ չէին ասի. «Այդ արտահայտության օգտագործումն արդեն ինքնըստինքյան նողկալի է եւ ցույց է տալիս, որ հանրության մեջ ատելություն է սերմանվում: Եկեք չմոռանանք, որ այնտեղ շատ հայեր են ապրում, եւ նրանց վիճակը այդ մթնոլոտում, որտեղ որեւէ պաշտպանություն չկա, իրենք փաստորեն ազգային հայրենիք չունենա, ի տարբերություն վրացու, հրեայի, նրանց վիճակը իհարկե շատ ծանր կլինի: Նրանք պետք է իմանան, որ իրենք պաշտպանված են` որտեղ էլ, որ ապրեն: Չնայած մենք, որպես հայազնականներ, դեմ ենք արտագաղթին եւ կոչ ենք անում բոլորին մնալ հայրենիքում եւ մեր արժանապատիվ կյանքը կազմակերպել հայրենիքում: Որքան էլ դա դժվար է, մենք գտնում ենք, որ դա հնարավոր է»:
Ֆեյսբուքում այս օրերին նաեւ բուռն քննարկվում է այս տարբերակը`ժողովուրդ, եթե Հայաստանում նման դեպք լիներ եւ հայերին վթարի ենթարկած լիներ այլազգի մեկը, ինչպիսի՞ն կլիներ մեր վերաբերմունքը: Մեր այս դիտարկմանը Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Այն պահից, երբ ցանկացած հանցագործ` ամենանվաստ, ստոր հանցագործը կանխամտածված մանկապիղծը, մարդասպանը ընկնում է պետության ձեռքը, պետությունը նրա հետ պետք է վարվի որոշակի պրոցեդուրաներով: Դա քաղաքակրթության նորմ է: Հանրության մոտ կարող է անգամ ինքնադատաստանի ցանկությունն առաջանա: Հիշեք Գյումրիի դեպքը, երբ ռուս սպաները գնդակահարել էին մարդկանց: Ասում են` տեղում այդպիսի տրամադրություններ կային, բայց ի՞նչ արեց պետությունը` ձերբակալեց, մեղավորներին անջատեց ամբոխից եւ նրանք արդար դատավճռի արժանացան: Նորմեր կան քաղաքակրթության, որը պետությունը բանդայից տարբերում է: Այն, ինչ արեցին Հրաչյայի նկատմամբ, դա բանդայի պահվածք էր, դա պետության պահվածք չէր: Հանրության մեջ այո, կարող էր նաեւ ատելության դրսեւորում լիներ, բայց չպետք է հրահրեին դա: Մարդկայնորեն մենք առաջին հերթին ցավակցում ենք զոհերի հարազատներին եւ ամեն ինչ հասկանում ենք, բայց նա պետության ձեռքում է, ժողովրդի ձեռքում չէ: Նրան պետք չէ նվաստացնել, ոչնչացնել: Նրա համար պետք է արդար քննություն լինի եւ արդար դատ»:
Այն, որ ԱԳՆ-ի հաղորդմամբ`քննիչներն ասել են, որ Հրաչյա Հարությունյանին հագուստ դատարանում հարկավոր չէր, անհրաժեշտ չէր` Արմեն Հովհաննիսյանն ասաց. «Իրենց էլ երեւի հագուստ գործի գնալուց պետք չի: Իրենք երեւի տանը ինչով լինում են, ինչպես արթնանում են, գնում են դատախազություն` աշխատանքի: Երեւի այդպես է, Ռուսաստանի բարքերին մի քիչ հետ եմ վարժվել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ինչպես՞ եղավ, որ հիվադանոցի տնօրինությունը,ոստիկանությունը,դատախազությունը և դատարանը թույլ տվեցին մարդուն այդպիսի նվատացուցիչ վիճակում և հոգեկան ծանր ապրումներով դատարան բերեն։ Պարզ է, որ նպատակ ունեին վարկաբեկելու կովկասցիներին և հատկապես հայերին։ Մենք չպետք է լռենք, չպետք է թույլ տանք, որ ” մեր մեծ եղբայրը” մեզ ապտակի։