Հատկապես ամռանը սեռավարակներն ավելի են տարածվում: Այսօր «Հայելի» ակումբում ասացին սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը եւ գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը: Ըստ նրանց, ամռանը, մյուս գայթակղություններին զուգահեռ, ակտիվանում է նաեւ հասարակական կյանքը՝ հանգստի տեսքով:
Վրեժ Շահրամանյանի խոսքերով, ամառային հանգստի հետեւանքները նկատելի են դառնում աշնանը. «Շատ դեպքերում հանգիստը ուշադրության չի արժանանում բժշկական տեսանկյունից: Ամեն ինչ, որպես կանոն, սկսվում է հանգստավայրից, որտեղ տեղի են ունենում ծանոթություններ եւ որոնք շատ դեպքերում ուղեկցվում են սեռական հարաբերություններով: Դրանք հաճախ լինում են չպաշտպանված ու հղի են մի շարք բացասական հետեւանքներով: Մյուսը՝ որոշ հանգստավայրերի հիգիենայի խնդիրն է, որը նույնպես հետագայում կարող է մի շարք հետեւանքների պատճառ դառնալ, ինչը մենք նույնպես նկատում ենք աշնանը: Այսինքն, ամառային, եթե կարելի է այսպես ձեւակերպել, թեթեւամիտ վերաբերմունքը եւ մոտեցումը աշնանը տալիս է իր ծիլերը, ինչը մենք տեսնում ենք դիմելիության աճի եւ սեռավարակների տեսակետից»:
Նա խորհուրդ է տալիս ամռանը հանգստանալիս խուսափել պատահական հանդիպումներից եւ ծանոթություններից, հակառակ դեպքում` զգոն լինել եւ պաշտպանվել: Ըստ պարոն Շահրամանյանի շատերը սրան մատների արանքով են նայում եւ մտածում են, որ իրենք կխուսափեն այդ խնդիրներից: Լիլիթ Կուջոյանն էլ ներկայացրեց առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից մշակված ծրագիրը, որը սեռավարակներից պաշտպանվելու մեթոդներն ու նրանց դեմ պայքարելու ձեւերն է քարոզում:
«Այդ կանխարգելիչ մեթոդներում, առաջին հերթին, պետք է ներառենք կանանց եւ տղամարդկանց պահպանակները: Երկրորդը, պետք է նշեմ, որ պարտադիր պետք է հետեւել անձնական հիգիենայի կանոններին, սեռավարակներ առաջացնող միկրոբները սիրում են ջրային միջավայրեր: Այսինքն` խոնավ սրբիչները, լողազգեստները ստեղծում են նպաստավոր պայմաններ հարուցիչների փոխանցման համար»,-ասաց Լ. Կուջոյանը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ պահպանակները ոչ միշտ են արդյունավետ եւ կարելի է օգտագործել նաեւ հականեխիչ նյութեր, որոնք նույնպես հանդիսանում են պաշտպանություն սեռավարակների փոխանցման համար:
Ըստ գինեկոլոգի, ԱՀԿ-ի կանխարգելիչ միջոցառումների մեկ այլ կետով էլ խորհուրդ է տրվում ժամանակին կատարել պատվաստումներ` տարբեր վարակների դեմ: Ըստ նրա, կոնկրետ պապիլոմա վիրուսի պատվաստումը պետք է անել աղջիկներին, որոնք դեռ չեն ապրում սեռական կյանքով:
Վրեժ Շահրամանյանը հավելեց, որ հայերի մոտ չի արմատավորվում այն սկզբունքը, որ սեռական ֆունկցիան զույգային ֆունկցիա է. «Եթե կնոջ մոտ կա խնդիր, բնականաբար տղամարդն էլ պետք է անցնի համապատասխան ստուգում: Զույգը ապրում է մի քանի տարի եւ ունի անպտղության խնդիր: Կինը տարիներ ի վեր դիմում է բժիշկներին եւ մեղադրում է, որ սա անհաջող բուժում է: Բայց մի հասարակ բան կա, եթե կնոջն ուղարկել են ստուգվելու, անպայման պետք է տղամարդուն էլ ուղարկել, չէ՞ որ բեղմնավորումը զույգային պրոցես է»:
Անի ՔԵՇԻՇՅԱՆ