Մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում «Երևան սիթի տուր» ծրագրի միջոցով 2013 թվականի մայիսից մինչև հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրից օգտվել է շուրջ 1400 զբոսաշրջիկ: Ի դեպ, այս տարի «Երևան սիթի տուր»-ը աշխատանքն սկսել է մայիսի 1-ից: Միայն հունիս ամսվա ընթացքում զբոսաշրջային երթուղու ավտոբուսներով շրջել և մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձաններին ու տեսարժան վայրերին ծանոթացել են 450 անձինք: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը 411 էր:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը տեղեկացրել է, որ ծրագրից օգտվողների զգալի մասը օտարերկրյա զբոսաշրջիկներն են: «Երևան սիթի տուր»-ը նաև սփյուռքահայ և ՀՀ մարզերից Երևան այցելած շատ մարդկանց զբոսաշրջային քարտեզում է:
Շուրջ 2 ժամ տևողությամբ մայրաքաղաքային էքսկուրսն ընդգրկում է 8 կանգառ: Մայրաքաղաքի վերաբերյալ մատուցվող տեղեկատվությանը զբոսաշրջիկները ծանոթանում են 6 լեզվով:
Երևան այցելել պատրաստվող և արդեն իսկ մայրաքաղաք այցելած բոլոր այն անձինք, ովքեր ցանկություն ունեն շրջել «Երևան սիթի տուր» ծրագրի ավտոբուսներով, առավել մանրամասն տեղեկատվություն այդ մասին կարող են ստանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն