Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի՝ Երեւանի քաղաքապետին հղված 43 նամակներից մեկը վերաբերվում էր այս տարվա բյուջեով նախատեսված Երեւանում թեքահարթակների կառուցմանը: Ինչպես այսօր «Հայացք» ակումբում ասաց «Բարեւ Երեւանի» անդամ Անահիտ Բախշյանը՝ դաշինքը քաղաքապետից հետաքրքրվել էր բյուջեով նախատեսված 200 մլն դրամով ընդամենը 100 թեքահարթակ կառուցելու, այդ թեքահարթակների նախատեսված վայրերի, յուրաքանչյուր թեքահարթակի կառուցման արժեքի եւ այլնի մասին: Պատասխանը եկել էր, որ իրականում նախատեսված է կառուցել կրկնակի՝ 196 թեքահարթակ, որոնցից 7-ը՝ Գրիգոր Լուսավորիչ պողոտայի վրա, արդեն պատրաստ են: Տիկին Բախշյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է հետքերով գնալ եւ տեսնել՝ իրո՞ք դրանք նոր թեքահարթակներ են, թե՞ վաղուցվա կառուցված են, որոնք ուզում են ներկայացնել որպես նորակառույց:
Նման կասկածներ տիկին Բախշյանը, բնականաբար, ունի, քանի որ տեսել է, որ համեմատաբար բարվոք վիճակում գտնվող, առանց լուրջ դարուփոսերի Բագրատունյաց եւ Արշակունյաց փողոցների ասֆալտապատման համար մեծ գումարներ են դուրս գրվել: Այնինչ այդ փողոցներում ընդամենը ասֆալտը քերում են եւ վրայից նորից քսում՝ «շատ անարդյունավետ ծախս է, եւ չեն էլ գրել, թե ինչքան են ծախսել դրա վրա: Այնինչ ես բազմաթիվ բնակիչներից ստացած հասցեներ եմ տվել իրենց, որտեղ իսկապես ասֆալտապատման կարիք կա»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ