2012թ. ապրիլի 25-ին Aravot.am-ը տեղեկացրել է, որ այդ օրն առավոտյան Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի ծայրին «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով ճանապարհից՝ հարվածել է քարին եւ շրջվել:
Նոյեմբերյանի բնակիչ, 1975թ. ծնված Սասուն Խաչիկյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա վարելով իրեն պատկանող ավտոմեքենան, ճանապարհային երթեւեկության անվտանգությանը հակասող գործողություններ է կատարել, որի հետեւանքով մեքենայի ուղեւորը՝ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սմբատ Գուլքանյանը տեղում մահացել է: Սասուն Խաչիկյանը վթարի հետեւանքով վնասվածքներ է ստացել, տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ: Ավտովթարից զոհված Ս. Գուլքանյանը Սասուն Խաչիկյանի քենակալն էր, Նոյեմբերյանի փրկարար ծառայության աշխատակից: Ս. Խաչիկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 242 հոդվածի 2-րդ մասով («Ճանապահային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ»):
Դատաքննության ընթացքում վկաների տված ցուցմունքներով, ինչպես նաեւ այլ ապացույցներով հիմնավորվել է, որ վթարի ենթարկված մեքենայի ղեկին եղել է ոչ թե դրա սեփականատեր Սասուն Խաչիկյանը (նա վարորդի կողքի նստատեղին քնած է եղել) այլ՝ Սմբատ Գուլքանյանը: Երկու քենակալները մտերիմ էին, նրանք վաղ առավոտյան վերադառնում էին Իջեւան քաղաքից՝ Սասուն Խաչիկյանի քեռու տնից: Նրանք նախօրեին ուշ գիշերով Նոյեմբերյանից Իջեւան էին մեկնել, որպեսզի նախկինում Սմբատ Գուլքանյանի կողմից վարած եւ վնասված այդ նույն ավտոմեքենայի համար պահեստամաս դռներ բերեին:
Կարդացեք նաև
Սասուն Խաչիկյանը մեզ ասաց, որ Aravot.аm-ում մեր կողմից հրապարակված լուսանկարները եւս օգնել են բացահայտելու ճշմարտությունը, թե վթարի ժամանակ ով է եղել «Ժիգուլու ղեկին»:
2013թ. հուլիսի 4-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Սասուն Խաչիկյանին առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ եւ արդարացնել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հայկական ոստիկանության ոչ–կոմպետենտությանը սահման չկա։