Լրահոս
Օրվա լրահոսը

Հնոտիների շուկայի վաճառականները չեն ուզում տեղափոխվել Հարավ-Արեւմտյան թաղամաս

Հուլիս 17,2013 16:16

 «Քաղաքապետարանի հետ համագործակցությունը դեռ նոր է սկսվում: Ազգային ժողովում էլ «Ժառանգության» համագործակցությունը միանգամից չսկսվեց: Ժամանակ է պետք. այնտեղ կայացավ՝ այստեղ էլ կկայանա: Մենք, օրինակ, քաղաքապետին ուղղված բոլոր նամակների տակ գրում ենք՝ շնորհակալություն համագործակցության համար: Դեռ չկա այդ համագործակցությունը, դեռ արդյունքները չեմ տեսնում, բայց վստահաբար, այն կլինի: Մեզ ասում են՝ եկեք միասին աշխատենք եւ այլն, բայց առայժմ չկա արդյունքը»,- Երեւանի ավագանու փոքրաթիվ «Բարեւ, Երեւան» խմբակցության եւ ՀՀԿ-ական մեծամասնության, ինչպես նաեւ՝ քաղաքապետարանի միջեւ համագործակցությունն այսպես ներկայացրեց այսօր «Բարեւ Երեւանի» անդամ Անահիտ Բախշյանը:

Որպես նոր սկսվող համագործակցության օրինակ տիկին Բախշյանը նշեց հնոտիների շուկայի՝ «Քրջի բազարի» տարածքի հարցը: Ինչպես հայտնի է, նախկինում այդ շուկան տեղակայված էր «Դինամո» մարզադաշտի հարեւանությամբ: Հարեւանների բազմաթիվ բողոքներից հետո՝ հնոտիավաճառներին այնտեղից հանեցին: Այսօր նրանք իրենց շուկան տեղակայել են Վերնիսաժի տարածքում՝ հարուցելով այդտեղ իրենց ստեղծագործությունները վաճառքի հանած արվեստի եւ արհեստի մարդկանց դժգոհությունը:

Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ «Բարեւ Երեւանի» անդամների ներկայությամբ հանդիպել է հնոտիավաճառներին եւ տարածք առաջարկել Հարավ-Արեւմտյան թաղամասում:

Տիկին Բախշյանն ասում է, որ ինքն անձամբ գնացել եւ տեսել է այդ տարածքը՝ «բավականին հարմար է», սակայն հնոտիավաճառները չեն համաձայնվել այնտեղ տեղափոխվել: «Նրանք ասում էին, թե՝ հողածածկ է, հարմար չէ: Ես հարցրեցի Դավիթ Օհանյանին՝ կասֆալտապատե՞ք, նա ասաց՝ երեք օրում կլուծենք ասֆալտի հարցը, բայց բնակիչները, միեւնույն է, չեն ուզում տեղափոխվել: Մենք չենք կարող այլ տարածք առաջարկել՝ մենք այդ իրավասությունը չունենք, մենք քաղաքապետարան չենք: Բայց մենք կարող ենք միջնորդել, որ քաղաքապետարանի աշխատակիցները եւ ժողովուրդը նստեն մի սեղանի շուրջ եւ քննարկեն»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031