«Մենք պետք է վերանայենք ԵՊՀ-ում պահվող համամարդկային մնացորդները: Այդ սահմանագծի ներսում անցկացնում ենք սեմինար, մտածում ենք, թե ինչպես ավելի լավ պահպանել Հայաստանի ժառանգությունը, հավաքածուները, ինչպես մարդկային, այնպես էլ բույսերի, կենդանիների եւ քարերի մնացորդները»,-այսօր «Հայաստանի հնակենսաբանական և հնէաբանական հավաքածուների ներկան ու ապագան» թեմայի շուրջ Aravot.am-ի հետ զրույցում նշեց Թալսայի Մարդաբանության համալսարանի դոցենտ Միրիամ Բելմակերը:
Նրա պնդմամբ՝ աշխատելով մշակույթի նախարարության, Հնէաբանության ինստիտուտի եւ ԵՊՀ-ի Երկրաբանության ֆակուլտետի հետ, սովորեցնում են ուսանողներին նոր մեթոդներ, թե ինչպես պահպանել, անվնաս պահել հանածոները եւ հավաքածուները.
«Ամենակարեւոր նպատակն է ստեղծել տեղեկատվական դաշտ, որի շնորհիվ կպահպանվեն եւ կվերանայվեն այս չլուծված հարցերը: Սա Հայաստանի ժառանգության մի մասն է կազմում` կորուստը համամարդկային կլինի»:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ-ի պատմության ամբիոնի դասախոս, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ագգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռուզաննա Մկրտչյանը տեղեկացրեց, որ գիտական շրջանակների դաշտում ամերիկացի գործընկերների հետ շուրջ 3 շաբաթ աշխատել են.
«Ցանկանում ենք պահպանել, ֆոնդավորել, համալրել եւ թանգարանավորել ոսկրաբանական նյութը, որը, ըստ էության, Հայաստանում չի արվում: Կենսահնագիտական նյութը արժեք ունի եւ պարունակում է գիտական մեծ տեղեկատվություն: Գիտության եւ կրթության սխալ կազմակերպում կա, մենք հետաքրքիր այս աշխատանքների մեջ չենք ներգրավում երիտասարդ գիտաշխատողների, ուսանողների: Հնագիտության ինստիտուտում նման ժողովներին շատ լավ են վերաբերվում ու կարեւորում են, բայց մարդաբան լինելով, կարծում եմ, որ այսօր լավ չեն վերաբերվում ոսկրաբանական նյութին»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ