Հուլիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրավերով կայացավ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան ՝ Ն.Գ. Տրայան Հրիսթայի հետ հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՀՀ ՍՆ սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի անդամներ:
Սփյուռքի նախարարը ներկայացրեց Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշխանությունների դիրքորոշումն ու իրականացված ծրագրերը: Նախարարը մասնավորապես անդրադարձավ ՀՀ իրավական ակտերում իրականացված փոփոխություններին, կրթության, առողջապահության, գործարարության ոլորտներում, ինչպես նաև՝ աշխատանքով և կացարաններով ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին:
Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի հիմնադրման ծրագիրը, որը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի համաձայն՝ արդեն մեկնարկել է և դրա վերաբերյալ ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը: Թաղամասը կառուցվում է ՀՀ մշտական բնակության տեղափոխված սիրիահայերի համար: Ծրագիրն իրականացվելու է պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ:
ՀՀ սփյուռքի նախարարը շեշտեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրերը 2012-2013 թվականների ընթացքում իրականացվել են հիմնականում պետական բյուջեի շրջանակներում և համահայկական կազմակերպությունների աջակցությամբ և դիմեց ԵՄ պատվիրակության ղեկավարին՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ծրագրերը, մասնավորապես բնակարանաշինության ծրագիրը ԵՄ-ի կողմից համաֆինանսավորելու խնդրանքով՝ քաղաքացիական պատերազմի հետևանքով հարկադրաբար երկրից այլ պետություններ արտագաղթած Սիրիայի քաղաքացիներին հատկացվող հսկայածավալ գումարների շրջանակներում: Հաշվի առնելով Հորդանանում, Լիբանանում և Թուրքիայում ապաստանած սիրիացիների աջակցության փորձը, որի շրջանակներում միլիոնավոր դոլարներ են հատկացվել նշված երկրներին:
Կարդացեք նաև
Հրանուշ Հակոբյանը Տրայան Հրիսթային հանձնեց նաև տեղեկանք սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, առկա հիմնախնդիրների և դրանց լուծման մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաև՝ աջակցության խնդրանքով գրություն:
Հաջորդ կարևոր հարցը, որին անդրադարձավ նախարարը Սիրիայում և հատկապես Հալեպում տիրող ճգնաժամային իրավիճակն է: Երկրի երբեմնի տնտեսական մայրաքաղաքը մոտ 10 օր գտնվում է շրջափակման մեջ և հոսանքազրկված, որի հետևանքով առաջացել է սննդամթերքի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի սուր պակաս: Քաղաքի բնակիչները կարող են մատնվել սովի: Ուստի վտանգված է քաղաքացիների, այդ թվում հայության ֆիզիկական գոյությունը:
Նախարարը դիմեց Տրայան Հրիսթային՝ խնդրելով բարձրացնել Հալեպի շրջափակման վերացման, երկրում կայունության հաստատման հարցերը, ինչպես նաև՝ մարդասիրական օգնությունը Սիրիայի խաղաղ բնակչությանը հասցնելու անհրաժեշտությունը Եվրոպական Միության անդամ երկրների և միջազգային կառույցների առջև:
ԵՄ պատվիրակության ղեկավարը իր կարեկցանքը հայտնեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնեց նշված խնդիրները բարձրաձայնել համապատասխան մարմիններում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ